Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:00 10-10-2022

Պարոնայք ու մի տիկին, մի բան ասեք Ձեր հետևորդներին․ շահերի բախո՞ւմ, բարեվարքությո՞ւն․․․չէ՛․․․չե՛նք լսել

Ինչպես հայտնի է, իշխող քաղաքական մեծամասնության կողմից ԲԴԽ անդամ են ընտրվել Արդարադատության նախկին նախարարն ու իր տեղակալը։ Երկուսն էլ ընտրվել են Սահմանադրության դրույթների էական շրջանցմամբ, ինչի մասին տևական ժամանակ է մամուլում հրապարակումներ են արվում՝ սկսած անհրաժեշտ ստաժի հարցից մինչև ապաքաղաքական, անկուսակցական լինելու սկզբունք։ Բայց վաղուց արդեն Հայաստանում ոչ մեկին չես կարող սաստել կամ վախեցնել իշխանության հովանավորությամբ իրականացվող որևէ անօրինակություն բացահայտելով։ Նման խնդրահարույց ընտրությամբ ԲԴԽ գործուղվածները գնում են արդարադատություն իրականացնողներին դատելու, դատարանների անկախությունը պաշտպանելու։

Ինչևէ, Oragir.news-ը դեռևս օրեր առաջ հարցում էր ուղարկել Արդարադատության նախարարություն՝ հույսով, որ Կարեն Անդրեասյանը կպատասխանի այդ հարցերին, ինչը, բնականաբար, չեղավ։ Այս հարցերին այս կամ այն չափով Անդրեասյանը անդրադարձել է, բայց այդ պատասխանները ամենևին էլ չեն բավարարում մեզ, ուստի հարկ ենք համարում նաև հրապարակավ հղել մեր հարցերը (տես ներքևում)։

Բացի ԲԴԽ նորընտիր անդամից՝ ցանկանում ենք այս հարցերը հղել նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանին՝ պարզելու՝ արդյոք նա շահերի բախում չի տեսնում, և ինչպես է գնահատում Անդրեասյանի բարեվարքությունը։

Մասնավորապես՝ ինչպե՞ս կարող է երկրում ամենամեծ իրավաբանանական գրասենյակներից մեկի սեփականատերը լինել ԲԴԽ նախագահ, մյուս սեփականատերը՝ Արդարադատության նախարարի պաշտոնի հավակնորդ։ Արդյո՞ք սա ակամայից ազդակ չէ քաղաքացիներին, որ դիմեք AM, Ձեր հաղթանակները ապահովված են, էլ չասած, որ այս իրավաբանական ընկերությունը ինդուլգենցիա կստանա մյուսների համեմատ։

Ավելին, տպավորություն է, որ վերադառնում ենք միջազգային իրավունքում և ոչ վաղ անցյալում նաև Հայաստանում տարածված գլխավոր փաստաբանների մոդելին՝ այն ընտրյալներին, որոնք մի դեպքում լիազորված են Բարձր դատարանին ուղղված հայցը ուսումնասիրել, իսկ մյուս դեպքում հենց նրանք կարող են Բարձր դատարանին բողոք ներկայացնել։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մտավախություն չունի՞, որ AM-ի դեմ որոշում կայացնող դատավորների նկատմամբ վարույթներ կհարուցվեն ԲԴԽ-ի կամ ԱՆ-ի կողմից, և այդ համարձակները կպատժվեն։

Եվ վերջին հաշվով, ինչ-որ ժամանակ անց, երբ ո՛չ Անդրեասյանը, ո՛չ Մինասյանը պաշտոնյա չլինեն, ի՞նչ է սպասվում այն հարյուրավոր դատական ակտերին, որոնցով մի կողմին ներկայացնում էր AM-ը․ արդյո՞ք այդ որոշումները նոր երևան եկած հանգամանքներով չեն բեկանվի՝ կոլապսի ենթարկելով համակարգը։

Ինչպե՞ս կարող է ակնհայտորեն նման շահերի բախում առաջացնող հարցերի շուրջ լռել հանձնաժողովը, ՀԿ սեկտորը, քաղհասարակությունը, իրենց իրավաբան-գիտնական համարող ԲԴԽ անդամները, որոնք մի տառի, արտահայտության համար դատավորի լիազորություն են դադարեցնոում․․․։

Ընդդիմադիր Փաշինյանը կասեր՝ իրավաբանությունը բեջուռա կենդանի է, իսկ վարչապետ Փաշինյանը կշարունակեր՝ կոռուպցիան պոզուպոչով է լինում։

Հ․Գ․ Ստորև ներկայացնում ենք մինչև ԲԴԽ անդամի ընտրությունը Կարեն Անդրեասյանին հղած հարցերը։

1․ Պարոն Անդրեասյան՝ որպես ԲԴԽ անդամի թեկնածու, արդեն դիմում գրե՞լ եք՝ դադարեցնելու անդամակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Եվ արդյոք քաղաքական չեզոքության սահմանադրական նորմի ընթացակարգային ապահովումը բավարա՞ր կլինի, որ Դուք՝ արդեն որպես ԲԴԽ անդամ, լինեք քաղաքականապես չեզոք, կուսակցական, քաղաքական թիմի շահերին հակասող որոշումներ կայացնեք։ Ինչպե՞ս եք պաշտպանելու դատական համակարգի անկախությունը այն քաղաքական թիմի ոտնձգություններից, որի անդամ եք Դուք։

2․ 2019 թվականի մայիսի 23-ին Հանրային հեռուստաընկերության եթերից հայտնել էիք, որ Հայաստանում, 50-60 դատավորից բացի, մնացածները սպասարկում են մաֆիայի շահերը: Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեզ «մաֆիայի շահերը» պաշտպանողի դերում, եթե հաշվի առնենք, որ ԲԴԽ-ն դատավորների անկախությունը, նրանց ոտնձգություններից պաշտպանող կառույց է։

3․ Հայտարարել էիք նաև, թե «Սահմանադրությունն այդ դատավորներին պետք է վաղուց ուղարկած լիներ կալանավայր»: Այս հայտարարությունից հետո ի՞նչ ընդունելություն եք ակնկալում։ Դրանից բացի՝ ասել էիք․ «Իմ ձեռքը լիներ՝ ընդամենը կես ժամում վեթինգն արել-վերջացրել էի, բայց, ցավոք սրտի, էս երկրում կա օրենք»: Հիմա արդեն Ձեր ձեռքն է լինելու, քանի՞ ժամում եք վեթինգ անելու։

4․ Դեռևս 2013 թվականին, որպես ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, արտահերթ զեկույց էիք հրապարակել՝ ներկայացնելով դատական համակարգում պտտվող կաշառքի սակագները: Ըստ այդ զեկույցի՝ Առաջին ատյանի դատարաններում 500-10.000 ԱՄՆ դոլարով են վճիռ կայացնում, Վերաքննիչ դատարաններում՝ 2.000-15.000 ԱՄՆ դոլարով, իսկ բարձրագույն ատյանում՝ Վճռաբեկ դատարանում՝ 10.000-50.000 ԱՄՆ դոլարով: Այժմ այս գնային սանդղակը պահպանվե՞լ է, թե՞ փոխվել է, եթե փոխվել է, ի՞նչ գնային սանդղակ է, եթե չկա գնային սանդղակ, փողով ակտեր չեն կայացնում, այդ դեպքում ինչո՞ւ եք դժգոհ դատական համակարգից։

5․ Ովքե՞ր են «համակարգն արատավորող 30-40 դատավորները», ի՞նչ է սպասվում նրանց Ձեր ԲԴԽ-ում հայտնվելուց հետո։

6․ Պարոն Անդրեասյան, հայտարարել էիք, թե «Փաշինյանի նկարին նայելով հիշում եք, որ պետք է լինել ազնիվ, անաչառ և պահպանել այն բոլոր պահանջները, որ մեր առաջ դրել է վարչապետը»։ Հիմա նկարը տանելո՞ւ եք Ձեզ հետ ԲԴԽ, թե՞ այնտեղ ազնիվ և անաչառ պետք չի լինել։ Եվ Ձեզ ԲԴԽ գործուղելիս իշխող քաղաքական մեծամասնությունը ինչ պահանջներ է դրել Ձեր առաջ։

7․ Արդարադատության նախարարի պաշտոնում քննարկվում է Ձեր տեղակալ, գործընկեր, ընկեր Գրիգոր Մինասյանի թեկնածությունը, հավանաբար հենց նա էլ կդառնա ժ․պ․, ապա նախարար։ Այսինքն՝ ստացվում է, որ Մինասյանը Ձեր ցուցումով վարույթներ կհարուցի, իսկ Դուք ԲԴԽ-ում պատասխանատվության կենթարկեք դատավորներին՝ հաշվի առնելով, որ համապատասխան օրենսդրական փոփոխությամբ ԲԴԽ 5 անդամի ձայնով կարելի է դատավորին պատասխանատվության ենթարկել։ Այսպիսով չե՞ն խախտվում հակակշիռների և զսպումների մեխանիզմները, Ձեր ընկերը վարույթներ կհարուցի, Դուք կպատժեք, իսկ դատավորները կմնան անպաշտպան։ Դրանից բացի՝ արդյոք չկա՞ շահերի բախում, որն արգելված է օրենքով։

8. Պարոն Անդրեասյան, Դուք ընդամենը առաջադրված եք թեկնածու, բայց Ձեր կուսակիցները բացահայտ խոսում են Ձեր՝ ԲԴԽ նախագահ ընտրվելու մասին, ինչը ԲԴԽ-ի բացառիկ լիազորության տիրույթում է: Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ ՔՊ-ն արդեն իսկ այդպիսով կանխորոշում է ԲԴԽ-ի «անկախ» ընտրությունը և ի սկզբանե ընդգծում է, որ հետագայում ևս որոշումները պետք է կայացնել Կ.Անդրեասյանի հրահանգով՝ որպես վստահելի «պերսոնայի»:

9. Պարոն Անդրեասյան, ինչպես հայտնի է, AM իրավաբանական ընկերության հիմնադիր-սեփականատերերը Դուք և Ձեր տեղակալ Գրիգոր Մինասյանն եք։ Նախարար դառնալուց հետո Ձեր 40 տոկոս բաժնեմասը փոխանցել եք Ձեր կնոջը։ Ինչպե՞ս պետք է հանրությանը ապացուցեք, որ իրականում շահերի բախում չկա, ԲԴԽ-ում Ձեր, իսկ ԱՆ-ում՝ Ձեր գործընկերոջ ներկայությունը ազդակ չէ AM-ի գործերով զգուշավորություն դրսևորելու համար։

Ամենից շատ դիտված

13:11 Երևանում՝ տան հյուրասենյակում, հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. shamshyan.com
17:30 Չնայած Բագրատ Սրբազանը շարժվել չէր կարողանում, համաձայնեց մկրտության արարողությունն անցկացնել․ բացառիկ պատմություն
08:52 Տավուշցի ոստիկանները չեն ենթարկվել հրամաններին
21:49 Տավուշով չեն ավարտվելու զիջումները․ սա սպառնալիք է մեր պետականությանը. քահանա
20:48 Երևանում բախվել են թիվ 18 և թիվ 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր. shamshyan.com
13:00 Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը՝ դավաճանությո՞ւն․ դատախազության պատասխանը
17:45 Գլխիդ դուխով-ը ջնջի, գրի՝ դեբիլ. Պարույր Հայրիկյան
07:12 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. Ժողովուրդ
22:41 Աղերսում եմ ձեզ, չթուլանաք․ Շուշան Պետրոսյան
23:28 Պետք է մեծ պարիսպներ սարքենք, որ Փաշինյանին չտեսնենք. հարցում` վարչապետի պատասխանի հետքերով