Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:39 08-10-2022

Խաղողի մթերման պայմանագրերը խզվել են. վերավաճառողները հայտնվել են տնտեսվարողի ու մթերողի արանքում

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Կառավարությունը մոլորեցրել է խաղողագործներին՝ հույս տալով, թե մթերման հարցը լուծվելու է: Մինչդեռ գործարանները կրճատել են մթերվող խաղողի քանակները, շատերի հետ խզել են պայմանագրերը: Այս մասին տեղեկանում են «Հետք» կայքից:

Արմավիրի մարզի Խանջյան գյուղի խաղողագործների մեծ մասը տարիներ շարունակ խաղողի մթերման պայմանագրեր են ունեցել Երևանի կոնյակի գործարանի հետ: Տարիների ընթացքում մթերման ծավալները կրճատվել են, ինչի հետևանքով այսօր գյուղացիների մի մասի հետ այլևս պայմանագրեր չեն կնքվում: Փոխարենն օգտվում են մթերող գործարանների հետ պայմանագրեր ունեցողները. գյուղացիներից 90-100 դրամով խաղողը վերցնում են և գործարանում հանձնում 120-155 դրամով:

«Հետք»-ի փոխանցմամբ, Մհեր Բալյանն ընտանիքի անդամների հետ խաղող էր քաղում, սակայն նա էլ մյուսների նման պայմանագիր չունի ու մասնավոր անձանց հետ է պայմանավորվել, որ 100 դրամով խաղողը գնեն: Սա այն դեպքում, երբ Մհերի հաշվարկով խաղողի ինքնարժեքը կազմում է 110-120 դրամ:

Պատմեց, որ մոտ 20 տարի է՝ պայմանագիր է ունեցել Կոնյակի գործարանի հետ: Ճիշտ է՝ ամբողջ բերքը չեն մթերել, սակայն մոտ 70% կարողացել է հանձնել: Խաղողի մնացած մասն էլ մթերել է մարզի Ամասիա գյուղում բացված Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու գործարանի մասնաճյուղը: Ինչպես Մհերն է ասում, դրանից հետո, «սիրտը տաք» աշխատել են: Արդեն 2 տարի է՝ Ամասիայի մթերման կետը խաղող չի ընդունում, Կոնյակի գործարանն էլ այս տարի պայմանագիր չի կնքել Մհերի հետ:

«Վերջին տարիներին Կոնյակի գործարանը նախորդ տարվա համեմատ 10-20% քիչ մթերման պայմանագիր է կնքել: Բերեցին, հասցրին 5 տոննայից ցածր: Այս տարի էլ ասացին՝ ում պայմանագիրը 5 տոննայից քիչ է, հանում ենք: Բայց իրենք գիտեն, որ մեր այգին 5 չէ, 35 տոննա բերք է տալիս: Բայց գոնե այդ 4 տոննան մթերեին, մեր համար դա էլ էր էական, բայց չարեցին»,- ասում է Մհեր Բալյանը:

Մհերը 1.5 հա խաղողի այգի ունի: Համեմատաբար երիտասարդ այգիներ են, 4-5 տարի է, ինչ սկսել է այգուց բերք հավաքել: Իրացման դժվարությունների պատճառով մտածում է քանդել այգին:

Մհերը հիշում է, որ տարվա սկզբին վարչապետը ելույթ է ունեցել Ազգային ժողովում և հանձնարարել ոլորտի պատասխանատուներին՝ խաղողի մթերման հետ կապված գյուղացիներին հստակ տեղեկություններ տալ: Մհերը, շատերի նման ուրախացել է, որ պետկան մարմինները գործընթացն ինքնակամ են սկսել՝ առանց գյուղացիների բողոքի ակցիաների ու ճնշման:
Սակայն, ուրախությունը երկար չի տևել: Նշված ժամկետում որևէ մեկը գյուղացիների հետ պայմանավորվածություն չի ունեցել խաղողի մթերման հարցում: Անհանգստանալով՝ մարզպետարանից հետաքրքրվել են, ստացել են պատասխան, որ օգոստոսի 1-ը վերջնաժամկետն է:

Օգոստոսն էլ է ավարտվել, դարձյալ ոչ մի հստակություն: Սեպտեմբերին գյուղացիները սկսել են բողոքի ակցիաներ իրականացնել:
«Էկոնոմիկայի նախարար Քերոբյանը, երևի, նեղություն էր քաշել, իր աթոռից վեր էր կացել ու սեպտեմբերին եկել էր Արմավիրի մարզ, որպեսզի սուտ խոսի: 2-3 հարյուր մարդ կար հավաքված, խոստացավ, որ Կառավարության առաջիկա նիստից հետո բոլորս կիմանանք, թե մեր բերքը որտեղ ենք հանձնելու: Չասաց, որ ժողովուրդ ջան՝ կներեք, չենք կարող, խոստացավ:

Կառավարության նիստի օրը՝ հինգշաբթին անցավ, հաջորդ շաբաթն էլ անցավ, մարզի ղեկավարությունից ոչ ոք խաբար չէր, թե Կառավարությունում ինչ են որոշել: Կառավարության նիստն ենք նայում՝ խաղողի մասին խոսք անգամ չկա, ինչ-որ շենքի տուալետի վերանորոգման գումար են հատկացնում»,- ասում է Մհերը:

Օրեր առաջ մի խումբ գյուղացիներ գնացել են Էկոնոմիկայի նախարարություն և հանդիպել են նախարար Քերոբյանի հետ: Մհերը վիրավորվել էր նաև պետության վերաբերմունքից: Ասում է՝ նախարարությունում ծառայություն իրականացնող ոստիկաններից բացի, նախարարության շենքի մոտ են հրավիրվել նաև կարմիր բերետավորները:
Մհերի պատմելով՝ Քերոբյանը 1-2 ժամ ժամանակ է խնդրել գյուղացիներին տեղեկացնելու համար, թե ինչպես է կազմակերպվելու մթերումը: Տեղում գյուղացիները հստակ պատասխան չեն ստացել, և խոսակցությունը դարձյալ մեկ շաբաթով հետաձգվել է:

«Դա էլ բերեց նրան, որ հիմա ամեն մեկս մի ձևով, միջնորդով պիտի խաղողն իրացնենք»,- ասում է Մհերը և հավելում, որ արդեն 4 տարի է՝ գյուղացու խնդիրներն ամեն օր ավելանում են, և լուծման դրականի հույս չկա:

«Եթե տարիներով հարցերը լուծում չեն ստանում, նշանակում է իրենք չեն կարողանում լուծել, պիտի դուրս գան այդտեղից, լուծող գտնվի, գա լուծի: Նախարարը պիտի ազնվություն ունենա ու ասի, որ չեմ կարողանում լուծում գտնել, պիտի գնամ, թող գա այն մարդը, ով կարող է»,- նշում է Մհերը:
Նրա խոսքերով՝ գյուղում ամեն տարի մարդիկ խաղողի այգիներ են քանդում: Միայն իրենց փողոցից խաղողագործները 2-3 հեկտար այգի են քանդել:

Մհերն ասում է, որ եթե խաղողը քանդի, պտղատու ծառեր տնկի, առնվազն 4-5 տարի պետք է, որ բերք ստանա: Սակայն, երաշխիք չունի, որ մի քանի տարի հետո մրգի իրացման խնդիր չի առաջանա:

«10 տարի առաջ այգի ենք հիմնել, 4-5 տարի է, որ լիարժեք բերքի է, հիմա չգիտենք, թե ինչ անենք: Ստացվեց, որ մենք անիմաստ ծախս ենք արել: Մայրս 70 տարեկան կին է, ամբողջ այգին մեր հետ միասին իր ձեռքերով է մշակում: Լավ, մարդու աշխատանքն իրենց հետաքրքիր չի՞, այդ կնոջ աշխատանքը հետաքրքիր չի՞: Ստացվեց, որ իրենց չենք հետաքրքրում»,- ասում է Մհերը:


Երևանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Զարուհի Սարիբեկյանը փոխանցել է, որ գործարանը նախորդ տարվա համեմատ ավելացրել է մթերման ծավալները՝ պահպանելով գինը՝ 1 կգ-ի համար վճարելով 155 դրամ: Այս տարի խաղողի մթերման ընդհանուր ծավալը կգերազանցի 20 հազար տոննան, ինչն ավելին է, քան արտադրության համար անհրաժեշտ ծավալը:

Զարուհի Սարիբեկյանը չի ընդունում գյուղացիների այն պնդումը, թե իրենց հետ պայմանագրերը խզվել ու դուրս են մնացել մթերման գործընթացներից: Ինչ վերաբերում է պայմանագրերի կրճատմանը, Զ. Սարիբեկյանը նշեց, որ խոսքը գնում է ոչ թե պայմանագրերի խզման, այլ մեկանգամյա պայմանագրերի մասին:

«Հազարավոր պայմանագրերի մեջ դրանք աննշան մաս են կազմում»,- ասում է Զ. Սարիբեկյանը՝ հավելելով, որ պայմանագրեր չեն կնքվել այն տնտեսվարողների հետ, որոնք չեն պահպանել մթերման գործընթացները:
«Հաշվի առնելով սոցիալական բնույթի բազմատեսակ գործոններ, յուրաքանչյուր տարի ընկերությունը կնքում է նաև նոր պայմանագրեր՝ նոր խաղողագործների հետ»,- հավելեց Սարիբեկյանը: