Երևան +15°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:16 07-10-2022

Ես չեմ կարծում, որ իրենք հասկանում են հարցի լրջությունը, թե ինչ են ակնկալում աշխարհից․ քաղաքագետ

«Եթե խոսքը վերաբերում է Ուկրաինայի՝ Ռուսաստանի կողմից ճանաչված չորս մարզերի թեմային, որոնք արդեն մտել են Ռուսաստանի կազմի մեջ և համեմատություն անցկացնել Կոսովոյի հետ, նման համեմատություն արեց Վլադիմիր Պուտինը՝ ասելով, որ ՄԱԿ-ի միջազգային դատարանը Կոսովոյի հետ կապված նախադեպային որոշում ընդունեց, երբ 2010 թվականի հուլիսի 22-ին ասաց, որ պարտադիր չէ, որ հանրաքվե անեն կամ ճանաչեն, համաձայնեցնեն կենտրոնի հետ, բայց այդ առիթը Հայաստանի և Արցախի իշխանությունները ժամանակին բաց թողեցին։ Մենք ունեինք այդ հնարավորությունը նաև 2011 թվականին՝ Կազանի ժամանակ, բայց առիթը բաց թողեցինք և նորից ինչ-որ ժամանակ հետո խոսում էինք հանրաքվե անցկացնելու մասին, և խոսքը ԼՂԻՄ-ի մասին էր, իսկ մենք որոշում ունեինք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, որի մեջ մտնում էին Շահումյանը և Գետաշենը,այսինքն՝ ԼՂԻՄ-ի մասով անկախության որոշում չէինք ունեցել»։ Այս մասին այսօր ասաց քաղաքագետ Էդվարդ Անտինյանը Oragir.news-ի հետ զրույցում ՝ պատասխանելով մեր այն հարցին, թե ինչ ռիսկեր է պարունակում Արցախի խորհրդարանի խմբակցությունների հայտարարությունը։

Հիշեցնենք, որ այսօր Արցախի Հանրապետության խորհրդարանի խմբակցությունները համատեղ հայտարարություն էին տարածել, որում մասնավորապես ասվում էր․ «Նկատի ունենալով Ռուսաստանի Դաշնության կողմից Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անկախության ճանաչումը և դրան հաջորդած 2022 թ. սեպտեմբերի 30-ին վերոհիշյալ երկրամասերի, Խերսոնի և Զապորոժեի մարզերի վերամիավորումը ՌԴ-ին՝ ԱՀ ԱԺ խմբակցությունները արձանագրում են, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը 1991թ. իրավական առումով անթերի իրացրել է ինքնորոշման իր իրավունքը՝ միջազգային իրավունքի նորմերին, ժողովրդավարության սկզբունքներին և այդ ժամանակ գործող ԽՍՀՄ օրենսդրությանը համապատասխան: Միջազգային հանրությունը Ադրբեջանը ճանաչել էր որպես անկախ պետություն ԽՍՀՄ ներքին օրենսդրությամբ որոշված սահմաններում: Ըստ այդ օրենսդրության՝ Ադրբեջանի անկախության ձեռք բերման ժամանակ Լեռնային Ղարաբաղը տվյալ երկրի հետ որևէ առնչություն չուներ, այլապես նա չէր ընդգրկվի ՄԱԿ-ի կազմում, ուստի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ոչ մի կապ չունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ: Ընդունելով ՄԱԿ կանոնադրության առաջին հոդվածում ամրագրված ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքը և Արդարադատության միջազգային դատարանի 2010թ. հուլիսի 22-ի վճիռը, ըստ որի միջազգային իրավունքը չի արգելում այնպիսի անկախության հռչակումը, ինչպիսին Կոսովոյում էր, ԱՀ ԱԺ խմբակցությունները կոչ են անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին՝ Ռուսաստանի Դաշնությանը, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Ֆրանսիային և ՄԱԿ անդամ մյուս 190 պետություններին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, դրանով իսկ ի չիք դարձնելով նրա բնակչության առջև ծառացած գոյաբանական լրջագույն սպառնալիքները»։

Անտինյանը նկատում է․ «Հիմա երբ հարցն առաջ են քաշում, Արցախում կարող էին դիմել Ռուսաստանի իշխանությանը՝ ասելով՝ ճանաչել անկախությունը, քանի որ Ռուսաստանը ճանաչել է Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը, իսկ Արցախը գտնվում է Ռուսաստանի վերահսկողության ներքո»։

Անտինյանը նշեց․ «Բնական է, Ռուսաստանը չէր ճանաչելու և պետք է երևար, որ գործում են երկակի ստանդարտներ,բայց հիմա խոսել Կոսովոյի և Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի, Զապորոժիեի միջև հավասարության նշան դնելու մասին, ես կարծում եմ անարդյունավետ և անպտուղ քայլ է։ Դա ընդհանրապես միջազգային հանրության կողմից չի ընդունվի, առավել ևս, որ մենք տեսել ենք, որ ընդամենը մեկ պետություն՝ Հյուսիսային Կորեան է ճանաչել Ուկրաինայի չորս մարզի միացումը Ռուսաստանին։ Ես չեմ կարծում, որ իրենք հասկանում են հարցի լրջությունը, թե ինչ են ակնկալում աշխարհից»։

Հարցին, թե լարվածություն չի առաջանա ՀՀ-ի նկատմամբ միջազգային հանրության կողմից, քանի որ Դոնեցկի, Լուգանսկի հարցում Արևմուտքն ու Ռուսաստանը տարաձայնություններ ունեն, Անտինյանը պատասխանում է․ «Արցախի իշխանությունները փորձեցին ցույց տալ, որ օրինական են ճանաչում Ռուսաստանի արածը։ Այսինքն՝ իրենք գնում են տոտալ մեկուսացման այն դեպքում, երբ բոլորը վստահություն չունեն, որ Ռուսաստանը Ադրբեջանի հետ չի պայմանավորվի և Արցախը չի զիջի Ադրբեջանին, դրա դիմաց Ադրբեջանից և Թուրքիայից ստանալ մեկ ուրիշ բան։ Այսինքն, այս քայլով՝ Արցախի իշխանություններն իրենք իրենց տարան մեկուսացման։ Եթե դա Ռուսաստանի հետ ինչ-որ պայմանավորվածության արդյունք լիներ, չեմ կարծում, որ պետք է ՄԱԿ-ին դիմեին, կամ որևէ արևմտյան պետության, որովհետև անհամատեղելին չեն կարող համատեղել։ Ըստ երևույթին՝ դա ամենակարճ ճանապարհն է, որ ստիպված որևէ տարբերակ չունեմ, աշխարհը չի ճանաչում, Հայաստանից էլ նեղացած՝ մտնեմ Ադրբեջանի կազմ։ Եթե իրենք արդեն որոշումը կայացրել են Ադրբեջանի կազմում լինելու, ուրեմն որևէ մեկի վրա մեղքը գցելը, իրենց չի օգնելու»։