copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:08 07-10-2022

Երկրի ղեկավարի այդ հայտարարությունը վկայում է, որ նրանք ունեն և՛ նախապայման, և՛ պահանջ. թուրքագետ

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

«Էրդողանի այս հայտարարությունը նշանակում է, որ Թուրքիան շարունակում է իր նախապայմանների քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ»։ Այս մասին oragir.news-ի հետ զրույցում ասաց Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրասյանը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Էրդողանի այն հայտարարությանը, որ Հայաստանի հետ սահմանը կբացվի Ադրբեջանի հետ Խաղաղության համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո։

Խոսելով թուրքիայի կողմից առաջադրված նախապայմաններից՝ Սաֆրասյանն ասաց. «Չնայած հայտարարում են, որ նախապայման չունեն, բայց երկրի ղեկավարի այդ հայտարարությունը վկայում է, որ նրանք ունեն և՛ նախապայման, և՛ պահանջ։ Նման պայմաններում՝ ես կարծում եմ, որ բանակցային գործընթացը Թուրքիայի հետ արդյունավետ չի լինի»։

Անդրադառնալով տարածում գտած այն հայտարարությանը, որ Հայաստանն ու Ադրբեջանն ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, Սաֆրասյանը ընդգծեց. «Գուցե Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը առանց Արցախի, քանի որ նման մոտեցում կար Հայաստանում տարիներ շարունակ, սա նորություն չէ, հիմա պետք է հասկանալ՝ ինչի մասին է խոսքը, էլի ինֆորմացիա չունենք»։

Խոսելով Թուրքիայի կողմից առաջադրված նախապայմանների հաջորդականությունից և հետագայում նոր պայմաններ առաջադրելուց՝ Սաֆրասյանն ասաց. «Հիմա՝ այս պայմաններում, Թուրքիայի համար կարևորը Ադրբեջանի տարածքում Արցախի տեսնելն է, ինչ-որ մի փաստաթուղթ տեսնելն է, որ Հայաստանը կստորագրի և, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքն է, որքանով որ կարող ենք մենք դատել պաշտոնական հաղորդագրություններից, Թուրքիայի դրած նախապայմանները ներկա փուլում այս են: Բայց դա չի նշանակում, որ այն թուրքական նախապայմանները, որ տասնամյակներ շարունակ նրանք դրել են՝ կապված ցեղասպանության ճանաչման գործում Հայաստանի քաղաքականության հետ, կապված Կարսի պայմանագրի հետ, թուրքերը հետագայում այս նախապայմանները առաջ չեն մղի։ Հիմա առաջին պլան մղում են այն, ինչ այս պահին իրենց հետաքրքրում է. այս պահին այն, ինչ իրենց հետաքրքրում է, կապված է Ադրբեջանի և, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի հետ»։

Ձեզ գուցե հետաքրքրի