Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:30 05-10-2022

Ադրբեջանի ղեկավարն Արցախի օկուպացված տարածքները փորձում է վերածել պլացդարմի․ ադրբեջանագետ

Ըստ Տաթևիկ Հայրապետյանի՝ Ադրբեջանի նախագահն Արցախի օկուպացված տարածքները դիտարկում է միայն որպես հողակտոր, որտեղ փորձում է կառուցել ռազմական բազաներ։ Oragir.news-ի հետ զրույցում այս մասին ասաց ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանը։ Իր խոսքով՝ ադրբեջանցի փախստականների՝ «հայրական տուն» վերադառնալու վերաբերյալ Ալիևի ամպագոռգոռ հայտարարությունները միայն ցուցադրական բնույթ ունեն։

«Այսինքն՝ իրենք, իմ տպավորությամբ, փորձում են ավելի շատ ռազմականացնել այդ տարածքը, քան բնակեցնել քաղաքացիական բնակչությամբ։ Վերջին հարձակումը, որ տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության նկատմամբ սեպտեմբերի 12-14-ն ընկած ժամանակահատվածում, տեղի ունեցավ ադրբեջանական օկուպացիայի ներքո հայտնված տարածքներից։ Այսինքն՝ այդ տարածքներն իրենց համար դարձել են պլացդարմ (զորքերի հավաքման հրապարակ – խմբ․)՝ ՀՀ նկատմամբ ոտնձգությունների գնալու համար, և դա փաստ է»,- ասաց նա։

Հայրապետյանի պնդմամբ՝ Արցախյան վերջին պատերազմից երկու տարի անց էլ՝ մինչև օրս, ընդամենը հատուկենտ ընտանիքներ են վերադարձել Արցախի օկուպացված տարածքներ։ Իր խոսքով՝ եթե մինչև այդ իրենք (ադրբեջանական կողմը- խմբ․) ամպագոռգոռ հայտարարություններ էին անում փախստականների թվի և մարդկանց կրած կորուստների վերաբերյալ, ապա այժմ այդ ամբողջ գործընթացն անձնավորվել է։

«Եթե ուշադրություն դարձնեք, պատերազմից երկու տարի է անցել և գերազանցապես նախագահն ու նրա կինն են ուղևորվում այդ տարածքներ, այնտեղից նա շարունակական ելույթներ է ունենում։ Այսօր էլ է ելույթ ունեցել և խոսել վերադարձի հետ կապված»,- ասաց փորձագետը։

Ըստ Տաթևիկ Հայրապետյանի՝ այսպիսի հայտարարությունների ֆոնին Արցախի օկուպացված տարածքների վերաբնակեցման այսքան դանդաղ ընթացքը մի քանի պատճառ ունի․

«Նախ, վստահ եմ, որ շատերը ցանկություն չունեն վերադառնալու, որովհետև արդեն 3 տասնամյակ է անցել, և իրենք իրենց կյանքն արդեն կազմավորել են այդ տարածքներում։ Բացի դրանից՝ իրենք շարունակաբար, եթե ուշադրություն դարձնեք, մեջբերում են ականների հետ կապված գործոնը։ Հայկական կողմը բազմից հայտարարել է, որ իրենք տվել են հնարավոր բոլոր քարտեզները, բայց Ադրբեջանը շարունակում է շահարկել այդ թեման»,- ասաց ադրբեջանագետը։

Մասնագետը համոզմունք հայտնեց, որ ադրբեջանցիներն այս թեման սկսել են ակտիվորեն շահարկել հայկական կողմից ռազմագերիների վերադարձի վերաբերյալ հայտարարությունների ֆոնին։

«Երբ միջազգային մակարդակում բարձրացվում էր այդ (հայ ռազմագերիներին վերադարձնելու վերաբերյալ – խմբ․) հարցը՝ իրենք փորձեցին անմիջապես դրան հակակշիռ ստեղծել և ականազերծման քարտեզների թեման դնել շրջանառության մեջ։ Դրան համապատասխան՝ հայկական կողմն ասաց, որ մենք վերադարձրել ենք բոլոր տեսակի քարտեզները։ Թեև Ալիևը պնդեց, որ այդ քարտեզների ճշգրտությունը շատ փոքր է, հայկական կողմը պատասխանեց, որ ինչ քարտեզ ունեցել ենք, վերադարձրել ենք»,- ասաց նա։

Այս առումով, Ադրբեջանն օգտվում է այն փաստից, որ կողմնապահության մեջ չմեղադրվելու համար միջազգային գործընկերները մշտապես փորձում են պահել կողմերի հավասարությունը։

«Օրինակ՝ հենց երեկ Բլինքենի հարցազրույցի ժամանակ, ամերիկյան կողմի տարածած հաղորդագրության մեջ կրկին շեշտված էր այդ թեման՝ հայ ռազմագերիների թեմային զուգահեռ։ Իրենք դա փորձում են ներկայացնել որպես հումանիտար խնդիր, և, իբրև հայկական կողմն այդ առումով խոչընդոտներ է ստեղծում։ Բայց փաստը մնում է փաստ, որ հայկական կողմը քարտեզները տվել է։ Մնացածն արդեն Ադրբեջանի կողմից քաղաքական ու քարոզչական շահարկում է»,- ասաց Տաթևիկ Հայրապետյանը։

Անդրադառնալով փաստին, որ պատերազմից հետո ադրբեջանական կողմն աննախադեպ արագությամբ ճանապարհներ, օդանավակայաններ ու այլ ենթակառուցվածքներ է կառուցում՝ ադրբեջանագետն ասաց, որ այդ առումով ծրագրեր կան, բայց հետազոտությունները ցույց են տվել, որ այդ աշխատանքների հիմքում մեծ գումարներ են լցվում իշխող ընտանիքի գրպանները։

«Ո՛չ մրցույթներ են արվում, ոչ մի բան։ Ուղղակի, ինչպես իրենց հարմար է, դա տնօրինում են։ Մի հետաքրքիր հանգամանք էլ նշեմ․ մոտավորապես երևի 1 տարի առաջ Ադրբեջանի նախագահը մի հայտարարություն արեց՝ դիմելով ադրբեջանցի օլիգարխներին և ասաց՝ թող ոչ ոք չհամարձակվի հավակնություններ ունենալ այդ տարածքների վրա։ Որվհետև բուռն քննարկում էր սկսվել այդ պահին, թե ում բիզնեսները պետք է այտեղ կամ այնտեղ տեղափոխվեն։ Ինչպես ի սկզբանե ասացի, այդ ամբողջը յուրացվում է իշխող ընտանիքի կողմից»,- հիշեց փորձագետը։

Ըստ փորձագետի՝ այս ամենի ֆոնին էլ Ադրբեջանի իշխանությունները շարունակելու են աշխարհին ներկայացնել ադրբեջանցի փախստականների վերադարձը պատկերող տեսանյութեր։ Զուգահեռաբար շարունակելու են իրենց ծրագրերը։

«Օրինակ, նույն օկուպացված Հադրութում, օկուպացված Քարվաճառում և այլ տեղերում, եթե նայեք Ալիևի ելույթները և էդտեղ իրականացվող գործողությունները, ապա կտեսնեք, որ շեշտը հիմնականում դրվում է ռազմական և ոչ թե մարդկանց քաղաքացիական բնականոն կյանքին վերադարձնելուն»,- ասաց Հայրապետյանը։

Փորձագետը համոզված է․ ադրբեջանական իշխանություններն իրենց քաղաքացիների փաստն առավելապես օգտագործում են՝ «աշխարհի աչքին թոզ փչելու» համար։