Երևան +11°
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 20:00 03-10-2022

Վերջին գնդակը իմն է․ այս թշնամին ու այս իշխանությունն ունեցողը գերի ընկնելու իրավունք չունի

Գերեվարված հայ զինծառայողներին գնդակահարելու կադրերը երեկ համացանցում զայրույթի ու ցավի հզոր ալիք բարձրացրին․ վայրագությունների մասին խոսեցին-գրեցին գրեթե բոլորը, իրար փոխանցեցին միջազգային լրատվամիջոցների ու պաշտոնյաների էլեկտրոնային հասցեներ՝ դրանք միասին ռմբահարեցին հոգեցունց տեքստերով և այդ տեսանյութով, հետո միասին ուրախացան՝ ստանալով ցավակցական ու դատապարտող բառեր՝ պաշտոնյաներից ու լրատվամիջոցներից, ու հաղթողի բավարարվածությամբ բարոյախոսական տեքստեր հրապարակեցին՝ ուղղված աշխարհին, քաղաքակիրթ պետությունների ղեկավարներին, մեզ, իրենք իրենց․․․

Տեսանյութը հայ զինծառայողներին գնդակահարելու տեսարան է․ այնտեղ հստակ երևում է չորս գերի։ Հիշենք, որ երկու տարի առաջ մենք կորցրինք շուրջ չորս հազարին, երեք շաբաթ առաջ՝ ավելի քան երկու հարյուրին․․․ նրանք՝ բոլորը, ամեն մեկը ընկնելիս մահվան ցավն է ապրել, գալարվել է վերքի մրմուռից, անկանխատեսելի անվերջ շարունակվող խոշտանգումներից, այլևս երբեք սիրելիներին չտեսնելու ափսոսանքից, կարևոր մի խոսք, մի գործ կիսատ թողնելու մտքից․․․ Բայց նրանց մասին չկան տեսանյութեր, ու նրանք սոսկ թվեր են հանրության ընկալման մեջ՝ երբեմն պաշտոնյաների դեմքին շպրտելու, երբեմն ուղղակի մղկտալու թվեր։

Զայրույթի ալիքը մեր հանրությանը ցնցում է, զգայական հայտարարություններ, հայհոյանք-անեծքներ պոկում մատներից, դրդում դատապարտող կոչեր պահանջել, ու հետո մարում նույնքան արագ, որքան ծավալվել էր։ Մնում են ողբերգության ցավից ճկված ընտանիքները ու մի քանի քրեական գործ, որոնց մասին պարբերաբար հարցուփորձ են անում լրագրողները։

Չկա գիտակցումը, որ հաջորդը կարող ես լինել դու։ Չկա պետական մոտեցում, զինվորին ուղղված խոսք, համընդհանուր մոտեցում։ Չկա։ Ասում են՝ Իսրայելն իր զինվորին ասում է՝ ամեն գնով ողջ մնա, ու հետո գնում է իր գերեվարված զինվորի հետևից, փոխում նրան՝ մեկի դիմաց հարյուրին տալով․․․ Շատ լավ է, բայց մեր պետությունը Իսրայելը չի։ Ընտրարշավի ժամանակ մեզ ապագա խոստացող վարչապետը հայտարարում է, թե մեր գերիները մի-երկու ամիս էլ կսպասեն, իսկ ընտրվելուց հետո․․․ ընտրվելուց հետո տասնչորս ամիս է անցել, հասկանո՞ւմ եք, ևս տասնչորս ամիս․ նրանք մոտ քսանչորս ամիս է՝ արդեն գերություն մեջ են, ու դեռ չգիտենք նույնիսկ, թե քանի՞սն են նրանք։

Ու հիմա պահն է, երբ սահման գնացող ամեն զինծառայող՝ ժամկետային, պայմանագրային թե կամավոր, իրեն պիտի ասի՝ իմ վախկոտ ու անպատասխանատու իշխանավորներն իմ հետևից չեն գալու, եթե ես գերի ընկնեմ, ինձ չոքացնելու են, շորերս հանեն, ծեծեն ու ստորացնեն, բռնաբարեն ու խոշտանգեն, այդ ամենը նկարեն ու ուղարկեն տնեցիներիս, տան աշխարհի մանրումեծ կայքերին, տարածեն Հայաստանում, Ադրբեջանում ու ամենուր, ինձ դատելու են իրենց օրենքներով, ինձ գնդակահարելու են առանց օրենքի, և ընդհանրապես, ինչ ուզեն, անելու են ինձ հետ։ Եթե ես դրան պատրաստ չեմ, ուրեմն պիտի գերի չընկնեմ․ վերջին գնդակը իմն է, իմն է վերջին նռնակը։ Դաժան է հնչում, բայց այս մոտեցումը կարող է շատ հարցեր լուծել, մանավանդ, երբ թշնամին էլ իմանա, որ դա է մեր սկզբունքը՝ ապրելու ու կռվելու։

Սա միայն մի կետն է զինվորական այն նոր հայեցակարգի, որ երբևէ պիտի մշակվի ու ներդրվի՝ որպես հայրենասեր մահապատրաստ մարտիկներ կերտելու գործուն ծրագիր՝ ներհյուսվելով նախակրթությունից մինչ լրատվություն՝ կյանքի բոլոր ոլորտներին․ աննահանջ կռվելու, վստահ հարձակվելու ու մինչև վերջ միասնակամ կանգնելու սկզբունքն է լինելու հիմքն ամուր բանակի ու այդքան սպասված հաղթանակների։

Իսկ քանի դեռ դա չկա, հաշվում ենք ամիսները զինծառայողների տաժանակիր գերության, շաբաթները՝ բաց երկնքի տակ քայքայվող մեր տղաների դիերի, հաշվում ենք ամեն օր դիպուկահարի կրակից ընկնող մեր զինծառայողներին, խաղաղ բնակիչներին, գերության մեջ սպանվողներին․․․ ու մղձավանջը շարունակվում է։