copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:32 29-09-2022

Մեզ ներկայացված փաստերի համատեքստում՝ Բորիս Բախշիյանի վերաբերյալ ԲԴԽ-ն կայացրել է ճիշտ որոշում․ Գրիգոր Բեքմեզյան

Քրիստինե Հովհաննիսյան

Լրագրող

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Բորիս Բախշիյանն արդարացվել է։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Լուսինե Սեփխանյանի նախագահությամբ, հրապարակեց վճիռը՝ արդարացնելով Բախշիյանին՝ ճանաչելով և հռչակելով դատավորի անմեղությունը։

ՀՀ գլխավոր դատախազությունը Oragir.news-ի հարցին, թե արդյոք բողոքարկելու են դատարանի որոշումը, պատասխանեցին, որ որոշումը դեռ չեն ստացել։ Այն ստանալուց հետո միայն կարող են պատասխանել այդ հարցին։

ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանն Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ ԲԴԽ-ն իր լիազորությունների շրջանակներում, ունենալով բավարար հիմքեր, թույլատել էր դատավորի նկատմամբ քրեական հետապման իրականացումը։

«Ընդ որում՝ ես ուզում եմ շեշտել, որ ԲԴԽ-ն, երբ իր լիազորթյունների շրջանակներում թույլ է տալիս դատավորի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել, դա դեռևս դատավճիռ չէ, և ԲԴԽ-ն որևէ կերպ չի կանխորոշում ապագա դատական ակտը։ Միաժամանակ ԲԴԽ-ն որևէ կերպ չի կաշկանդում դատավորներին՝ առաջնորդվել ԲԴԽ որոշմամբ, որովհետև ԲԴԽ-ն ընդամենը համաձայնություն է տալիս, որ քրեական հետապնդում իրականացնող մարմինները գործընթաց սկսի։ Ես էլի պնդում եմ, որ այն ժամանակ մեզ ներկայացված փաստերի և ապացույցների համատեքստում ԲԴԽ-ն կայացրել է ճիշտ որոշում։ Մենք չենք կանխորոշել դատական գործի ելքը և նման իրավունք չունեինք։ Մենք չենք դրդել, ուղղորդել, որ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվի և հետագայում այդ քրեական հետապնդումը հաստատվի։ Մենք ուղղակի հնարավորություն ենք տվել գործընթաց սկսելու, թե հետագայում գործընթացն ինչպես կավարտվի, դա արդեն դատարանի տիրույթում է, ինչը և տեղի է ունեցել։ Մենք՝ որպես իրավաբաններ և իրավագիտակից մարդիկ, պարտավոր ենք ընդունել դատարանի որոշումը և դա դիտել որպես փաստ»։

Նա նշեց, որ երբ դատարանի որոշումը կմտնի օրինական ուժի մեջ, Բաշխիյանի լիազորությունները պետք է վերակագնվեին։ Բեքմեզյանը նաև ասաց, որ չի կարող բացահայտել, թե ինչ փաստեր էին ներկայացվել ԲԴԽ-ին, որոնք համոզել են իրենց նման որոշում կայացնելու։

Նա տեղեկացրեց, որ իր՝ ԲԴԽ անդամ աշխատելու ընթացքում միայն 3-4 անգամ է եղել, երբ որևէ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու միջնորդություն է ներկայացվել ԲԴԽ-ին։

«Նման միջնորդությունների առանձնահատկությունը կայանում է նրանում, որ դրանք պետք է լինեն խիստ հիմնավորված։ Մինչ այժմ նման դեպք չեմ հիշում, որ մենք մերժենք, բայց էլի եմ ասում, դեպքերը շատ քիչ են եղել։ Միգուցե, եթե դրանց քանակն ավելանա, կարող են առաջ գալ նաև մերժման հիմքերով միջնորդություններ»։

Հիշեցնենք՝ դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվում է ամբաստանյալ Նվեր Մկրտչյանին կալանավորելու որոշում կայացնելու համար։ Ըստ նախաքննական մարմնի նախնական վարկածի՝ Մկրտչյանին դատավորն ակնհայտ ապօրինի կալանավորելու որոշում է կայացրել։ Բախշիյանին ի սկզբանե մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով՝ անձին ապօրինի կալանավորելու հատկանիշներով, որն առաջացրել է ծանր հետևանք։ Վարույթն իրականացնող մարմինը որպես ծանր հետևանք էր դիտարկել այն հանգամանքը, որ ամբաստանյալ Մկրտչյանի նկատմամբ, «Գորիս» ՔԿՀ-ում, իբրև ազդեցություն է գործադրվել՝ հարկադրելով փոխել ցուցմունքը, ինչն էլ հանգեցրել է նրան, որ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի խափանման միջոց կալանավորումը փոխարինվի գրավով։ Քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, ու նախաքննական մարմինը հրաժարվել է իր նախնական մեղադրանքից, Բախշիյանի մեղադրանքը վերաորակվել և մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 348-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ակնհայտ ապօրինի կալանավորելու հատկանիշներով։ Այս գործով դատավորը երեք ամիս կալանքի տակ է եղել և ազատ է արձակվել մայիսի 7-ին։