copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:27 28-09-2022

Տոմսի գին․ կյանքի գին


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մասնակի զորահավաք հայտարարելուց անմիջապես հետո ՌԴ-ից սկսվեց երիտասարդ տղամարդկանց արտահոսք․ մարդիկ փորձում էին հեռանալ երկրից ինքնաթիռով, գնացքով կամ սեփական մեքենաներով՝ խուսափելով մոբիլիզացիայից, որը կոչում են մագիլիզացիա (могила – գերեզման բառից)։ Գերադասելին, իհարկե, ավիաթռիչքներն են, քանի որ արագորեն հեռանալով երկրից՝ նրանք չեն համարվում զորակոչից խուսափած՝ ենթակա լինելով մինչև տասը տարվա ազատազրկման։
Մասնակի զորահավաքի հայտարարումից անմիջապես նկատվեց դեպի Հայաստան ավիատոմսերի գնի թռիչք․ Մոսկվա-Երևան տոմսերը թանկացան մինչև տասն անգամ։



Մեզ հետ զրույցում ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Անի Սմբատյանը նշեց, որ դա պայմանավորված էր մեծ պահանջարկին անհամաչափ փոքր առաջարկով․ շուկան թելադրել է իր կանոնները։ Այս խնդրի հետ ՏՄՊՊ հանձնաժողովն առնչվել է նաև նախկինում, կատարել են ուսումնասիրություն և փաստել, որ ավիատոմսերի գների բարձրացումը մի կողմից պայմանավորված է օտարերկրյա խոշոր ավիափոխադրող ընկերությունների կողմից կիրառվող թվային ավտոմատացված համակարգերի տնտեսական գործոնների վերլուծման արդյունքներով, իսկ մյուս կողմից՝ առավել էժան ավիատոմսերի սպառմամբ։ ՌԴ-ից ավիատոմսերի պահանջարկը կտրուկ աճել է, որի հետևանքով տոմսերի իրացման էլեկտրոնային համակարգում առկա ցածր գներով տոմսերը, որոնք դասակարգված են ըստ աճման կարգի, շուտ են սպառվել, և վաճառքում հասանելի են եղել միայն բիզնես կարգի ավիատոմսեր:
Փաստացի, ավիաընկերությունները կոմերցիոն կազմակերպություններ են, ազատ են վարել իրենց գնային քաղաքականությունը, և պետական որևէ մարմնի կողմից չեն վերահսկվում։ Եվ այժմ դրանք, փաստորեն, դիտարկվում են՝ որպես զուտ ողբերգական-ցայտնոտային դրություններում հավելյալ շահույթ (գերշահույթ) ստանալու հնարավորություն՝ անկախ այն փաստից, որ նման իրադրություններում դա կարող է կյանք արժենալ։
Մեր պետությունը չի կազմակերպում, չի օգնում դժվար իրավիճակում հայտնված իր հայրենակիցներին, նույնիսկ չի փորձում կարգավորման որևէ գործիքով մեղմել տոմսի գնաճը՝ առավել հնարավոր դարձնելով իր քաղաքացիների-ազգակիցների վերադարձը հայրենիք՝ հեռացնելով սլավոնական երկու ժողովուրդների միջև մղվող պատերազմի համար «մագիլիզացվելուց»։ Եվ պետք չի օրորել գլուխն ու ասել՝ դե ինչ անի պետությունը, մասնավոր բիզնես է․ ցանկության դեպքում արվում է նաև մասնավոր բիզնեսի միջոցով։ Միայն թե, ցավոք, ոչ մեզ մոտ։
ԴԵռ փետրվարի 24-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Ուկրաինայի վրա հարձակման որոշումից մեկ շաբաթ առաջ՝ փետրվարի 17-ին, Իսրայելն ամենաբարձր մակարդակով դիմել էր Ռուսաստանին՝ խնդրելով ռազմական գործողություններ սկսելու պարագայում օգնել երկրից դուրս բերել իր քաղաքացիներին և դիվանագետներին։ Նշվում է, որ մինչև ռազմական գործողությունների սկսվելն Իսրայելը տարհանել էր շուրջ երեք հազար հրեայի։
Ռազմական գործողությունները սկսվելուն պես հրեական համայնքի տարհանում կազմակերպվեց նաև Ուկրաինայի Օդեսա քաղաքից, ուկրաինական այլ բնակավայրերից։ Իսրայելի Սփյուռքի նախարարը հայտարարել էր, որ նախարարությունը պատրաստ է հրեական համայնքի համար անել ամենն, ինչ կարող է ։
Թեպետ բավական սրված էին իսրայելառուսական հարաբերությունները, քանի որ նախագահ Յաիր Լապիդը Վլադիմիր Պուտինի գործողությունները որակել էր պատերազմական հանցագործություններ, վերջինս էլ հեգնել էր, թե Ուկրաինան ղեկավարում է «հրեական արյուն ունեցող անձ», սակայն Իսրայելը չէր հապաղել պաշտոնական խողովակներով իր քաղաքացիների համար հումանիտար միջանցք տրամադրելու խնդրանք հղել ՌԴ-ին։
The Times of Israel-ի հաղորդմամբ՝ միայն մարտի առաջին շաբաթվա ընթացքում Ռուսաստանից Իսրայել կազմակերպվել է նվազագույնը 14 թռիչք սեփական ինքնաթիռներով․ հաղորդվում է, որ ինքնաթիռների սեփականատերերը գտել էին սողանցքներ օրենսդրական խնդրահարույց ընթացակարգերում, որպեսզի առավելագույնս արագ ու անվտանգ տեղափոխեն իրենց հայրենակիցներին։
Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը և իսրայելական El-Al ավիաընկերության ղեկավար Շլոմի Ամ Շալոմն այս օրերին խորհրդակցություններ են անցկացրել Ռուսաստանից Իսրայել թռիչքների հնարավոր ավելացման շուրջ․ ըստ Մեդիանյուզի՝ հայտնում է BBC-ն։
«Վարչապետ և արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդը մեզ հանձնարարել է ընդունել նոր ներգաղթյալների Ռուսաստանից: Սա պահանջում է գնահատում տարբեր մակարդակներում՝ օդային ճանապարհորդությունից մինչև մուտքի վիզաներ և ընդունելություն երկրում: Մենք սերտորեն համագործակցում ենք այլ նախարարությունների, Ռուսաստանում մեր դեսպանատան և իհարկե Էլ-Ալի հետ»,- ասել է պաշտոնյան։
Իսկ տոմսերի (ինչպես հայկական ավիաընկերությունների պարագայում է) աստղաբաշխական գների մասին խոսք լինել չի կարող․ այսօր էլ համացանցային հարթակներում հնարավոր է Մոսկվա-Թել Ավիվ տոմս գնել սկսած 235 հազար դրամից, իսկ Կրասնոդար- Թել Ավիվ՝ սկսած մոտ 40 հազար դրամից։ Մեր տեղեկություններով՝ Իսրայելն արդեն ավելացրել է թռիչքները՝ այդ թվում և սեփական ինքնաթիռներով՝ հնարավորինս շատ մարդ պատերազմող ՌԴ-ից տարհանելու համար։






Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
11:37 Արթուր Չախոյանին ծեծել են, ապա բերման ենթարկել․ Մարինա Խաչատրյանը մանրամասներ է հայտնում
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ
22:46 Ուզում ենք ստին զգետնել, պարտության մատնել, ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան
19:40 Բագրատ Սրբազանն ամփոփեց օրվա հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները
20:02 Արծվաշենը պետք է վերադարձվի Արծվաշենում ծնված սերունդների կենդանության օրոք․ Կարեն Հեքիմյան