copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:06 23-09-2022

ՊՆ պահեստներում ամեն ինչ կա՞, թող մատակարարեն զորքին․ Հակոբ Ճաղարյան

Սեպտեմբերի 12-ից սկսած, երբ Ադրբեջանի հերթական ներխուժման արդյունքում կրկին փոփոխվեց մեր սահմանագիծը, կորցրինք տարածքներ և փոփոխված սահմանագծերում զինծառայությունը շարունակվեց նաև կամավորականների ուժերով, գրեթե ամենօրյա ռեժիմով համացանցում պարբերաբար շրջանառվում են զինծառայողների համար անհրաժեշտ իրերի ցուցակներ, որ մեր հայրենակիցներն իրենց ընկերների ջանքերով հավաքում են և ուղարկում դիրքեր։

ՊՆ-ն այդ նախաձեռնություններին արձագանքել էր՝ նշելով, որ այն քաղաքացիները, որ մեծ ցանկություն ունեն օգնելու զինվորներին, կարող են դա անել պաշտպանական գերատեսչության ջանքերով, որպեսզի այդ ամենը կատարվի համակարգված։ Այդ հայտարարությունից հետո էլ այդ նախաձեռնությունները չեն պակասել։ Դրանցում նշվում է, որ այս օրերին առավելապես տաք հագուստի անհրաժեշտություն կա։

Oragir.news-ի հետ զրույցում ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը նշեց, որ այդպիսի ցուցակները ՊՆ-ի հետ համաձայնեցված չեն։

«Մենք ևս մեկ անգամ շեշտում ենք, որ քաղաքացիները, որոնց ցանկությունը մեծ է աջակցել բանակին, դա պետք է կազմակերպեն միայն ՊՆ-ի հետ համագործակցության շրջանակներում։ Ես վերահաստատում եմ, որ ՊՆ-ն ունի բոլոր բավարար միջոցները ծառայողների կարիքների ապահովման համար»։

Դիտարկմանը, թե լոգիստիկ շղթան խնդիր ունի, եթե տեղ չեն հասնում այն իրերը, որ ՊՆ պահեստներում կան՝ Արամ Թորոսյանն ասաց․ «Բոլոր զեկույցները՝ ըստ վերադասության, դիտարկվում են։ Եթե ինչ-որ բանի կարիք կա, մենք ապահովում ենք»։

Վարչապետի նախկին խորհրդական, տարիներ շարունակ քաղաքացիական նախաձեռնություններով զինծառայողներին օժանդակող ակտիվիստ Հակոբ Ճաղարյանը մեզ հետ զրույցում հարցրին՝ ինչու չեն դիմում ՊՆ-ին, այլ գերադասում են անձամբ՝ ընկերների ուժերով հավաքել անհրաժեշտ իրերը՝ պատասխանեց․ «Մեզ դիմում են տարբեր տեղերից, այդ թվում՝ նաև զինվորներ, պայմանագրայիններ, և խնդրում են տեղ հասցնել տարբեր բաներ։ Մենք այդ խնդրանքները կատարում ենք՝ հավաքագրում, տանում-հասցնում ենք տեղ։ Մենք կատարում ենք իրենց խնդրանքը»,- ասաց Ճաղարյանը։

Դիտարկմանը, որ ՊՆ պահեստներում կա՝ արձագանքեց․ «Իրականում, մինչև ՊՆ պահեստից տեղ հասնի, կռիվը կպրծնի։ Պն պահեստ-զինվոր ճանապարհը շատ երկար է տևում․ մարդիկ չեն դիմանում, այսօր են պետք այդ տաք շորերը։ Եթե մարդու շորը, կոշիկը պատռված է, դա պետք է փոխել այսօր․ շորը-կոշիկը նախապես պիտի լինի, որ երբ պատռվի, մարդը կարողանա փոխել ու կռիվը, ծառայությունը շարունակել։ Մարդը չորեքթաթ, սողալով դիրք պահելուց հետո, որ շորը ճղված ցած իջնի, շոր պիտի լինի, որ այն մեկը դեն գցի, սա հագնի, ոչ թե դիմի հրամանատարին, հրամանատարը դիմի ՊՆ-ին, ՊՆ-ում մակագրեն, ուղարկեն, մինչև այդ մարդը ևս մի հերթափոխ անց էդ շորն ունենա։ Խոսքը ոչ թե այն մասին է, որ ՊՆ-ն չունի, մենք էլ պարտիզանական պետության կողմնակից ենք, այլ այն մասին, որ ՊՆ-ի մեխանիզմով աշխատանքը տևում է շատ-շատ դանդաղ կամ այդպես էլ չի կատարվում»։

Ճաղարյանն ընդգծեց, որ կոշիկը զինվորի համար առաջին անհրաժեշտության իր է, իսկ այն տրվում է սահմանված պարբերականությամբ, որը, հաճախ, անհրաժեշտությանը բնավ չի համապատասխանում․ «Կոշիկը միշտ պիտի լինի նախքան նախորդի պատռվելը, ոչ թե մարդը պատռված կոշիկով շարունակի կանգնել՝ սպասելով, թե երբ է հասնելու իր՝ նոր համազգեստ ստանալու ժամանակը»։

Մեզ հետ զրույցում Զարուհի Մուրադյանն ասաց, որ ՊՆ-ի արձագանքելու արագությունն, իրոք, զայրացնում է։

«Եղանակային փոփոխություններին կամ այլ պայմաններին նախապես պատրաստվելը պետական մարմինների մոտ կարծես ոչ մի կերպ չի ստացվում։ Արդեն սկսվել են անձրևները, մարդիկ բաց երկնքի տակ են, քանի որ փոխվել է առաջնագիծը, չկան դիրքեր, որովհետև մարդիկ ուղղակի բաց դաշտում կանգնած են և մեր տարած հարյուրավոր բահերով ու քլունգներով խրամատ են փորում, որովհետև տրակտոր ոչ ոք չի ուղարկում, որովհետև հատուկ դրություն չի հայտարարվում, ռազմական դրություն չի հայտարարվում, մոբիլիզացիա չի արվում մարդկային և տեխնիկական ուժի»։

Զարուհի Մուրադյանը հիշեցրեց, որ իրենք դեռ 2016 թվականին, երբ կրկին նման խնդիր առաջացավ, կազմակերպել է երկու օրում հազար անձրևանոց կարել ու դրանք տարել է Թալիշ-Մատաղիս։ Տարիներ են անցել, սակայն բանակում, ըստ Զարուհի Մուրադյանի, կրկին նույն ձևով կանգնում է նույն պարզ խնդիրը, և ինքը՝ պետությունն անպատրաստ է լինում այն խնդրին, որ նույնիսկ իր ուժերով լուծել է երկու օրում։

«ՊՆ պահեստներում ամեն ինչ կա՞։ Կա՞, թող մատակարարեն զորքին»,- ասաց Հակոբ Ճաղարյանը։

Ամենից շատ դիտված

11:37 Արթուր Չախոյանին ծեծել են, ապա բերման ենթարկել․ Մարինա Խաչատրյանը մանրամասներ է հայտնում
20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
12:06 Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ․ հայտարարություն
22:46 Ուզում ենք ստին զգետնել, պարտության մատնել, ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան
20:02 Արծվաշենը պետք է վերադարձվի Արծվաշենում ծնված սերունդների կենդանության օրոք․ Կարեն Հեքիմյան
19:40 Բագրատ Սրբազանն ամփոփեց օրվա հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները
22:00 Ես իմ այս տարիքին դուրս եմ եկել պայքարի, իսկ այսօրվա երիտասարդները պասիվ են. Շնորհիկ Շահինյան