Օրեր առաջ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Էդգար Ղազարյանը հանդես էր եկել նախաձեռնությամբ․ նա պատրաստել էր ձևաթուղթ, որում որպես վարչապետի թեկնածու նշել էր իր անուն-ազգանունը, ապա դիմել ընդդիմադիր պատգամավորներին, որ նրանք ստորագրեն այդ թղթի տակ։ Ղազարյանը նաև նշել է, որ եթե իր թեկնածությանը դեմ են, ապա կարող են իրենց նախընտրած անձի անունը գրել և դրա տակ ստորագրել՝ ի նշան նրա, որ այդ պատգամավորները անվստահություն են հայտնում Նիկոլ Փաշինյանին։
Այս պահի դրությամբ որևէ պատգամավոր չի ստորագրել այդ փաստաթղթի տակ, և Էդգար Ղազարյանի խոսքով՝ այս պահի դրությամբ դե յուրե Նիկոլ Փաշինյանը վայելում է ԱԺ բոլոր 107 պատգամավորների վստահությունը։
Էդգար Ղազարյանի այս հայտարարությանն էլ Mediahub-ի հետ զրույցում արձագանքել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ ասելով, որ Էդգար Ղազարյանի այդ հայտարարությունն անլուրջ է․ «Կներեք, բայց անլուրջ բաներ չեմ ուզում մեկնաբանել, մանավանդ որ մեր որոշ համակիրներ մասնակցել են վերջինիս կազմակերպած ակցիային, ընդամենը որպես սոլիդարության նշան։ Ինքս ներկա չեմ եղել։ Ի դեպ, հետաքրքիր է, թե ինչպես կմեկնաբանեն Ղազարյանի այս մեղադրանքը իմ այն գործընկերները, ովքեր գեղեցիկ տեքստերով կոչ էին անում մասնակցել վերջինիս կազմակերպած միջոցառմանը։ Իսկ իր մեղադրանքի մասով շատ կարճ կլինեմ՝ իմպիչմենտը պետք է լինի ճիշտ ժամանակին, որ հաջողենք, որովհետեւ անհաջողության դեպքում 6 ամիս լրացուցիչ անձեռնամխելիություն է ձեռք բերում Նիկոլ Փաշինյանը: Իսկ եթե այդ ընթացքում Հայաստանի ու Արցախի հարցում հերթական խայտառակ փաստաթուղթը ստորագրի՞, Էդգար Ղազարյանի նպատակը սա՞ է, որ Փաշինյանն առավել ամուր մնա իր աթոռի՞ն։ Համենայն դեպս՝ Էդգարը հակառակը դեռ չի ապացուցել»,- Мediahub-ի հետ զրույցում ասել է ընդդիմադիր պատգամավոր Խամոյանը:
Oragir.news-ը թեմայի առնչությամբ զրուցեց Էդգար Ղազարյանի հետ՝ հարցնելով, թե ինքը դիմե՞լ է ընդդիմադիր պատգամավորներին ստորագրելու համար և նրանցից մերժո՞ւմ է ստացել։
Ղազարյանը պատասխանեց․ «Ես անհատապես դեռ ոչ մի պատգամավորի չեմ դիմել, ես հրապարակային հայտարարություն եմ արել, որ պատգամավորները դա կարող են անել։ Ամենևին պարտադիր չէ, որ իմ ձեռքի տակ եղած ձևաթուղթը ստորագրեն, չնայած որ այդ ձևաթուղթը պատրաստ է, եթե իրենք ինձ հրավիրեն, կարճ ժամանակ անց ես դա կհասցնեմ, որ իրենք ստորագրեն։ Բայց դա այնքան պարզ տեքստ է, որ ցանկացած պատգամավոր ինքը կարող է դա հեղինակել և դրա տակ ստորագրել։ Այն, որ այս պահի դրությամբ Նիկոլ Փաշինյանը վայելում է 107 պատգամավորների վստահությունը, հնարավոր չէր ասել մինչև օգոստոսի 2-ը, որովհետև մինչև օգոստոսի 2-ը հնարավոր չէր վարչապետին անվստահություն հայտնել, հետևաբար մենք հիմք էինք ընդունում միայն պատգամավորների բանավոր հայտարարությունները, այսինքն՝ պատգամավորների ընդդիմադիր մասը հայտարարում էր, որ նրան պետք է իշխանությունից հեռացնել։ Օգոստոսի 2-ից հետո, քանի որ արդեն կա ռեալ հնարավորություն դա անելու, այլևս պետք է իրենց այդ ցանկությունը արտահայտեն գործողություններով։ «Վստահություն» եզրույթը Սահմանադրությամբ արձանագրված «անվստահություն» եզրույթի հականիշն է, այսինքն՝ եթե դու ունես կառավարությանը անվստահություն հայտնելու իրավական հնարավորությունը, բայց դա չես անում, ապա դա նշանակում է, որ դու քո գործողություններով ակամայից ցուցաբերում ես վստահություն, որովհետև եթե դու անվստահություն ունես և ունես դա ցուցաբերելու հնարավորություն, ապա դա օգոստոսի 3-ին պիտի արվեր։ Ես սա ասում եմ այսօրվա արձանագրումով, բայց դա որևէ պատգամավորի չի կաշկանդում, որ վաղվանից նա սկսի անվստահության գործընթաց, և, ենթադրենք, լինի 107-1, -2, -3․․․, այսինքն՝ այնքան պատգամավորներ, որքան որ պետք է անվստահություն հայտնելու համար»։
- Ընդդիմությունն ասում է, որ անվստահության գործընթացը կսկսի այն ժամանակ, երբ վստահ կլինի, որ այն հաջողությամբ կպսակվի։ - Որպեսզի իմանանք՝ ՔՊ-ականները կողմ են այդ նախաձեռնությանը, թե՝ չէ, նախ պետք է հասկանանք՝ մյուս պատգամավորները կողմ են, թե՝ չէ։ Առայժմ այդ նախաձեռնությանը ոչ ոք չի միացել, 107 պատգամավորից ոչ մեկը դեռ չի միացել։ Հիմա պետք է մի քանի պատգամավորներ միանան, իրենք այդ նախաձեռնությամբ գնան, հանդիպեն ՔՊ-ի պատգամավորների հետ, որ ի վերջո իմանան՝ նրանք դրան կողմ են, թե՝ չէ։ Ես կարծում եմ, որ այսօր նախաձեռնություն չցուցաբերողների իրական պրոբլեմն այն է, որ ոչ թե իրենք մտածում են, որ ՔՊ-ն իրենց օգտին չի քվեարկի, այդ տրամաբանությամբ կարելի է մտածել մինչև 2026 թվականը, այսինքն՝ ինչո՞ւ պիտի ՔՊ-ն իրենց օգտին քվեարկի, երբ իրենք նախաձեռնություն չունեն, իմ կարծիքով՝ իրենց խնդիրն այն է, որ անվստահություն հայտնելու սահմանադրական պահանջը ենթադրում է վարչապետի թեկնածուի առաջադրում։ Ինձ թվում է՝ իրենց մոտ խնդիր կա այդ հարցում, այսինքն՝ ոչ թե իրենք կողմ են Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարմանը, ես կարծում եմ, որ իրենք անկեղծ են, մինչև հիմա մեզ չեն խաբել, բայց իրենք փաստացի այսօր, անվստահություն չհայտնելով, իրավական իմաստով վստահություն են հայտնում այն պատճառով, որ չունեն անվստահության գործընթացի կարևոր պայմանը՝ վարչապետի թեկնածու։
- Չունե՞ն, թե՞ ունեն, բայց չեն հայտարարում։ - Կամ էլ ունեն, չեն հայտարարում։ Հարց է առաջանում՝ բա եթե ունեք, ինչո՞ւ չեք հայտարարում։ Մտածում եք, որ այդ թեկնածուն խոցելի՞ է․ շատ լավ, ուրեմն առաջադրեք այլ թեկնածու։ Եթե իմ հիշողությունը ինձ չի դավաճանում, Իշխան Սաղաթելյանը հանրահավաքներից մեկի ժամանակ հայտարարել է, որ իրենք ունեն մոտավորապես 250 մարդու անուն, որոնց տեսնում են ապագա իշխանության մեջ կարևոր հանձնառություն ստանձնելիս, դա նշանակում է, որ կա մարդկանց ցուցակ, ընդ որում՝ 250-հոգանոց։ Հիմա 250 հոգու միջից 1-ի ընտրությունը չկատարելը, անկեղծ ասած, բացառիկ ջանքեր է պահանջում։ Այնքան շուտ պետք է լիներ այդ ընտրությունը, և ես զարմացած եմ, թե ինչու օգոստոսի 3-ին չի սկսել վարչապետի պաշտոնանկության գործընթաց, եթե դրա իրավական հնարավորությունը կա։ Իսկ թե ՔՊ-ն ինչ տրամադրություն կարտահայտի, դա արդեն ՔՊ-ից պետք է ճշտել։ Ի դեպ, Ձեզ մի իրավական նյուանս ասեմ․ ամենևին չի ենթադրվում, որ այդ անվստահության նախաձեռնությունը մեկը պիտի լինի, կարող է լինել 10 նախաձեռնություն, այդպիսի սահմանադրական կամ ԱԺ-ի կողմից արգելք չկա։ Կարող է 10 նախաձեռնություն լինել՝ վարչապետի 10 տարբեր թեկնածուների անուններով, ու նույն ԱԺ-ի նույն պատգամավորները 10-ի տակ էլ ստորագրեն, և այդ 10 նախաձեռնություններով գնան ՔՊ-ի պատգամավորների մոտ։ Կարող է ՔՊ-ի պատգամավորը 10 թեկնածուներից մեկի տակը չստորագրի, բայց մյուսի տակը ստորագրի, և ի վերջո որ նախաձեռնությունը որ ավելի շատ ստորագրություններ հավաքի, դա էլ կներկայացվի քննարկման։ Երկրորդը՝ ինչն է իրենց անհանգստությունը․ ասում են՝ եթե մենք նախաձեռնություն ցուցաբերենք, հաջողություն չունենանք, ապա Նիկոլ Փաշինյանը 6 ամիս կմնա վարչապետ, և մենք չենք կարող անվստահություն հայտնել։ Շատ լավ, իսկ ձեզ ո՞վ է ասում, որ երբ դուք արդեն 36 ստորագրություն ունեք, պիտի անմիջապես դիմեք ԱԺ նախագահին, որ դա դնի քվեարկության, դուք եք որոշում, թե երբ դա ներկայացնեք քվեարկության, կարող է՝ 60 ստորագրություն ունենաք, և չներկայացնեք քվեարկության։ Իսկ գուցե այդ 60 ստորագրությունն ունենալու դեպքում էլ քվեարկության անհրաժեշտություն էլ չլինի, գուցե այդ դեպքում Նիկոլ Փաշինյանը փախչի կամ հրաժարական տա, երբ տեսնի, որ 60 պատգամավոր արդեն ստորագրել են։ Իսկ որպեսզի 60 պատգամավոր ստորագրեն, դուք պիտի աշխատեք այդ պատգամավորների հետ։ Բա իմ, Ագնեսա Խամոյանի ու մյուս պատգամավորների տարբերությունը ո՞րն է․ տարբերությունն այն է, որ իրենք պատգամավոր են, որ իրենք հնարավորություն ունեն գնալ և աշխատել այլ խմբակցությունների իրենց գործընկերների հետ, բա ես էլ իրենց ասում եմ՝ դա արեք, ձեր թեկնածուին առաջադրեք, գնացեք ձեր գործընկերների հետ քննարկեք, դա առաջ տարեք։ Իրենք ասում են՝ մենք դա չենք անում, բայց մեր ցանկացած գործողություն և անգործություն դուք դիմավորեք բուռն ծափահարություններով։ Մենք էլ ասում ենք՝ բավականաչափ դիմավորել ենք բուռն ծափահարություններով, հիմա ակնկալում ենք ավելի կոնկրետ գործողություն, որն իրենց իրավասությունների տիրույթում է։ Ես վարչապետին անվստահության գործընթաց չեմ կարող ակնկալել, օրինակ, Ձեզնից, կամ փողոցով քայլող մի մարդուց, դրա միակ ակնկալիքը ԱԺ պատգամավորներից է, որովհետև իրենք միայն կարող են դա անել և իրենք կարող են որոշել, թե ով է իրենց վարչապետի թեկնածուն։ Սրանից պարզ ես էլ ո՞նց բացատրեմ։
- Իսկ եթե ընդդիմադիր պատգամավորները շարունակեն Ձեր նշած անգործությունը, հնարավո՞ր է, որ Դուք շարժում ձևավորեք և պահանջեք գործողություն։ - Անպայման, ես կարծում եմ, որ մենք շատ երկար չենք թողնի, որ իրենք այդ կոմֆորտ զոնայի մեջ մնան, մենք շատ արագ կսկսենք հասարակական մոբիլիզացիա՝ պատգամավորներից պահանջելով գործողություն։ Պատգամավորները, անկախ այն բանից՝ իրենք իրենց ընդդիմադիր են հռչակել, թե իշխանական խմբակցություն, նրանք հանրային պաշտոն են զբաղեցնում, նրանք իրենց գործողությունների համար հաշվետու են հասարակությանը։ Ընդ որում՝ այստեղ կապ չունի խմբակցության դիրքորոշումը, որովհետև Սահմանադրությունն ասում է, որ յուրաքանչյուր պատգամավոր առաջնորդվում է ժողովրդի հրամայական մանդատով և սեփական խղճով ու համոզմունքներով։ Այսինքն՝ եթե հիմա մի պատգամավոր, ասենք, օրինակ, տիկին Խամոյանը, եթե նա ցանկանում է, որ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնեն, ապա ինքը կարող է նախաձեռնել, գրել վարչապետի մի թեկնածուի անուն՝ իր նախընտրելի թեկնածուի անունը՝ սկսած իր անունից մինչև ում ինքը ցանկանա։ Կարող է դրա տակ ստորագրել և ասել՝ ես արտահայտեցի իմ անվստահությունը, և այդ հնարավորությունից կարող է օգտվել ցանկացած պատգամավոր․ կամ իրենք իրենց նախաձեռնությունը ցուցաբերեն, կամ միանան այս նախաձեռնությանը, և ի վերջո այդ գաղափարների մեջ, թեկնածուների մեջ կշահի նա, ով կունենա ամենամեծ հանրային աջակցությունը։ Հիմա եթե իրենք ոչ մի գործողություն չեն անում, հետևանքը լինում է այն, որ վարչապետը լինում է վարչապետ, և այսօր գնում է Վլադիվոստոկ, իսկ կինը հանդիպում է Վարշավայի օդանավակայանի շատ վճռական դեմքով աշխատակցի ու այնտեղ մնում անտեր-անտիրական։