Արցախի Ազգային ժողովի 24 պատգամավորներ դիմել են Հայաստանի Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանին՝ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի կալանավորումը որպես խափանման միջոց փոխելու միջնորդությամբ և անձնական երաշխավորություն են հայտնել։ Միջնորդությունը ստորագրած պատգամավորները հայտնել են իրենց պատրաստակամությունը՝ մինչդատական վարույթում հանդես գալու որպես Արզումանյանի պատշաճ վարքագիծն ապահովելու երաշխավորներ։
Թեմայի առնչությամբ
Oragir.news-ը զրուցեց Արցախի խորհրդարանի պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ։
Նախ հարցրինք, թե ինչով է պայմանավորված, որ 24 հոգի է ստորագրել, եղե՞լ են մարդիկ, որոնք մերժել են ստորագրել։
«Այդպիսի մարդ չկա, որ հրաժարված լինի, 33 հոգուց 24-ն են ստորագրել, պատճառն էլ այն է, որ ուղղակի էստեղ չեն կամ կապ հաստատել չի ստացվել։ Մինչ այդ խմբակցություններով խորհրդակցություն են անցկացրել և այնուհետև որոշումը փոխանցել իրենց խմբակցության անդամներին, բոլորը միահամուռ համաձայն են եղել, որ պիտի միջնորդությունը ներկայացվի, ուղղակի տեխնիկական է խնդիրը, որ 33-ը չեն ստորագրել, այլ 24-ը, ամեն դեպքում խմբակցությունները ներկայացված են։ Մենք դիմել ենք, որ խափանման միջոցը փոխեն, որովհետև բազմաթիվ հարցեր են առաջանում այն առումով, որ եթե Միքայել Արզումանյանը, ենթադրենք, մեղավոր է, ապա իրենից մի քայլ առաջ մեղավոր է Նիկոլ Փաշինյանը, հիմա հարց՝ ինչու Նիկոլ Փաշինյանը կալանավորված չէ։ Ես դեռևս չեմ անձնավորում, չեմ խոսում Միքայել Արզումանյան անձի մասին, բայց մի հետևություն կարելի է անել, որ սա ուղղակի պատժիչ գործողություն է անձերի նկատմամբ և ունի իր սարսափելի հետևանքները, ինչպես Արմեն Գրիգորյանի դեպքում էր, այսինքն՝ երբ իրենք նպատակ են դնում պատժել մեկին, ապա այդ անձը, ինչպես Արմեն Գրիգորյանն էր, կարող է ֆիզիկապես ուղղակի չլինել։ Այդ մարդիկ կոնկրետ գործողություններ են անում, որը պարզապես պետք է կանխել։ Մինչ այս միջնորդությունը ներկայացնելը մենք մոտ 2 օր քննարկել ենք, նաև կարծիքներ են հնչել, որոնից մեկն էլ ես եմ հնչեցրել, որ սա անձերի հարց չէ, սա Արցախի նկատմամբ կոնկրետ վերաբերմունքի դրսևորում է, երբ Արցախի նախագահի խորհրդականին Արցախից Հայաստան անցնելուց հետո կալանավորում են։ Սա վերաբերմունք է Արցախի նկատմամբ, այսինքն՝ այն պարագայում, երբ Արցախի նախագահը, ինչպես իր մամուլի խոսնակն ասաց, նույնիսկ տեղյակ էլ չի եղել այդ մասին։ Ստացվում է այնպես, որ իրենք սրանով ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ ի՞նչ Արցախ․ իրենց համար այդպիսի բան չկա, իրենք եթե դա են ուզում, ուրեմն դա պիտի անեն և հանրությանը ցույց տան, որ իրենք ուղղակի կարողանում են պատժել։
Վերադառնալով Միքայել Արզումանյանի կերպարին՝ 2018 թվականից օրինաչափ է դարձել, որ պատժում են հիմնականում մեր հերոսներին՝ բոլոր հերոսների նկատմամբ ցեխ ու կեղտ շպրտելով՝ սկսած Մանվել Գրիգորյանի դեպքից, վերջացրած հիմա էլ Միքայել Արզումանյանով, որը դեռևս պատանի տարիքում արդեն իսկ լծվել էր հայրենիքը փրկելու գործին, և մեզ հաղթանակ նվիրողներից մեկն է։ Անկախ նրանից՝ ունի՞ մեղքի չափաբաժին, թե ոչ, իհարկե, այդ մեղքի չափաբաժինը չպիտի ցույց տան այս իշխանությունները, դա ընդունելի չի լինելու ցանկացած խելամիտ մարդու համար, ցանկացած նորմալ հայի համար, բայց անկախ ամեն ինչից՝ ընդունելի չէ խափանման միջոցը որպես պատժամիջոց կիրառելը, մանավանդ այն վարկանիշը, որը ունի Միքայել Արզումանյանը, չեմ կարծում, որ ինքը որևէ կերպ խոչնդոտելու էր կամ փախչելու էր պատասխանատվությունից։ Մենք, հուսալով, որ իրենք ԱԺ-ի այս խնդրանքը կընդունեն, գոնե խափանման միջոցը կփոխեն։ Մենք, որպես օրենդիր մարմին, չենք խառնվում այդ քննությանը, բայց նորմալ չենք ընկալում կոնկրետ խափանման միջոցը՝ հասկանալով, թե ինչպիսի ելքեր կարող են լինել, ինչի ականատեսը բոլորս եղել ենք»,- պատասխանեց Հակոբյանը։
Հետաքրքրվեցինք՝ արդյոք խորհրդարանը նույն կերպ կարձագանքեր, եթե Ջալալ Հարությունյանը կալանավորվեր։
Մետաքսե Հակոբյանը արձագանքեց․ «Իհարկե, միանշանակ։ Ես հիմա Ձեզ հետ խոսում եմ որպես մարդ, ով ունի իր առանձին կարծիքը անձանց նկատմամբ։ Ես չեմ խոսի, թե ինչպես եմ վերաբերում Ջալալ Հարությունյանին, Միքայել Արզումանյանին, մյուսին, դա բացարձակ կապ չունի այն մոտեցման հետ, որը հիմա կա։ Իհարկե, ակնհայտ է, իհարկե շատ ակնառու է, որ հրամանատարը եղել է Ջալալ Հարությունյանը ու մենք այս պահին չունենք Հադրութ, այնուհետ ունեցել ենք հրամանատար Միքայել Արզումանյան, որի հրամանատարության օրոք չունենք Շուշին, զրկվել ենք Շուշիից, բայց սա առաջին հայացքից, որովհետև գլխավոր համակարգողը, այսպես կոչված գերագույն գլխավոր հրամանատարը ազատության մեջ է, շարունակում է մեղավորներ գտնել, այդ մարդկանց հասցնել մինչև մահվան։ Քննարկման ժամանակ ես անձամբ առաջարկել եմ չանձնավորել, բայց Միքայել Արզումանյանն այս պահին անազատության մեջ է, և իրեն որպես բնութագրիչ, մենք վերհիշել ենք իր անցած ճանապարհը, նաև նշել ենք այն բոլոր պետական պարգևները, որոնոցով նա պարգևատրվել է՝ մարտական առաջին աստիճանի խաչը, որը համարյա թե հավասարեցված է հերոսի կոչմանը։ Նույնիսկ այս ամենը քննարկելուց հետո պիտի մոտեցումը ընդհանրական լինի, որ յուրաքանչյուրին ձերբակալելուց առաջ պիտի հարց առաջանա, թե ինչու դրանից 1 օր կամ 1 ժամ առաջ չի ձերբակալվել Նիկոլ Փաշինյանը»։
Հակոբյանին հարցրինք նաև, թե ինչ է կարծում՝ Հայաստանի իշխանությունները հաշվի կառնե՞ն Արցախի խորհրդարանի պատգամավորների երաշխավորությունները՝ հաշվի առնելով, որ նախկինում Արցախի նախագահների, պաշտոնյաների երաշխավորությունները հաշվի չեն առնվել։
«Եթե մենք խոսեինք մինչև 2018 թվականը եղած իրավիճակի մասին, ապա վստահաբար կքննարկվեր, գնահատական կտվեր այդ քայլին, ցանկացած ելքի դեպքում մեկնաբանություն անպայման կտրվեր։ Ցավով պիտի նշեմ, որ մենք արդեն սովոր ենք տեսնել, լսել անտարբերությունը Հայաստանի իշխանությունների՝ Արցախի պաշտոնյաների խոսքին, պահանջներին, գործողություններին։ Իրենք իրենց այնպես են պահում, որ կա մի տարածք՝ Արցախ, որտեղ պիտի երբերմն-երբեմն «աննախադեպ չափերի» բյուջե տան, բայց իրենց համար չկա այդպիսի հանրապետություն, որտեղ կան պետական ինստիտուտներ, որտեղ կա ԱԺ, կառավարություն, որոնք ունեն դիրքորոշում, ունեն այդ դիրքորոշումը արտահայտելու իրավունք, ակնկալելու, որ այդ դիրքորոշումը կամ պիտի ընդունվի կամ մեկնաբանվի։ Եթե սկզբի 2 տարին այս իշխանությունները գոնե ձևական ցուցադրում էին, թե դա կա, հիմա՝ վերջին 2 տարիների ընթացքում, բացարձակ չկա․ լրիվ անտարբերություն, լռության է մատնվում այստեղից հնչող ցանկացած խոսք, կարծիք, պահանջ, նույն վիճակն է նաև Հայաստանի ու Արցախի կառավարությունների, խորհրդարանների միջև, երբ որևէ մեկը որևէ մեկի հետ չի շփվում ոչ մի հարթակում։ Կա 2 անձերի շփում՝ Հայաստանի վարչապետ և Արցախի նախագահ, այն էլ սոցիալական ինչ-որ խնդիրների, մանր-մունր խնդիրների շուրջ։ Ես ուղղակի հույս ունեմ, որ սա այն դեպքն է, որ իրենք լրջորեն մոտենան այն քայլին, որը արել ենք, և ակնկալում եմ մեր հանրության արձագանքը թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում։ Ուղղակի անընդունելի է մարդկանց պատժելը կալանքի միջոցով և հասցնել ուղղակի մահվան դուռը, յուրաքանչյուրս պիտի մեր հնարավորությունները ներդնենք, որ դա խափանենք»,- պատասխանեց Հակոբյանը։