Երևան +12°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:02 25-08-2022

Աղավնոյից ու Բերձորից Սյունիք է տեղափոխվել 20 ընտանիք, Արցախում մնացած ընտանիքների թիվը գաղտնի է պահվում

Քրիստինե Հովհաննիսյան

Լրագրող

Աղավնոյից ու Բերձորից Սյունիք է տեղափոխվել 20 ընտանիք, որոնք հիմնականում տեղավորվել են Սիսիան և Գորիս համայնքներում։ Այս մասին Օragir.news-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետի օգնական Արմինե Ավագյանը։

Նա նշեց, որ մինչ գործընթացը սկսվելը՝ մարզպետարանի աշխատանքային խումբը շրջել է գյուղերում՝ հասկանալու համար, թե ինչ բնակֆոնդ կա։

«Բնակֆոնդ ասելով՝ նկատի չունեմ պետական գույք, խոսքը մարդկանց մասնավոր տների մասին է, փորձել ենք հասկանալ, թե ովքեր են պատրաստ վաճառել կամ վարձակալության տալ իրենց տները։ Մենք այդ ցանկն ունեցել ու տրամադրել ենք մարդկանց, որպեսզի մարդիկ մինչ գալը հասկանան, թե որտեղ ինչ տուն կա, ուր կարող են գնալ։ Սրա նպատակն այն էր, որ մարդիկ արդեն կողմնորոշված գան, ոչ թե գան ու չիմանան, թե ուր են գալու»։

Նա նաև նշեց, որ Սյունիք մարզպետարանը մարդկանց օգնել է բեռները տեղափոխելու հարցում, վառելիք է տրամադրել։

Հարցին, թե քանի ընտանիք է տուն վարձակալել, քանիսն են գերադասել բարեկամների տանն ապաստանել, նա նշեց, որ մարզպետարանի աշխատակիցներն այցելում են համայնքներ ու փորձում են գնահատել տեղահանվածների կարիքները, այս պահին դեռ վերջնական տվյալներ չունենք․ թե ով ինչպես է տեղավորվել, ինչի կարիք ունեն։

«Մինչ այժմ աջակցությունը տրամադրվում է «Սյունիքի զարգացման և ներդրումների հիմնադրամի» կողմից։ Այսինքն՝ աջակցությունը ոչ թե պետական միջոցներով է տրամադրվում, այլ ձեռներեցների և մասնավոր ընկրությունների կողմից շնորհիվ է հատկացվում, բայց առայժմ խոսքը ոչ թե բնակարանների վարձավճարների մասին է, այլ վառելիքի տրամադրման, բեռնափոխադրումների կազմակերպման։ Առայժմ տեղեկություն չունենք, թե այդ մարդկանց բնակարանների վարձավճարների փոխհատուցման համար գումար հատկացվո՞ւմ է, թե՞՝ ոչ․ գուցե այդ հարցին կարող են պատասխանել Արցախի կառավարությունից»։

Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից մեզ ասացին, որ Սյունիքի մարզի Տեղ, Տաթև համայնքերում վարձակալությամբ բնակարանների վարձավճարների փոխհատուցման վերաբերյալ տեղեկություն չունեն։ Թեև նշեցին, որ այդ համայնքերում տները վարձավճարները տատանվում են 50-150 հազար դրամի շրջանակներում։ Նախարարությունից հրաժարվեցին պատասխանել հարցին, թե քանի բնակիչ է Աղավնոյից ու Բերձորից մնացել Արցախում։

«Այս պահին թվեր չեն հրապարակվում, քանի որ մի քանի ամիս առաջ որոշում կայացվեց, որ Արցախում համայնքների բնակիչների թիվը հրապարակման ենթակա չէ»։

Այդուհանդերձ, մեզ տեղեկացրին, որ մեծամասնությունը գերադասել է գալ Հայաստան և օգտվել հիփոթեքային ծրագրից։ Շատ ավելի քիչ հատվածը Արցախում են մնացել։ Ինչ վերաբերում է Արցախ տեղափոխված անձանց վարձավճարների փոխհատուցմանը, նախարարությունից հայտնեցին, որ Արցախի կառավարությունը փոխհատուցում է տրամադրում՝ մեկ շնչին 40 հազար դրամի չափով։