Երևան +14°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:06 23-08-2022

ՄԻԵԴ վճռով Ադրբեջանից գույքային փոխհատուցում ստանալու համար կարևոր է, որ, օրինակ, Աղավնոյից դուրս գալիս՝ մարդիկ չայրեն իրենց գույքը․ Փաստաբան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը օգոստոսի 19-ի վճռով վերահաստատել է բնակիչների անվտանգությունը, նրանց նկատմամբ էթնիկ զտումների անթույլատրելիությունը, գույքային իրավունքների անձեռնմխելիությունը, այս ամբողջը ուժի մեջ է։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը, անդրադառնալով ՀՀ-ի կողմից Արցախի Հանրապետության մի շարք բնակավայրերի քաղաքացիական բնակչության իրավունքների պաշտպանության համար ՄԻԵԴ ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջի հիման վրա սեպտեմբերի 29-ին կիրառված և նոյեմբերի 3-ին առավել ընդլայնված միջանկյալ միջոցի ուժի մեջ մնալու վերահաստատմանը։

«Այստեղ ամենավիճելի հարցն այն է, որ Ադրբեջանը հարցի ամբողջական ու վերջնական քննության ընթացքում ասելու է, որ մենք այդ մարդկանց ուժով չենք հանել, իրենք իրենց կամքով են դուրս եկել, սակայն այստեղ փաստերի հետևում պետք է դիտարկել այն հարցը, որ, այո, այդ մարդիկ իրենց կամքով են դուրս եկել,բայց իրականում դա եղել է սպառնալիքի ներքո։ Այստեղ կարևոր է նաև, որ բնակիչները դուրս գալուց իրենց գույքը չպետք է վառեն, վառելով՝ նախ Հայաստանի փաստարկն են թուլացնում, երկրորդ՝ հետագայում գույքի համար փոխհատուցում չեն կարողանա ստանալ, որովհետև գույքն այլևս չկա։ Իսկ երբ գույքը չկա դժվար է հաշվարկել, թե այն որքան արժեր։ Ստացվում է, որ մարդիկ իրենք իրենց ձեռքով թուլացնում են իրենց հայցը, բայց ամենամեծ խնդիրն այն է լինելու, որ Ադրբեջանն ասել է, որ իրենք այդ մարդկանց աառաջարկել են մնալ՝ ապրել Ադրբեջանում»։

Փաստաբանն ընդգծեց, որ փոխհատուցման ընթացակարգերին հասնելուն դեռ բավական երկար ժամանակ կա, եթե, իհարկե, արտաիրավական գործընթացքում 2 պետությունները ավելի շուտ չհասնեն համաձայնության։
«Նկատի ունեմ՝ խաղաղության պայմանագրով, որը իհարկե դեռ հստակ չէ, թե ինչ շրջանակով է լինելու։ Բայց, այն, որ այդ գործընթացը կա և, որ Հայաստանը հետպատերազմյան բոլոր դրվագները ներառում է հիմնական գանգատի մեջ՝ դրական է, այսինքն մարդիկ հայտնվում են միջազգային իրավունքի պաշտպանության տակ, բայց այս ամենի կոնտեքստում սեփականատերերը չպետք է իրենց գույքը վնասեն դուրս գալիս»։

Անդրադառնալով դիսկուրսին, թե նման վճռի պարագայում, մարդիկ արդյոք պետք է դուրս գային իրենց տներից՝ իրավաբանն ասաց, որ սրա վերաբերյալ մանրամասն բացատրություն կա «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճռում։ «Այստեղ բացատրված է ամբողջ կանցեպտը, որ հիմնված է ՄԱԿ-ի սկզբունքների վրա։ Ըստ այդմ, երբ տարածքը մի պետությունից անցնում է մյուսին՝ դա չի նշանակում գույքային իրավունքի փոփոխություն պետք է լինի։ Այսինքն, օրինակ, Աղավնոյի տները չպետք է դառնան Ադրբեջանցիների սեփականություն և ազգայնացվեն Ադրբեջան պետության կողմից։ Եթե նկատել եք՝ Ալիևը որևէ հրաման չի արձակել, որ Ղարաբաղում գտնվող գույքը ասենք ՝Հադրութի կամ Շուշիի տները ազգայնավցում են, թեև դեֆակտո այնտեղ արդեն ադրբեջանցիներ են տեղափոխվել և ապրում, բայց պետականորեն օրենք չի ընդունվել այդ գույքի պետականորեն ազգայնացնելու մասին, ինչը կհակասի մարդու իրավունքներին, հումանիտար իրավունքին, նաև փախստականների վերադարձին ու այլ բազաթիվ սկզբունքներին։ Այսինքն երբ տարածքի նկատմամբ իրավունքը փոխվում է՝ գույքային իրավունքը անօտարելի է մնում է։ Մասնավորապես, Սարգսյանի գործով Ադրբեջանն ասում էր, որ քանի որ Սովետական Ադրբեջան չկա, կա անկախ Ադրբեջան, հետևաբար Սարգսյանը չի կարող ասել , որ պետք է շարունակի ունենալ այն գույքային իրավունքը, որը նա ձեռք էր բերել 1986 թ-ին Սովետական Ադրբեջանի բնակարանային օրենքով։ Դատարանը ասեց, որ ոչ, Սովոտական Ադրբեջանի բնակարանային օրենքով Սարգսյանը շարունակում է դեռ պահել գույքային իրավունքը, թեև այդ օրենքը այլևս չի գործում»։

Անդրադառնալով ՀՀ կառավարության կողմից տների համար փոխհատուցում տրամադրելուն դեպքում՝ ՄԻԵԴ-ի միջոցով փոխհատուցման հասնելուն՝ նա նշեց, որ սովորաբար իրավական գործընթացքում դա հաշվի են առնում։

«Օրինակ, Հյուսիսային Պողոտայի գործերում կար, որ այն մարդիկ, ովքեր որոշակի խրախուսական գումարներ էին ստացել՝ դրանք հետագայում հանվում էին ՄԻԵԴ-ի սահմանած գումարից։ Բայց դա հետագայում պայմանավորվելու հարց է»։ Հարցին, թե իրականում, որ պետությունը՝ Ադրբեջանը, թե Հայաստանն են տրամադրելու փոխհատուցումները՝ փաոսատաբն ասաց, որ իրականում Ադրբեջանն այդ հարցը նույնպես վիճարկելու է։ «Լայն կոնտեքեսում այդ մարդիկ դուրս են գալիս, որովհետև նրանց կյանքը և առողջությունը երաշխավորված չէ, իսկ ավելի կոնկրետ՝ Ադրբեջանն ասելու է, որ իրենք չեն միջամտել նրանց գույքային իրավունքին, իրենք են դուրս եկել՝ իրենց կամքով։ Այստեղ վիճելի հարց լինելու է անպայման»։