copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:07 20-08-2022

Փոքր քաղաքներում բոլորն էլ սգակիր են, բայց քաղաքի տոնը նշել պետք է․ Կապանում ու Քաջարանում քաղաքի օր է նշվում

Քրիստինե Հովհաննիսյան

Լրագրող

Կապանում այսօր նշվում է Կապան քաղաքի օրը։

Տոնի առիթով քաղաքին նվիրված մի շարք միջոցառումներ են նախատեսված։ Համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում տեղադրված միջոցառումների ցանկը բնակիչներին խոստանում է տարատեսակ միջոցառումներով գերհագեցած օր։ Նախաձեռնվել են թե՛ սպորտային, թե՛ մշակութային միջոցառումներ․ համաքաղաքային ֆլեշմոբ, կրոսավազք և հեծանվավազք, ծաղկեդրում՝ զորավար Դավիթ Բեկի արձանին և Բաղաբուրջի հուշահամալիրում, հանդիսավոր նիստ, Պողոս Տեր-Դավթյանի կիսանդրու բացման արարողություն, երեկոյան նախատեսված են նաև համերգային ծրագրեր, նախ՝ սպասվում է դասական համերգ, ապա գալա-համերգ՝ «Գաթա» բենդի և Արամ MP3-ի մասնակցությամբ։ Ավելի ուշ համայնքապետարանը հրավիրում է դիսկոտեկի՝ DJ EGO-ի մասնակցությամբ։

Նշենք, որ տեղեկություն կար նաև այն մասին, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցելու է քաղաքի օրվան նվիրված միջոցառումներին։ Սակայն Օragir.news-ը տեղեկացավ, որ Փաշինյանն այսօրվա միջոցառումներին չի մասնակցում։

Նշենք, որ վաղն էլ նշվելու է Սյունիքի մեկ այլ համայնքի ՝ Քաջարանի 64-րդ տարեդարձը։ Այստեղ նույնպես նախատեսված են բազմաթիվ տոնական միջոցառումներ՝ ծաղկեդրում զոհված ազատամարտիկների հուշահամալիրում, Գետափնյա փողոցում հանգստյան գոտու հանդիսավոր բացում, համաքաղաքային հյուրասիրություն, գալա-համերգ, հրավառություն։ Քաջարանի համայնքապետի մամուլի խոսնակ Դավիթ Համբարձումյանն ասաց, որ քաղաքի տոնակատարութունների մասնակցության համար հրավեր է ուղարկվել բոլորին։

«Մենք մեր կողմից բոլորին էլ հրավիրել ենք։ Հրավերներ ուղարկվել են թե՛ հանրապետության նախագահին, թե՛ վարչապետին, թե՛ տարբեր գերատեսչությունների, թե՛ մարզպետին․ ով կգա՝ չեմ կարող ասել։ Ամեն դեպքում՝ մենք թե՛ Հայաստանից, թե՛ Արցախից, թե՛ Սփյուռքից բոլորին հրավիրրում ենք»։

Անդրադառնալով մարդկանց տրամադրություններին՝ նա նշեց, որ բնականաբար, մինչև 2020 թ․-ը համայնքում այլ էր մարդկանց տրամադրությունը, հիմա բոլորովին ուրիշ է։

«Մենք նաև հպարտություն ունենք մեր քաղաքի համար, մեր քաղաքը նշում է 64-րդ տարեդարձը ու համայնքում յուրաքանչյուրը անցած տարիներին իր ներդրումն է ունեցել քաղաքի բարգավաճման ու կայացման գործում։ Քաջարանը 24-ժամյա աշխատող քաղաքներից է։ Իհարկե, մենք ունենք կարմիր գծեր, մենք կարողանում ենք և՛ վիշտ կիսել, և՛ ուրախությունը կրկնապատկել․ այդ սկզբունքով էլ առաջնորդվում ենք։ Բայց տոնը չենք էլ կարող չնշել։ Պատերազմից հետո մեզ մոտ էլ շատ բան է փոխվել, ու մեզ հիմա պետք էր մի սիմվոլիկ միջոցառում, որ մարդկանց համախմբումը լինի, որպեսզի համայնքում տրամադրությունները փոքր-ինչ փոփոխվեն։ Գիտեք, փոքր քաղաքներում գրեթե բոլորն էլ սգակիր են, մարդիկ մեկը մյուսի բարեկամն են, ու այս տոնոկատարությամբ էլ մենք պիտի համախմբվենք մեր դարդուցավը կիսենք»։