«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիների ճակատագիրը մնում է դեռևս անորոշ։
Կիսաքանդված, փոշոտ տաղավարները, որոնք, կարելի է ասել, մազով են փրկվել պայթյունի ծանր հետևանքներից, խանութների սեփականատերերը փորձում են այժմ կարգի բերել դրանք։
Oragir.news-ը զրուցել է «Սուրմալու» տոնավաճառի աշխատակիցների հետ՝ հարցնելով, թե ինչ են պատրաստվում անել։
Տնտեսվարողներից մեկը, ով ցանկացավ անանուն մնալ, Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ իրենք ոչ մի փոխհատուցման էլ չեն սպասում. «Դա, ըստ երևույթին, չի էլ լինելու։ Լիքը մարդիկ են եկել, նկարել, խելոք գնացել են։ Հետո կերևա՝ ինչ կլինի։ Այս պահի դրությամբ մենք ոչ մի բանի չենք սպասում։ Սենց մեր համար դասավորում ենք ապրանքները, մինչև տեսնենք՝ ինչ կլինի»։
Նման անորոշ կարծիքի էին նաև մյուս տաղավարների առրտրականներից շատերը, ովքեր չցանկացան ներկայանալ, սակայն մտահոգություն հայտնեցին, որ դեռևս որևէ բան չեն պատրաստվում անել, իսկ փոխհատուցման հետ կապված՝ կրկին անորոշ վիճակում են։
Oragir.news-ը զրուցեց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի հետ՝ հարցնելով, թե ինչ փոխհատուցում կարող է լինել «Սուրմալու»-ի պայթյունից տուժած առևտրականների համար։
«Պետությունը, միանշանակ, չի տալու փոխհատուցում։ Այս հարցը համարենք փակված։ Բայց այդ պարտավորությունն առաջանալու հստակ պնդում կարող ենք անել, երբ ունենանք հստակ փաստեր, թե պայթյունն ինչի հետևանքով է տեղի ունեցել։ Եթե, օրինակ, պայթյունը տեղի է ունեցել այնպիսի իրավիճակում, որ բացահայտման ուղղությամբ պարտավորությունները պետությունը չի արել ժամանակին, ապա տնտեսվարողներն իրավունք ունեն պետությունից պահանջել համապատասխան դրամական փոխհատուցումներ։ Որովհետև եթե պետությունն իր պարտավորությունն ուղիղ կերպով կատարեր և, օրինակ, խախտումները վերացնելու ուղղությամբ կատարեր աշխատանք, ապա այս պայթյունը տեղի չէր ունենա, և տնտեսվարողները չէին տուժի։ Այս պարագայում քանի դեռ չկա բացահայտված որևէ բան, ու եթե բացահայտվելուց հետո էլ մի տնտեսվարողի վրա մեղքը բարդվի, ապա դա կառավարության հայեցողական շրջանակում է մնում․ արդյո՞ք ինքը կանի համապատասխան որոշում՝ սուբսիդավորում տալու, թե ոչ։
Իսկ այս պարագայում, այս կառավարությանը նայելով, վստահ եմ, որ նրանց գործողությունները «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցածի վերաբերյալ սահմանափակվելու են բացառապես մի քանի ողբերգական լուսանկարներ տարածելով և մեկ էլ ինչ-որ
անձանց կողմից այնտեղ նախընտրական քարոզարշավի մեկնարկ անելով։
Այս ամենի բացահայտման ճանապարհին ունենք մեծ Սոդոմ-Գոմոր վիճակ, որովհետև երբ պայթյունը տեղի ունեցավ, իշխանական մամուլը սկսեց տարածել անհապաղ, որ պայթյունը տեղի է ունեցել հրավառության խանութի պահեստում, որից պահանջվեց երեք օր, որպեսզի ԱԻՆ նախարարը հայտնի, որ որևէ հստակ պատճառ չեն հայտնում, թե պայթյունն ինչի հետևանքով է տեղի ունեցել։ Դրանից հետո Գոռ Աբրահամյանն էլ իր հերթին տարածում է հայտարարություն, որ քրգործի հարուցման գործընթացը գտնվում է վերահսկողության տակ, և այդպես էլ չենք կարողանում հասկանալ՝ ի վերջո քրգործ հարուցվե՞լ է, թե՞ ոչ, եթե հարուցվել է, ապա ի՞նչ հոդվածով, ի՞նչ քրեական դատավարության գործիքակազմ են կիրառում՝ պարզելու համար պայթյունի հիմքը։ Կոչեր է անում իշխանական մամուլը, որ չտարածենք անհիմն լուրեր, բայց նույն իշխանական պատգամավորներին գիտեմ, որ այդ անհիմն լուրերը տարածում են, որին վարչապետի տիկին Աննա Հակոբյանն էլ հավանություն է տալիս ֆեյսբուքում»։