copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 13:17 16-08-2022

Դիմակայուն Հայաստան, անվտանգության և կանխարգելման մշակույթ․ Նիկոլայ Գրիգորյան

Ճգնաժամային կառավարում, ճգնաժամային հաղորդակցություն, աղետների ռիսկի կառավարում, հանրային իրազեկում, կառավարման մարմինների և բնակչության պատրաստվածություն։

Սիրելի լրագրողներ, կներեք, որ ձեր հարցերին անցած օրերին չպատասխանեցի: Սա մի փոքրիկ ակնարկ է աղետներին արձագանքման դժվարությունների ու խնդիրների վերաբերյալ: Կներեք, եթե ինչ որ կետ կամ տերմին լավ չեմ մտաբերել:
Ամբողջ աշխարհն այսօր պարզագույն արձագանքման քաղաքականությունից, ինչպիսին էր Սպիտակի երկրաշարժի ժամանակ, ռիսկերի նվազեցման միջոցով մոտեցել է ռիսկերի կառավարման քաղաքականությանը, երբ գնահատվում են բոլոր վտանգները, դրանցից առաջացող ռիսկերը, ու քայլեր են ձեռնարկվում, որ այդ ռիսկերը բացառվեն կամ նվազագույնի հասցվեն, հզորացվեն կարողություններն ու նվազեցվի խոցելիությունը, որ երկրներն ավելի պատրաստված ու դիմակայուն լինեն:

Աշխարհի ոչ մի երկիր, ինչքան էլ որ այն զարգացած ու դիմակայուն լինի, ապահովագրված չէ բնական, տեխնածին, համաճարակային, բնապահպանական, ահաբեկչական, դեպք-պատահարներից: Բայց հենց արձագանքումից, որոնողափրկարարական և վթարավերականգնողական աշխատանքների օպերատիվությունից ու արդյունավետությունից է կախված գնահատականը՝ հզոր է այս երկիրը, պատրաստված է, հոգատար ու սրտացավ վերաբերմունք ունի իր քաղաքացու նկատմամբ, թե՝ միշտ մի աղետ կամ մի վնաս գալիս են այդ երկրին անպակաս, ու բնակչությունն էլ վերջում մենակ է մնում իր դարդ ու ցավի հետ:

ԻՆՉՊԵՍ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆՈՒՄ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄԸ ՄԵԶԱՆՈՒՄ
Սպիտակի ժամանակ փրկարար չունեցող Հայաստանն այսօր աշխարհի լավագույն փրկարարներ ունեցող երկրների շարքում է՝ ԻՆՍԱՐԱԳ-ի անդամ, կազմակերպություն, որի մարզված անդամները լավագույնս հանդերձավորված ու տեխնիկապես հագեցված են, պատրաստ համագործակցված աշխատելու խոշոր բնակավայրերում:

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվում է ահազանգը՝ պայթյունի վերաբերյալ հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր մեկնած առաջին անձնակազմերը նաև հետախուզական գործառույթ են իրականացնում ու զեկուցում իրենց տեսածի և դեպքի վայրի բարդության աստիճանի ու իրական չափերի վերաբերյալ:

Քանի որ կա ահազանգ պայթյունի վերաբերյալ, բնականաբար, գործարկվում է նման դեպքերի համար նախատեսվող համատեղ պլանը՝ ոստիկանության, առողջապահության, ՊՆ-ի և անվտանգության ծառայության հետ: Իրականացվում է նաև օդային հետախուզություն:

Գնահատելով դեպքի վայրի ընդհանուր պատկերը, վտանգն ու ռիսկերը, անջատելով գազն ու էլեկտրականությունը, որոշում է կայացվում որոնողափրկարարական աշխատանքները սկսելու վերաբերյալ, ճշգրտվում են մուտքի ուղիները:
Առաջին նախապայման. ոչ մեկն իրավունք չունի հրշեջ-փրկարարին մտցնել տարածք, որտեղ նրա կյանքին վտանգ է սպառնում: Ինչքան էլ, որ անձնազոհության ու խիզախության օրինակներ ցույց տված լինեն մեր փրկարարները, նրանք իրենց գործը կարող են անել միայն կառավարվող ռիսկի պայմաններում: Նաիրիտի հրդեհ-պայթյունների ժամանակ հիշում ենք մեր փրկարարների անձնազոհությունը, երբ որոնողափրկարարական աշխատանքն ու հրդեհաշիջումն ուղեկցվում էին նոր պայթյուններով: Փառք Աստծո, միայն թեթև վնասվածքներ ու ծխահարումներ:

2001թվականի սեպտեմբերի 11-ին, ռիսկը սխալ գնահատելու պատճառով Նյույորքում, փլվող շենքերի տակ մնացին 341 հրշեջ, երկու պարամեդիկ, 60 ոստիկան և շտապ օգնության 8 աշխատակից:

1986թվականի ապրիլի 26-ին Չեռնոբիլի աղետին արձագանքող հրշեջները տեղյակ չէին իրենց պատուհասող վտանգի չափերին, չգիտեին ինչ վիշապի երախ էին մտնում:
Մինչ հրշեջ-փրկարարներն, արդեն ճշտված ուղղություններով, գործի անցնեն ներկայացնենք նաև մյուս ծառայությունների աշխատանքը:
Ոստիկանություն՝ հետաքննություն, տարածքի շրջափակում, նյութական արժեքների պահպանում: Աղետի գոտում գտնվող անձանց տարհանում-վտանգավոր գոտուց հեռացում:

Օպերատիվ հետախուզական գործունեություն՝ դեպքի վայր, ականատեսներ, տուժածներ, նրանց հարազատներ. ով ինչ է տեսել, ովքեր են տուժել, ում մոտ ինչ նկարած նյութեր կան, որ հետո քննիչների համար ավելի դյուրին լինի աշխատանքը: Փրկարարների ու բժիշկների հետ միասին տուժածների անձի հաստատում. որին որ հիվանդանոց տեղափոխեցին:
Վերջնական տվյալները հավաքվում են ՃԿԱԿ-ում, որոնք անընդհատ ճշգրտվում են, նույնը անհետ կորածներինն ու մահացածներինը: Հիշեցվում է 911 հեռախոսահամարը, որտեղ կարող են զանգել ինչպես տեղեկություն հաղորդելու այնպես էլ ստանալու համար:

Ազգային անվտանգության ծառայության գործն էլ պատահարի պատճառահետևանքային կապերի վարկածների մշակումն է, վերլուծությունը, իրավիճակի զարգացման հետագա սցենարների մոդելավորումն ու կանխարգելումը, և օպերատիվ այլ գործողություններ:

Անհրաժեշտության դեպքում գործի են անցնում ԱԻՆՙ ՊՆ և ոստիկանության ներքին զորքերի սակրավորները:
Դեպքի վայրին մոտ, անվտանգ տարածքում, բացազատվում է օպերատիվ կառավարման միջգերատեսչական շտաբը՝ բոլոր արձագանքող կազմակերպությունների, նաև քաղաքապետարանի, ջուր գազ, լույս, ընդհուպ հիդրոմետի ներգրավմամբ՝ եղանակի կանխատեսում, քամու ուղղություն և այլն: Շտաբը կահավորված է բոլոր գերատեսչությունների փոխկապակցված համակարգիչներով համապատասխան անհրաժեշտ տեղեկությունների շտեմարանններով: Էկրաններիn դեպքի վայրն է՝ բոլոր ռակուրսներով, աշխատում են նաև դրոնները:

Առանձին վրաններում են տեղակայվում բժշկական և հոգեբանական ծառայությունները:
Կապը, լույսը, առաջին անհրաժեշտության ապրանքներ, գործիքներ, պահեստամասեր, սնունդ, ջուր…
Բնապահպանական ծառայությունը զգուշացնում է՝ արտազատվող ծուխն արդյոք վտանգավոր է, թե ոչ: Այդ մասին պետք է իրազեկել նաև բնակչությանը՝ ինչքանով է վտանգավոր, ինչ է այրվում, ինչ նյութեր կան, մարդիկ հեռու գնան, հարակից շենքերում պատուհանները փակեն, ինչ անեն, կամ էլ մի անհանգստացեք՝ առողջարար ծուխ է:
Դեպքի վայրում աշխատողներն ու նրանց հետևող-ղեկավարող անձինք ծխապատ ու վտանգավոր տարածքում կրում են պաշտպանիչ սաղավարտներ և անպայման դիմակներ:

Թե չէ, ինչ է նշանակում ԱԻ նախարարի ծխահարումը, և հաստատ, նաև այլ մարդկանց ու բազմաթիվ: Հա, կարող ենք ասել, որ աշխարհում նման դեպքեր շատ են եղել, և ասենք անցած տարի հենց Ռուսաստանի ԱԻ նախարարը զոհվեց ընդամենը ուսումնավարժության ժամանակ: Նա էլ հո փորձառու էր, 55 տարեկան, եղել էր Պուտինի համհարզն ու անձնական անվտանգության ծառայության աշխատակիցը:

Բոլոր դեպքերում, բոլոր արձագանքողները պիտի մտածեն իրենց կյանքի ու առողջության, իրենց անվտանգության մասին:
Մտածեցինք, բացազատվեցինք, փողրակներն արդեն պատրաստ են, մեքենաները լիքն են ջրով, օգնելու պատրաստ կանգնած են քաղաքապետարանի լիցքավորված ջրատարները, ինչպես միշտ մոտերքում ջրային ավազան, ավազի պարկեր ու աշխատող հիդրանտներ չկան:

Բայց առաջին քայլերը կապված են մարդկանց կյանքը փրկելու հետ: Համապատասխան աշխատակիցների և օպերատիվ ծառայությունների հետ նայում են շենքի հատակագիծը, վկաներից-ականատեսներից ճշտում են փլատակներում մնացած մարդկանց թիվն ու հնարավոր գտնվելու վայրերը: Քրեական հետախույղները թափ են տալիս շենքի տերերին, բացի պահեստավորածից ուրիշ ինչ կարող էր պահված լինել փլուզված շենքում՝ ինչ որ պայթուցիկներ, զենք-զինամթերք: Այդ ամենը ճշտելուց և տեղեկություն փոխանակելուց հետո սկսվում են որոնողափրկարարական աշխատանքները, որոնց խանգարում են քամուց մոլեգնող կրակի ալիքները: Մեծ ծավալի ջրի օգտագործումը, սկզբում հրդեհաշիջման իրականացումը, ծխարձակման մեծ ալիք կբերի, որը փլատակներում մնացած մարդկանց կյանքի շանս չի թողնի:

Մենք ավելի ծանր պատկեր ունեինք Սպիտակի երկրաշարժի ժամանակ, երբ փլուզված շենքերի ընդերքում օրերով ու շաբաթներով մոլեգնում էին հրդեհները: Հին հրշեջները ձեզ կարող են պատմել այդ շարունակական դժոխքի մասին:
Այն ժամանակ մենք միայն հրշեջներ ունենք, իսկ հիմա բարձրակարգ մոտ երեք հազար հրշեջ փրկարար, մեզ հետ համագործակցող հասարակական ջոկատներ, խոշոր դեպքերի արձագանքման պլան, որտեղ ներառված են ոչ միայն հասարակական կամավոր և գերատեսչական ջոկատները, այլև Հայկական Կարմիր խաչը, բանակը, ոստիկանությունը: Եվ հերթափոխով նրանց աշխատանքի արդյունավետ կազմակերպումը ճգնաժամային կառավարման կետերից մեկն է:
Խոշոր աղետների՝ ուժեղ երկրաշարժերի դեպքում բնակչության պաշտպանության պլաններում հաշվարկված են մեր բոլոր ներքին ռեսուրսները, ծագող կարիքները, և ինչքան օգնության կարիք կլինի պահանջվող այլ երկրներից, միջազգային կազմակերպություններից, միջպետական կազմավորումներից:

Սուրմալույի տարածքում մեր երկրի արտակարգ իրավիճակների արձագանքման համակարգի արդյունավետության գնահատականը ես չէ, որ պիտի տամ. թող վերլուծեն, գնահատեն, կարևորը՝ դասեր քաղեն ու սերտեն, բայց կցանկանայի անդրադառնալ ճգնաժամային հաղորդակցությանն ու հանրային իրազեկմանը:
Ճգնաժամային կառավարման արդյունավետության հիմնաքարը ճշգրիտ լրատվությունն է:

Լրատվությունն արտակարգ իրավիճակներում նման է սննդի, այն պետք է տրվի ժամանակին և անհրաժեշտ քանակով:
Ճգնաժամային հաղորդակցությունը կառավարման մարմինների միջև, տեղեկատվական ներքին միջգերատեսչական հոսքերի կառավարում, հաղորդակցություն լրատվամիջոցների ու բնակչության հետ, հանրային իրազեկում, տեղեկատվական պլանների կյանքի կոչում, Միջգերատեսչական միացյալ լրատվական կենտրոնի գործարկում, շարժական լրատվական կենտրոնի տեղակայում դեպքի վայրի մոտ՝ շտաբին կից:

Կա աղետը, իրականությունը և դրա պատկերը լրատվամիջոցներում: Ոչ մեկը չի կարող ժխտել, որ նման մեծ աղետները նաև քաղաքական հնչողություն են ստանում, ու նաև լրատվական քաղաքականությունից է կախված կառավարման մարմինների հեղինակությունն ու արձագանքման ծառայությունների աշխատանքի արդյունավետությունը՝ երբ մարդիկ քեզ անվերապահ վստահում են, հավատում են ու աջակցում:

ԱԻՆ լրատվականը, որը կառավարում էր տեղեկատվական հոսքերի վտակներ, կարճ ժամանակում հայտնվում է հեղեղ կառավարելու փաստի առաջ, իսկ պահանջարկն ու հոսքերն անընդհատ աճում են:
Միջգերատեսչական լրատվական միացյալ լրատվական կենտրոնը, որի պլանները նախօրոք մշակվում են և ուսումնավարժությունների միջոցով խաղարկվում ու սրբագրվում, հնարավորություն է ընձեռում աճող ինտենսիվությամբ ներկայացնել արձագանքող բոլոր կազմակերպությունների փոխգործակցված աշխատանքը՝ ինչ ուժեր են ներգրավվել, ով ինչ է անում:

Ընտրվում են հիմնական խոսնակները՝ շարքայինից մինչև նախարար, բժիշկ ու ոստիկան, և այդ խոսնակները հետևողական ու տեղեկատվական նույն աղբյուրից օգտվելով, առանց միմյանց հակասելու և հերքելու-ուղղելու, առանց լրատվամիջոցների հետ բանավիճելու պատմում են կատարվող աշխատանքների ու արդյունքների մասին, փրկվածների ու տուժածների մասին, դժվարությունների ու բարդությունների մասին:

Մոնիտորինգի բաժինը ներկայացնում է, թե ինչ թյուրըմբռնումներ կան լրատվամիջոցներում, կոպիտ սխալներ կամ անճշտություններ, ինչ են խոսում բնակչության մեջ, և խոսնակին ներկայացվում է տեքստ, որտեղ այդ ամենը հաշվի է առնված, ուղղված, ճշտված, հուզող հարցերին պատասխանած:

Ճգնաժամային հաղորդակցությունը խուճապը կանխող երեք հիմնասյուն ունի` ինչ է տեղի ունեցել, ինչ են անում կառավարման մարմինները և ինչ պիտի անեն աղետի գոտում հայտնված մարդիկ`նրանց վարքականոնները:
Արտակարգ իրավիճակների լրատվությունը պիտի լինի ազատ ու ճշմարիտ, օպերատիվ ու օբյեկտիվ, չեզոք, անաչառ ու ամբողջական, կոնկրետ ու կոռեկտ, արժանահավատ, վստահելի, մարդկային ու մարդասիրական:

Կառավարման մարմնի յուրաքանչյուր ներկայացուցիչ պարտավոր է իր խոսքն սկսել կամ կարևոր հատվածում անդրադառնալ ցավակցությանն ու ապրումակցմանը զոհերին ու նրանց հարազատներին. դա մշակույթ է, կարեկից մարդ լինելու մշակույթ:
Ուղիղ տասը տարի ամերիկացիների հետ մշակեցինք ու կյանքի կոչեցինք միջգերատեսչական միացյալ լրատվական կենտրոնի գաղափարը, երբ արտակարգ իրավիճակում, ճգնաժամի ժամանակ երկիրը խոսում է մեկ ձայնով:

Տեղեկատվական անվտանգության և ընդհանրապես՝ ազգային անվտանգության ծանրաքարշ ու մեծամաշտաբ ռիսկերից են կեղտով, մաղձով, ապատեղեկատվությամբ, հայհոյանքով ու նպատակաուղղած տրոլներով խցանված տեղեկատվական խողովակները, որոնք ոչ միայն անառողջ մթնոլորտ, անպտուղ մուննաթ, նիհիլիզմ, թշնամություն, բացասական ֆոն, երկպառակություն, հուսալքություն և ևս մի քանի էջ սև ու մուգ տառերով փորագրած կազմալուծող հետևանքներ ու մթնոլորտ են ձևավորում, այլև հիմք են ստեղծում, որ արտակարգ իրավիճակներում և պատերազմի ժամանակ տեղեկատվական այդ խողովակներն արդյունավետ չգործեն, անհրաժեշտ տեղեկատվությունը թիրախային խմբերին չհասնի, վստահություն չներշնչի, եղած կեղտն ամբողջությամբ դուրս գա ջրի երես ու թունավորի բոլորիս:

Նիկոլայ Գրիգորյան
Տավուշ Մեդիայի խորհրդի նախագահ

Ամենից շատ դիտված

09:06 Ես մի օր դուրս կգամ բանտից, վայ նրան, ով կհայտնվի իմ ճանապարհին․ Հրապարակ
19:15 Ավտոբուսը Վերին Երզնկայում բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ 29 հոգի հոսպիտալացվել է. shamshyan.com
21:20 Վանդալիզմ` Երևանի սրտում. ներկով ջնջել են զոհված հերոսների նկարները
13:55 Ինչ են պայմանավորվել Բրյուսելում ապրիլի 5-ին․ ադրբեջանական մամուլը հրապարակել է մանրամասներ
12:20 Ոսկեպարում Փաշինյանին չեն մերժի․ մարդիկ ցանկանում են հասկանալ՝ ինչ լուծումներ է նա առաջարկում
16:22 Փաշինյանը զորքով հեռանում է Տավուշից
07:42 Վրաստան մուտքի համար ՀՀ քաղաքացիները պիտի պարտադիր առողջապահական ապահովագրություն ունենան. Ժողովուրդ
11:35 Փաշինյանի այցին ընդառաջ Ոսկեպարում ուժեղացված ծառայություն է իրականացվում
11:00 Նիկոլ Փաշինյանի դասախոսությունը լսելու համար անգամ շանս չէի ուղարկի. հարցում
17:00 Ոստիկանը կտուգանի «պլյոնկած» ապակիներով երթևեկող Աննա Հակոբյանին