Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:25 15-08-2022

Որ թուրքը Երևան մտնի, էլի ասելու են՝ ռուսն է մեղավոր, որովհետև էդ մարդիկ վճարվում են դրսից․ Հայկ Նահապետյան

Քրիստինե Հովհաննիսյան

Լրագրող

Համացանցում տեղեկատվություն է տարածվում այն մասին, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունն իր վրա է վերցրել Սեմյոն Պեգովը։ Միաժամանակ, երեկվանից տեղեկություն է շրջանառվում այն մասին, որ ռուսական Life.ru կայքը, որը պատկանում է ծագումով հայ ռուսաստանաբնակ գործարար Արամ Գաբրիելյանովին, «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի մասին լուրը հայտնել է պայթյունից 2 ժամ առաջ՝ Մոսկվայի ժամանակով՝ 10:21-ին, Երևանի ժամանակով՝ 11:21, այն դեպքում, պայթյունը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով՝ 12:21, կամ Երևանի ժամանակով՝ 13:21-ին։

Oragir.news-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը հարց ուղղեց՝ իսկ գիտե՞նք, թե ով է ստեղծել Սեմյոն Պեգովի ֆեյք էջը։

«Իսկ գուցե ստեղծել են նույն այդ լուրերը տարածող կազմակերպության անդամները։ Նման էջերը կարող են ցանկացած անհեթեթ տեղեկատվություն տարածել։ Հիմա հղում են անում այդ կեղծ էջերին։ Ես սկզբունքորեն չեմ բացառում, որ հենց իրենք կարող են նման էջեր ստեղծել կամ ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները։ Ինչ վերաբերում է ժամանակը կեղծելուն, ապա ժամանակը կեղծելը որևէ դժվարություն չի ներկայացնում։ Հասկանո՞ւմ եք, ստացվում է, որ այս պարզամիտների տրամաբանությամբ՝ ՌԴ-ն Հայաստանում հատուկ գործողություն է անում և 2 անձի միջոցով ժամանակից շուտ ինֆորմացիա է բաց թողնում, որ իբր իրենք իրազեկեն, որ նման բան պետք է արվի»։

Նահապետյանն ընդգծեց, որ ռուսական պետությունը նման լուրեր տարածողները խառնում են հոգեկան շեղում ունեցող իրենց որոշ ընկերների հետ։

«Կարելի՞ է գտնել պետություն, որն իր ինքնիշխանությունը վերականգնելու համար բառի ուղիղ իմաստով պատերազմի մեջ է բոլոր ճակատներով հավաքական արևմուտքի հետ և նման հիմարություն է անում։ Հասկանո՞ւմ եք, վաղը, որ թուրքը Երևան մտնի, էդ խելացնորներն ասելու են՝ ռուսն է մեղավոր, թուրքը յաթաղանը կարող է հանել, ասեն՝ ռուսն է մեղավոր, որովհետև էդ մարդիկ վճարվում են Արևմուտքի հատուկ ծառայությունների կողմից, որոնց հատուկ ծառայությունների՝ Մեծ Բրիտանիայի արտաքին ռազմական հետախուզությունը և կենտրոնական հետախուզական վարչությունը ֆոնդեր են ֆինանսավորում, իսկ այդ ֆոնդերը սրանց են ֆինանսավորում։ Սրանց ամբողջ գործունեության իմաստը ՌԴ-ի դեմ խոսելն է։ Էսօր ինձ հետաքրքրիր է, եթե ՌԴ խաղաղապահ ստորաբաժանումները Արցախում, 102 ռազմաբազան, սահմանին կանգնած ռուսական սահմանապահ ուժերը դուրս գան՝ էդ մարդիկ են իրենց պիկապներով ու ՆԱՏՕ-ի զորքով հայությանը պահելու»։

Նա ընդգծեց, որ մենք պետք է հասկանանք, որ մեր դիմաց ազդեցության գործակալներ են, որոնք օրական 24 ժամ ՌԴ-ի վրա ցեխ պետք է շպրտեն, իրենց գոյության իմաստը դա է։

«Նրանք այն ուժն են, որ 2018 թ-ից մինչև պատերազմի ավարտը գովում էին Փաշինյանին, մինչդեռ հիմա սկսել են քննադատել, հիմա պարզվում է՝ իրենք լրջագույն քաղաքական ուժ են, իսկ Նիկոլը դավաճան է։ Այսինքն՝ 2 տարվա մեջ տրամագծորեն փոխվել են նրանց հայացքները, ու հիմա նրանց խոսքին որևէ կերպ վստահությունը անմտություն է»։