Երևան +19°
copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 16:06 15-08-2022

Ռումբի մասին զանգն է հենց ահաբեկչություն, այլ ոչ թե ռումբը. Մարտիրոսյան

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

«Անհնար է ասել՝ ով կարող է լինել, մինչև ռեալ գտնելը, միայն մի քանի ենթադրություն կարելի է անել, որ ակնհայտ միտումնավոր է արվում, մտածված, սա ավելի մեծ ռազմավարության մի մաս է»,- այս մասին այսօր oragir.news-ի հետ զրույցում ասաց տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը՝ խոսելով վերջերս հաճախակի դարձած ռումբի տեղադրման մասին կեղծ ահազանգների մասին։

«Նրանք, կարելի է ասել, զուգահեռ են աշխատում այլ իրադարձությունների հետ, օրինակ՝ սահմանային լարվածությունը, երեկվա «Սուրմալուի» դեպքը։ Գուցե այդ ձևի ուժերը շատ չեն, կարելի է մոտավորապես պատկերացնել, իմ կարծիքով՝ այստեղ ավելի շուտ Ադրբեջանն է»,- ասաց Մարտիրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ըստ նրա՝ որտեղից են այդ ահազանգերը, և ով կարող է լինել կանգնած այդ զանգերի հետևում։

Հարցին, թե ինչպես կարող են ադրբեջանցիները համացանցով զանգել, Մարտիրոսյանը պատասխանեց․ «Սա էլեկտրոնային փոստով է արվում, և շատ ավելի հեշտ է քողարկելը դա անողի համար։ Տեսեք, իրականում ահաբեկչությունը այս ձևով չի աշխատում։ Եթե նայեք աշխարհի ահաբեկչական գործողություններին, ապա հիմնականում զանգում են գործողություններից հետք, որպեսզի հայտնեն, թե ով է արել։ Կան, պատմականորեն եղել են մի շարք երկրներում նման դեպքեր, երբ որ նախօրոք են զգուշացրել, բայց զգուշացնողը կոնկրետ հայտարարել է, որ ինքը քաղաքական կամ ռազմական ուժին է պատկանում, որպեսզի ստորագրի և ցույց տա, որ ինքը ունակ է նման բան անել, ինչից հետո իսկապես ռումբը պայթեցվել է։ Այդպիսի դեպքեր, օրինակ, Մեծ Բրիտանիայում են եղել, Իսպանիայում, բայց այս ձևով։ Սրա ահաբեկչությունը հենց զանգն է, հայտնությունը ռումբի մասին, այլ ոչ թե հենց բուն ռումբը»։

Հարցիրնք Մարտիրոսյանին՝ իսկ ինչ պետք է անել, որպեսզի նման դեպքեր չլինեն, ինչպես պայքարենք այս ամենի դեմ։ Մարտիրոսյանը ասաց. «Ո՛չ ես, ո՛չ Դուք չպետք է այս ամենի դեմ պայքարենք, գոյություն ունեն կոնկրետ կառույցներ, որոնք պետք է աշխատեն՝ ուժային կառույցներ։ Մենք անընդհատ փորձում ենք բոլոր հարցերի դեմ ազգովի պայքարենք, այդպես չէ էլի, կան մարդիկ, ովքեր պետք է այդ գործով զբաղվեն։ Ուրիշ հարց, որ ակնհայտ է՝ պետք է վերանայեն մոտեցումները, որովհետև կանոնակարգը, որը գործում է, հիմնված է եղել նախորդ ժամանակահատվածի վրա, երբ որ այս ամենը հնարավոր էր միայն հեռախոսազանգերի միջոցով, որոնք շատ ավելի հեշտ վերահսկվում էին, և արագ հնարավոր էր գտնել զանգողին»։

Հարցին, թե ինչ նկատի ունի՝ մոտեցումների վերանայում ասելով, Մարտիրոսյանը պատասխանեց. «Պարզելը արագ հնարավոր չէ, եթե էլեկտրոնային փոստով է գալիս, դուք ամեն դեպքում չեք կարող արագ պարզել՝ որտեղից է եկել։ Պետք է վերանայել մոտեցումները, թե ինչ գործողություններ պետք է կատարել ահազանգը ստանալուց հետո։ Պետք է ուսումնասիրել աշխարհի փորձը, տեսնել՝ ինչպես կարելի է կիրառել այստեղ։ Դա հեշտ, պարզ խնդիր չէ։ Բայց եկեք հակառակ կողմից նայենք․ եթե ամեն օր լինի ահազանգ, դա կնշանակի, որ մենք մետրո այլևս չենք ունենա»։