copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:44 13-08-2022

Գինու և կոնյակի գործարաններում դրսից սպիրտ ներկրելով` դանդաղեցնում են խաղողի մթերման ընթացքը

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

Այս տարի խաղողի մթերման հետ կապված կարող է խնդիրներ չլինեն։ Այս մասին Օragir.news-ի հետ զրույցում ասաց գյուղատնտես Հարություն Մնացականյանը` պատասխանելով մեր այն հարցին, թե այս տարի խաղողի մթերման հետ կապված արդյոք խնդիրներ կառաջանան։

Հիշեցնենք, որ գրեթե ամեն տարի խաղող արտադրող գյուղացիները ունենում են խաղողի մթերման խնդիր։

«Անցած տարիներին հիմնականում տեղական շուկայում էին իրացնում, բարձրակարգ խաղողը շատ քիչ քանակով արտահանում էին։ Հիմնական մթերողները կոյնակի, գինու գործարաններն էին։ Այս տարի հավանականություն կա, որ նաև տեխնիկական խաղողը կարտահանվի Հայաստանից։ Ռուսաստանը քանի որ չի կարողանում Եվրոպայից խաղող մթերել, այստեղ անընդհատ ազդակներ են լինում, որ իրենք տեխնիկական խաղող են ուզում մեծ քանակությամբ»,- ասաց Մնացականյանը։

Անդրադառնալով մթերվող խաղողի այս տարվա գներին՝ Մնացականյանն ասաց. «Ինձ թվում է՝ այս տարի տեխնիկական խաղողի վատագույն գինը կլինի 140 դրամը»։ Հարցրինք Մնացականյանին՝ իսկ ինչ գնով էին նախորդ տարիներին մթերում խաղողը. «Եղել է 120, 130, տարի է եղել՝ մինչև 160 է հասել, անցած տարի նվազագույնն էր 120-130-ը։ Այդ համամասնությամբ այս տարի 140 պյլուս կարող է լինել»,- ասաց նա։

Պատասխանելով հարցին, թե խաղողի ի՞նչ բերք է ակնկալվում այս տարի, Մնացականյանն ասաց. «Անցած տարի շատ վատ երաշտ էր, անցած տարվա համեմատ, ինձ թվում է, այս տարի շատ ավելի լավ կլինի»։

«Խաղողի մթերման խնդիրների մասին ագրոգյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը ասաց․ «Անպայման մթերման հետ կապված խնդիրներ լինելու են, քանի որ կառավարությունը դոփում է տեղում, նոր մտքեր չկան, նույն սցենարը, ինչպես անցյալ տարի, կրկնվելու է։ Քանի կառավարությունը դեմքով շուռ չի եկել դեպի գյուղացին և տարբեր ընկերությունների հետ աշխատելով՝ փորձում է ինչ-որ հարց լուծել, մենք երբեք հաջողություն չենք ունենա»։

Հարցրինք Բերբերյանին, թե ինչ պետք է անի կառավարությունը, որ չի անում, «դեմքով գյուղացուն շուռ գալ» ասելով՝ ի՞նչ նկատի ունի․ «Խելք է պետք։ Գիտեք ինչ, թող իրենց կադրերը կարգի բերեն, այս կադրերով ապագա չունենք», - ասաց նա։

Անդրադառնալով հարցին, թե որոնք են մթերման շուկայում առաջացող խնդիրները պատճառները, Բերբերյանն ասաց. «Խոշոր ընկերությունները, բայց համոզված չեմ դրանում, կարծիք կա այդպես, որ պայմանավորվում են իրար հետ գնի համար, որովհետև ավելի լավ է՝ դրսից առնեն ինչ-որ սպիրտներ՝ Պարսկաստանից, Թուրքիայից, և այդ մթերված սպիրտը ցույց տան խաղող, իրականում խաղողի մթերումը դանդաղեցնեն։ Չնչին քանակությամբ է մնացել Հայաստանում խաղողը, որովհետև միայն Էջմիածնի ու Փարաքարի գինու գործարանները իրար հետ ժամանակին մթերում էին մոտ 200,000 տոննա, հիմա պատկերացրեք՝ ինչ անկում ենք ապրել։ Գործարաններին ձեռնտու է պատրաստի սպիրտ ձեռք բերել, իհարկե, բոլորը չեն, բայց որոշ ընկերություններ արդեն այդ ձևով երկար ժամանակ աշխատում են։ Կառավարությունը, չեմ հասկանում, կա՛մ աչքերը կապում է դրա վրա, կա՛մ չի էլ հասկանում, որովհետև անմիջապես կարելի է այդ ստվերային տնտեսությունը բացահայտել, բայց Փաշինյանը մի անգամ այս մասին ասաց, կարծես թե սայլը ուզում էր տեղից շարժվել, բայց ոչինչ չարվեց»։

Հրացրինք Բերբերյանին, թե այս տարի քաղաքացիների համար խաղողն ինչ արժեք կունենա։ «Գիտեք, թանկացել են պարարտանյութը, դիզվառելիքը, դա, բնականաբար, կազդի խաղողի գնի վրա, կարծում եմ, որ խաղողը կրկնակի գին կունենա։ Թե գործարաններն ինչ գնով կմթերեն, չեմ կարող ասել, որովհետև օդից եկած լուրերով՝ նրանք իրար հետ պայմանավորվում են»։

Ամենից շատ դիտված