Ուղիղ եթեր
Խոսք Ներքին 4 տարի առաջ - 19:43 09-08-2022

Փայլուն հաշվարկ ու փայլուն երկրակործան ծրագիր՝ այն 30 արծաթանոց վիրտուո՛զ կատարողներով․ Շուշան Պետրոսյան

Oragir.news-ի զրուցակիցը ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանն է։

- Տիկի՛ն Պետրոսյան, Լաչինի միջանցքի 3 գյուղերը հանձնվում են Ադրբեջանին, բայց արվեստի, մշակույթի շատ գործիչներ այս անգամ էլ են լուռ։ Ինչո՞վ է պայմանավորված վերջիններիս լռությունը, մի օր կխախտվի՞ այդ լռությունը։ Ինչպե՞ս կարող են, օրինակ, երգեր երգել հայրենիքի մասին, բայց նման դեպքերում լուռ մնալ։

-Ես Ձեր հարցին պատասխան չունեմ, անկեղծ։ Ինքս էլ չեմ հասկանում՝ ինչպես է նույնացվում Հայրենիքի մասին երգդ բացակա վիճակիդ հետ, ինչպե՞ս ես երգում այդ երգերը, երբ գերագույն արժեքդ Հայրենիքը չէ։ Վստահ եմ՝ շատերը տեղն էլ չգիտեն, ցավով եմ ասում։ Ինչո՞վ է պայմանավորված լռությունը․ պատեհապաշտությամբ, անտարբերությամբ, օրվա հացի վաստակից գոյացած ինքնաբավությամբ։ Անազնիվ է Հայրենիքի ու արվեստի նկատմամբ, ավելին ասել չեմ կարող, ուղղակի չեմ հասկանում։

-Տեսանյութ տարածվեց, որ Աղավնոյի երեխաները դպրոցի պատերից պոկում են իրենց նկարները, գույքը։ Աղավնոյի գյուղապետն ասում էր, որ այդ դպրոցը Դուք եք վերանորոգել։ Ի՞նչ երազանքներով էիք դպրոցը վերանորոգում և ի՞նչ եք զգում՝ այդ տեսնելով։

-Դպրոցը ես չեմ վերանորոգել, հայրենասեր մարդիկ են հովանավորել, ու վերանորոգվել է մի մասը։ Ես ընկերներիս հետ բացել եմ դպրոցի բուֆետը, դահլիճ՝ կինոդիտումների, հանդեսների համար, կարի «արտել» եմ բացել, որ կանայք աշխատեն, մի խոսքով՝ ծանր է ինձ համար այս թեմայով խոսելը, նոր ծրագիր ունեի, վարսավիրանոց էի ուզում բացել, Մարգարիտ Եսայանը հատուկ կահույք ուղարկեց իր ծանոթների կողմից, ու որոշել էինք… ծանր է, ու անասելի ցավ եմ ապրում։

-Դուք ընդդիմադիր հավաքներին պարբերաբար մասնակցում էիք, այսօր ընդդիմությունը լուռ է, մոտակա հանրահավաքը նշանակված է սեպտեմբերի 2-ին։ Շատերին ընդդիմության գործողությունները տարակուսելի են թվում, Դուք ի՞նչ կարծիք ունեք ընդդիմության պահվածքի վերաբերյալ, արդյո՞ք այն համարժեք է իրավիճակին։

-Չեմ պատասխանելու այս հարցին, «ընդիմությունը ես եմ» սկզբունքով։ Չեմ սիրում «կոկլիկ» հավաքներ։ Նոյեմբերի 9-ից հետո անհայրենիք սրիկան իր թիմի հետ պիտի պատժված լիներ, առանց հոնք շարժելու ու բայցերի, թե այս մեկը քիչ է դավաճանել, այն մեկը քիչ ավելի, իրո՞ք։ Մի քիչ հղի չեն լինում․ կա՛մ հղի են, կա՛մ՝ ոչ, Հայրենիքդ կա՛մ սիրում ես, կա՛մ՝ ոչ, դավաճան ես, կամ՝ ոչ։ Դավաճանը պիտի պատժվի, այսքանը։ Իսկ այդ անծագում անհայրենիքը դեռ կա՛, կա՛ ու օր օրի կործանում է Հայրենիքս։ Ասում եք՝ միտինգը ամսի 2-ի՞ն է։ Ես, օրինակ, այդ օրը Արցախում կլինեի՝ Արցախի Հանրապետության անկախության 31-ամյակը նշելու, հե՛նց ընդիմության հետ։ Ընդիմությունից տարակուսածներն էլ հիմնականում համակարգչի առջև նստած Ավարայրներ անողներն են։ Եղբայր, ես եմ ընդիմություն, որ սեփական կարծիքս կարող եմ բարձրաձայնել համախոհներիս մեջ ու երբեք չեմ հանդուրժի ընդիմությունը պառակտող, ներքին «ընդիմության» մեծ-մեծ խոսելը, ամբիցիոզ կեցվածքը, ինչո՞վ են տարբերվում նիկոլին 30 արծաթով ծախված ֆեյքերից։ Երկուսն էլ կործանարար են։

-Տարբեր զինվորականներ, ազատամարտիկներ զենք են խնդրում, ուզում են Աղավնոյի դիմադրությունը կազմակերպել, Ձեր կարծիքով՝ հնարավո՞ր է դիմադրությամբ պահել Աղավնոն ու Բերձորը։

-Ակնան, որ ազատագրվում էր մենք դեռ կանոնավոր բանակ չունեինք, զենք չունեինք, ոգի էր ու խելք։ Այս սրիկան մի ամբողջ սերունդ կործանեց, նզովվի դա, երկու պատերազմ հաղթած տղերքի մեջքը կոտրեց, բայց մարտիկը մնում է մարտիկ… Մի բան էլ հավելեմ․ ինքնապաշտապնություն կազմակերպողն այդ մասին սոցցանցերում չի հայտարարի, պարտիզանական միավորումների մասին չեն բարձրաձայնում, ուղղակի կազմակերպվում են, մի քիչ ձևն ինձ խորթ է։

-ՔՊ-ական Վիգեն Խաչատրյանն ասել է, թե Աղավնոն ու Բերձորը պատմականորեն մերը չեն եղել, ադրբեջանակն ԶԼՄ-ները տարածում են դա՝ ասելով, որ հայ պաշտոնյաները խելքի են գալիս։ Ձեր կարծիքով՝ ինչի՞ համար են նման հայտարարություններ անում։

-Ամեն անհայրենիք տխմարի հայտարարություն համացանց գցելով՝ շեղում են հասարակությունը բուն թեմայից՝ Բերձորը, Աղավնոն հանձնում են։ 2020-ին, որ արդեն «հասել էիք Շահումյան ու Գետաշեն », այս ապիկար անհայրենիքի մեղքով հանձնվեցին Շուշին, Հադրութը, Մեծ Թաղերը, Խծաբերդը, Հին Թաղերը, Պլեթանցը, Տողը, Վարդաշատը, Քյուրաթաղը, Քարագլուխը, Տումին, Ջրակուսը, Ուխտաձորը, Նորաշենը, Մոխրենեսը, Հակակուն, Հարթաշենը, Մարիամաձորը, Ծամձորը Կարմրակուճը, Ծակուռին, Խանձաձորը, Թաղոտը, Դրախտիկը, Թաղասերը, Բանաձոր, Արևշատը, Այգեստանը, Առաքելը, Ակնաղբյուր, Ազոխը Տյաքը, Նոր Հայկաջուրը, Նոր Այգեստանը, Նոր Մարաղան, Նոր Կարմիրավանը, Սեյսուլանը,Թալիշը, Մատաղիսը, Հովտաշենը, Ջրաբերդը, Վազգենաշենը, Ջիվանին, Սարգսաշենը Շեխերը, Զարդանաշենը, Մադաթաշենը, Ջրաղացները Մոշխմհատը, Սղնախը, Չանախչին, Ակնաղբյուրը… ու այս աղետը շարունակվում է։ Ինչ-որ կիսաուսյալ ողորմելի իր շուրջ հավաքել է իրեն ենթարկվող տեսակին, ու դրանք միասին որոշում են Հայրենիքիս լինել-չլինելու հարցը։ Հավանաբար պարգևավճարներն այդ սկզբունքով են բաժանվում, դրանցից շարքային մեկը տխմար տեքստ է ասում, որ համացանցում հայտնվի ու մարդիկ շեղվեն բուն խնդրից, դե իրենք էլ շեղվելու «վարպետ»։ Փայլուն հաշվարկ ու փայլուն երկրակործան ծրագիր՝ այն 30 արծաթանոց վիրտուո՛զ կատարողներով։ Բերձորն ու Աղավնոն հանձնում են։

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է