copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 18:38 09-08-2022

Փաշինյանի օրոք 68 դատապարտյալ ու կալանավոր է մահացել․ թվեր, որոնք մտածելու տեղիք են տալիս

Կորյուն Սիմոնյան

Լրագրող

Դատական նիստի ընթացքում դատարանի դահլիճում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահը շոկային էր հասարակության համար, սակայն Oragir.news-ի հարցմանն ի պատասխան՝ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության ներկայացրած տվյալները ոչ պակաս շոկային են։ Մենք քրեակատարողական ծառայությանը հետևյալ հարցադրումներն էինք ուղարկել։

1․ 2018 թվականից սկսած Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում, կալանավայրերում քանի՞ դատապարտյալ-կալանավորված անձ է մահացել։ Քանի դատապարտյալ-կալանավորված անձ է մահացել 2022 թվականից մինչ օրս։

Այս հարցերին ի պատասխան՝ ՔԿԾ-ից հետևյալ թվերն են հայտնել․ «2018 թ․-ից 2022 թվականի օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում մահացել է՝

2018թ. - 18 անձ, որից՝ 13 դատապարտյալ, 5 կալանավորված անձ (մահվան դեպքերից 10-ն արձանագրվել է քրեակատարողական հիմնարկում, 8-ը քաղաքացիական բուժհաստատությունում),

2019թ. – 21 անձ, որից՝ 12 դատապարտյալ, 9 կալանավորված անձ (մահվան դեպքերից 10-ն արձանագրվել է քրեակատարողական հիմնարկում, 11-ը՝ քաղաքացիական բուժհաստատությունում),

2020թ. – 5 անձ, որից՝ 1 դաատապարտյալ, 4 կալանավորված անձ (մահվան դեպքերից 3-ն արձանագրվել է քրեակատարողական հիմնարկում, 2-ը՝ քաղաքացիական բուժհաստատությունում),

2021թ. - 13 անձ, որից՝ 6 դատապարտյալ, 7 կալանավորված անձ (մահվան դեպքերից 5-ն արձանագրվել է քրեակատարողական հիմնարկում 8-ը՝ քաղաքացիական բուժհաստատությունում),

2022թ. օգոստոսի 1-ի դրությամբ - 11 անձ, որից՝ 4 դատապարտյալ, 7 կալանավորված անձ (մահվան դեպքերից 4-ն արձանագրվել է քրեակատարողական հիմնարկում, 6-ը՝ քաղաքացիական բուժհաստատությունում, 1 դեպք արձանագրվել է դատարանում)»։

2․ Հարցին, թե նշված ժամանակահատվածներում քանի՞ դատապարտյալ-կալանավորված անձ է ինքնասպան եղել, ՔԿԾ-ից պատասխանել են․

«2018 թ.-2022 թվականի օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում քրեակատարողական հիմնարկներում ինքնասպանության հետևանքով մահացել է

2018թ. – 2 անձ, որից՝ 1 դատապարտյալ, 1 կալանավորված անձ,

2019թ. – 5 անձ (կալանավորված անձ),

2020թ. – 1 անձ (կալանավորված անձ),

2021թ. – 2 անձ (կալանավորված անձ),

2022թ. օգոստոսի 1-ի դրությամբ – 2 անձ (դատապարտյալ)»։

3․ Հաջորդիվ ՔԿԾ-ից հետաքրքրվել ենք, թե նշված ժամանակահատվածում՝ 2018-ից մինչ օրս, փախուստի քանի՞ դեպք է գրանցվել․

«2018 թ.-ից 2022 թվականի օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում արձանագրվել են փախուստի հետևյալ դեպքերը՝

2018թ. - փախուստի դեպքեր չեն արձանագրվել,

2019թ. – արձանագրվել է փախուստի 2 դեպք (1 դեպք արձանագրվել է քաղաքացիական բուժհաստատությունից, 1 դեպք՝ քրեակատարողական հիմնարկից),

2020թ. - փախուստի դեպքեր չեն արձանագրվել,

2021թ. - արձանագրվել է փախուստի 2 դեպք (1 դեպք արձանագրվել է քաղաքացիական բուժհաստատությունից, 1 դեպք՝ քրեակատարողական հիմնարկից),

2022թ. օգոստոսի 1-ի դրությամբ՝ արձանագրվել է փախուստի դեպք (քրեակատարողական հիմնարկից)»։

4․ ՔԿԾ-ից նաև փորձել էինք ճշտել, թե 2018 թվականից սկսած քանի՞ դատապարտյալ-կալանավորված անձ է մահացել հացադուլի հետևանքով, և քանիսն են մահացել ոչ պատշաճ բժշկական օգնության ստանալու կամ դրա բացակայության հետևանքով։

Այս հարցերին ՔԿԾ-ից չեն պատասխանել՝ նշելով, որ այդ տեղեկության տրամդրողը ՔԿԾ-ն չէ․ «2-րդ և 4-րդ հարցադրումների կապակցությամբ տեղեկացվում է, որ դրանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը դուրս է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության իրավասությունների շրջանակներից: Մասնավորապես, ինքնասպանության կամ մահվան յուրաքանչյուր դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նախաձեռնվում է քրեական վարույթ և համապատասխան պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից իրենց իրավասության սահմաններում իրականացվում է նախաքննություն: Քրեական վարույթի ընթացքում մահվան պատճառները պարզելու նպատակով նշանակվում է նաև դատաբժշկական փորձաքննություն, որոնց արդյունքները կցվում են քրեական վարույթի նյութերին, հետևաբար՝ մահվան, այդ թվում նաև ինքնասպանության դեպքերով նախաձեռնված քրեական վարույթի ընթացքի, դրանց պատճառների, պատճառահետևանքային կապի կամ այլ էական նշանակություն ունեցող հանգամանքների) վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել քրեական վարույթ իրականացնող մարմիններին»: