Երեկ հայտնի դարձավ, որ Լաչինի միջանցքի Ներքին Սուս, Աղավնո և Բերձոր համայնքների բնակիչներին
20 օր ժամանակ է տրվել՝ գյուղերը ազատելու համար, որպեսզի այդ գյուղերը ևս հանձնվեն Ադրբեջանին։ Այս մասին տարբեր գործիչներ դեռևս ամիսներ առաջ էին ահազանգում, սակայն նրանց ծաղրում էին, մեղադրում դավադրապաշտական տեսություններ, խուճապ տարածելու մեջ։ Երեկ արցախահայության ևս մի մասին` մոտ 500 մարդու, տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանը փոխանցել է Բաքվի կամքը, որ մինչև օգոստոսի 25-ը լքեն իրենց տները։
Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին հարցրինք, թե երբ է ավարտվելու զիջումների այս աղետալի ընթացքը։ Սրբազան Հայրը իրատեսական պատասխան տվեց․ «Վերջ չի լինելու»։
- Այդ դեպքում արցախահայության ճակատագիրն ի՞նչ է լինելու։- Արցախահայության վերջի մասին արդեն ձեր վարչապետը ասել է, Ալիևն էլ նույնն է ասել․ կա՛մ մնում են Ադրբեջանում՝ իբրև Ադրբեջանի քաղաքացիներ, կա՛մ հեռանում են։
- Եթե Արցախը մնալու է Ադրբեջանի կազմում, Հայաստանն ի՞նչ է լինելու, զիջման հաջորդ օբյեկտը ո՞րն է լինելու։- Դե ես արդեն ասել եմ՝ Հայաստանն արդեն զիջված է, Հայաստանը դառնում է ռեզերվացիա, որտեղ Թուրքիայի և Ադրբեջանի թողտվությամբ հայերը կարող են ապրել այնքան, ինչքան որ կարող են։ Հայաստան պետությունն այլևս գոյություն չունի, այս պահին էլ գոյություն չունի։
- Երբ հայտնի դարձավ, որ Արցախից ժամկետային զինծառայողներին հանել են, և այլևս զորակոչ չի լինելու ՊԲ, շատերը Հայաստանում ցնծում էին, որ իրենց որդիները այլևս Արցախում չեն ծառայելու, բայց մի քանի տարի առաջ Արցախում ծառայելը պատիվ էր ու հպարտություն։ Ի՞նչ փոխվեց։- Ուրեմն դա նշանակում է, որ այդ ամբողջ հպարտությունը և այլն, կեղծ էր։ Մեզ այդ հայրենիքը պետք չէր։ Մեզ այդ հայրենիքը պետք էր ընդամենը գնալու, լուսանկարվելու համար, հպարտանալու, լոպազանալու համար, 90-ականների սերունդների հաղթանակով հպարտանալու, մեծ-մեծ խոսելու, մեծամտանալու, Շուշիի ֆոնին նկարվելու համար։ Վերջ։ Այսինքն՝ օգտվել իրավունքներից, բայց պարտականություններ չունենալ։
- Հիմա, երբ Արցախի փրկության համար քաղաքական պրոցեսներ են սկսվում, դա էլ է ծաղրվում, ասում են՝ «էլի փրկիչներ են հայտնվել»։ Փրկություն իրո՞ք չկա, ամեն ինչ անհույս է և հիմնահատակ ավերվա՞ծ։- Այս վիճակում փրկության հույս չկա։ Փրկության հույս այն ժամանակ կլինի, երբ դուք ունենանք պետական մտածողությամբ այրեր, որոնք կանգնած են պետության և բանակի ղեկին, եթե դուք չունեք այդպիսի այրեր, ապա անկումը պիտի շարունակվի։