Երևան +21°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 01:10 04-08-2022

Ահաբեկչության մասին սուտ լուրեր տարածելը քրեորեն հետապնդելի է

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

Օգոստոսի 2-ին՝ ժամը 18։59-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի քաղաքապետարանում, Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում, Բաղրամյան 19 հասցեում, ինչպես նաև զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում պայթուցիկ սարքեր են տեղադրված։ Այսօր արդեն ԱԻՆ-ից մեզ ասացին, որ այս տարվա ընթացքում նմանատիպ 26 կեղծ ահազանգ են ստացել։

Ահաբեկչությունների մասին սուտ տեղեկություններից բխող քրեական պատասխանատվության հետևանքների մասին Օragir.news-ը զրուցեց փաստաբան Արմինե Ֆանյանի հետ, ով, անդրադառնալով ահաբեկչությունների մասին սուտ տեղեկատվության տարածելուց բխող հետևանքներին, ասաց. «Ընդհանրապես, ահաբեկչության մասին սուտ լուրեր տարածելն է քրեորեն հետապնդելի, երբ անձը ահաբեկչության մասին կեղծ տեղեկատվություն է տարածում, դա քրեորեն հետապնդելի էր ինչպես նախկին օրենքով, այնպես էլ նոր օրենքով, բայց փորձը ցույց է տվել, որ հիմնականում այդ տեսակի արարքներ կատարում են հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցող անձինք, համենայն դեպս՝ ինչքան վարույթ մենք ունեցել ենք, կա՛մ անձը սահմանափակ մեղսունակ է ճանաչվել, կա՛մ անմեղսունակ, հետևապես, իհարկե, չեմ կարող ասել՝ այդ տենդենցը ինչով է պայմանավորված, բայց ահաբեկչության մասին սուտ տեղեկություն տարածելը հանցագործություն է շարունակում մնալ նաև նոր Քրեական օրենսգրքում։ Բնականաբար պետությունը պետք է համապատասխան արձագանք տա ու փորձի պարզել, ըստ էության, գործի հանգամանքները։ Եթե պարզեն, որ անձը կոնկրետ ինչ-որ այլ շարժառիթով է այդ հանցագործությունը կատարել, բնականաբար նրան պատասխանատվության պետք է ենթարկել։ Այս արարքի համար առավելագույնը երկու տարի ժամկետով պատասխանատվություն է նախատեսվում, նաև այլ պատիժներ կան, ես նշեցի ամենախիստ պատիժը»,- ասաց փաստաբանը։

Յուրաքանչյուր դեպքում, քանի որ պետք է ռեսուրս ծախսվի, Ոստիկանության, Շտապօգնության մեքենաներ պետք է գան, այլ արձագանքման մեխանիզմներ է պետությունը գործի դնում։ Երբ պարզվում է, որ ահազանքը կեղծ է, պետք է պետությունը արդեն քրեական հետապնդման տեսքով արձագանք տա։ Եթե պարզվի, որ անձը մեղսունակ է, այսինքն՝ հոգեկան առողջության հետ կապված որևէ խնդիր չունի, օրինակ՝ վրեժի շարժառիթով է նման հայտարարություն տարածել, այդ անձին կանչում են պատասխանատվության»,- ասաց Ֆանյանը։

Հարցին, թե որն է պատճառը, որ կեղծ ահազանգերը շատացել են, հնարավո՞ր է՝ մարդիկ չեն գիտակցում իրենց սպասվող պատիժը և ավելի տեղեկացված լինելու դեպքում նման հանցագործությունների թիվը կնվազի, Ֆանյանն ասաց. «Հասկանալու համար, թե ինչն է պատճառը, որ թվերն ավելացել են, հատուկ ուսումնասիրություններ պետք է արվեն, բայց ես ասացի, որ շատ հաճախ դա անձի հոգեկան առողջության հետ է կապված, իսկ ինչ վերաբերում է հետևանքների մասին խոսելուն, այդպես որ լինի, ամենատարածված հանցագործությունների մասին պետք է շարունակ խոսել, որ դրանք չկատարվեն։ Չեմ կարծում, որ դա կանխարգելման տեսանկյունից ինչ-որ հետևանք կարող է ունենալ»։