Երևան +22°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:17 02-08-2022

Կատարվածի շուրջ կարծիք կազմելու համար անհրաժեշտ տեղեկություն չունեմ․ դեպքերի հայկական ու ադրբեջանական նկարագրությունները տարբեր են․ Արսենյան

Քրիստինե Հովհաննիսյան

Լրագրող

«Արցախում տեղի ունեցած դեպքերի հետ կապված անաչառ կարծիք ձևավորելու համար պետք է ունենալ հավաստի ինֆորմացիա, մինչդեռ ես դրա համար անհրաժեշտ տեղեկատվություն չունեմ»։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը։

«Այն տեղեկատվությունը, որ ես ունեմ, միան դեպքերի նկարագրությունն է, իսկ այդ դեպքերի նկարագրության պարագայում դժվար է անաչառ դիրքերից հանդես գալ, որովհետև հայկական և ադրբեջանական միջավայրերում կա հետևյալ տրադիցիան․ միշտ անել մի բան և այդ անելուց հետո փորձել գտնել համախոհներ։ Այսինքն՝ ամեն մի կողմը միշտ տեղեկատվությունը ներկայացնում է իրենց հարմար լույսի ներքո»։

Դիտարկմանը, թե արդյոք մեր պատգամավորները չպետք է հայկական դիրքորոշման, հայկական վարկածն առաջ մղող դրոշակակիրը լինեն, նա նշեց, որ մենք սկսում ենք քննարկել, թե ինքը, որ կողմի տեղեկատվության հետ կապված վստահություն ունի։

«Ես ուզում եմ ասել, որ 44-օրյա պատերազմի արդյունքները մեզ համար վատ անակնկալ էին, ոչ ոք մեզանից չէր սպասում, որ կունենանք նման ողբերգական արդյունք։ Այդ ողբերգական արդյունքի պատճառներից մեկը մեր ունեցած տեղեկատվության նկատմամբ վստահությունն էր։ Ես ուզում եմ ասել, որ մարդը, որ մի անգամ դառը փորձ է ունենում, պետք է հետևություններ անի, որպեսզի չհայտնվի նույն կեղծ իրականության թակարդում։ Մենք պետք է կարողանանք կայացնել որոշումներ, որոնք հիմնված չեն լինի ապատեղեկատվության վրա»։

Դիտարկմանը, թե եթե տեղայնացնենք երեկվա իրադարձությունները, կստացվի նա թերահավա՞տ է հայկական կողմի տարածած այն տեղեկատվության վերաբերյալ, թե ադրբեջանական կողմը սադրանքների է դիմել Գանձասարում և Արցախի տարբեր ուղղություններում, նա պատասխանեց, որ իր տեղեկատվությունը բավարար չէ անելու այնպիսի հետևություններ, որ կարողանա հետո հանրայնացնել ու պատասխանատու լինել իր արած հետևության համար, որովհետև կա նաև տեղեկատվական պատերազմ քարոզչության դաշտում։

Հարցին, թե արդյոք այդ տեղեկատվական, քարոզչական դաշտում ադրբեջանական կողմի հաղթանակն արդյունք չէ այն բանի, որ բոլոր պաշտոնյաները և ոչ պաշտոնյաները միակամ ու միակարծիք են՝ առաջ մղելու մեկ միասնական պետական դիրքորոշում, նա նշեց, որ որպես պատասխանատու մարդ, երբ անում է որևէ հայտարարություն, որը կարող է հետո պարզվել, որ արվել է՝ չտիրապետելով իրականությանը, ինքը պարտավոր է հասարակությունից ներողություն խնդրել ու պաշտոնական իրավասություններից հրաժարվել։

«Մեզ մոտ քարոզչական զավզակությունը դարձել է համատարած, և ոչ մի պատախանատվություն չեն կրում մարդիկ, ովքեր կեղծ հայտարարություններ են տարածում, իսկ ես այդ մարդկանց թվին չեմ պատկանում»։

Արսենյանից հետաքրքրվեցինք նաև, թե արդյոք որպես ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովր անդամ հարկ համարում է հրադադարի ռեժիմի խախտման պարբերական դարձած դեպքերի մասին միջազգային ատյաններում բարձրաձայնելու։ Նա պատասխանեց, որ առաջին հերթին Հայաստանի արտաքին քաղաքականության լիազորված գերատեսչությունը, որ գործունեություն է իրականացնում արտաքին հարթակներում, մեր ԱԳՆ-ն է։ «Իսկ խորհրդարանական դիվանագիտության մեջ մենք մեր գործողությունները համաձայնեցնում ենք ԱԳՆ-ի հայտարարությունների ու գործողությունների հետ։ Մենք չենք կարող և չենք պատկերացնում, թե ինչպես կարող ենք մեր գործողություններով առաջ անցնել ԱԳՆ-ից, այդ դեպքում կստացվի, որ մենք սայլը դրեցինք ձիուց առաջ։

Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք հիմա գտնվում ենք պաշտոնական արձակուրդում, այս պահին ես արտաքին հարաբերությունների հանձնաժողովում իրականացվելիք որևէ գործողության մասին լիազորված չեմ տեղեկացնել»։

Նա ընդգծեց, որ իրենք իրականացնում են Հայաստանի շահերից բխող արտաքին քաղաքականություն, որի գերնպատակը խաղաղության պայմանագրի ու խաղաղության ռեժիմի հասնելն է հարևանների հետ, ինչը բխում է ՀՀ շահերից, բայց միշտ չէ, որ բխում է մեր հարևանների շահերից։ Այսինքն՝ այդ հարևանները, որպեսզի կարողանան դժվարացնել մեր օրակարգի իրագործումը, կարող են իրականացնել տարբեր տեսակի գործողություններ, որոնք մեզ կբերեն նրան, որ մենք ստիպված կլինենք արձագանքել այդ գործողություններին, ինչը մեզ կստիպի դուրս գալ մեր հիմնական ուղենիշից։

«Մեր գործողությունները թափանցիկ են ողջ աշխարհի համար, մենք ասում ենք, որ մենք խաղաղության կողմնակից ենք, երբ մեզ ստիպում են շեղվել այդ օրակարգից, դա մեր շահերից չի բխում։ Հայաստանում այդ առումով շատ լավ ջուր են լցնում հակառակորդի ջրաղացին։

Մեր երկրի համար մեկ խնդիրը անվտանգության խնդիրն է, որի թիվ մեկ գրավականը խաղաղության օրակարգն է։ Մենք 44-օրյա պատերազմի ընթացքում դառը փորձով համոզվեցինք, որ խաղաղության օրակարգից ավելի կարևոր բան Հայաստանի համար չի կարող լինել։ Մենք պետք է հետևություններ անենք դրանից, այն հասարակությունը, որ հետևություններ չի անում խելակորույս հասարակություն է, դա նշանակություն է, այդ հասարակությունը առողջանալու հնարավորություն չունի։ Ես հույս ունեմ, որ մեր հասարակությունը այդ պոտենցիալն ունի»։