Երևան +17°
Ներքին Ուղիղ խոսք Տեսանյութ 1 տարի առաջ - 17:34 29-07-2022

Կուտակային հաշիվը կարող է մինչև 50 տոկոսով արժեզրկվել ու դրա համար ոչ ոք պատասխանատու չէ․ Սուրեն Պարսյան

2014 թ-ին հանրային ընդվզման պայմաններում հիմնվեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, այդ պահին փողոցում հիմնականում մասնավոր հատվածն էր և մասնավոր հատվածի ճնշման տակ կառավարությունը գնաց որոշակի զիջումների։ Այդ զիջումները ենթադրում էին, որ մասնավոր հատվածը մինչև 2018 թ-ի հուլիսի 1-ը ազատվեց պարտադիր կուտակային համակարգից, իսկ պետական հատվածը շարունակեց վճարել։

Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ- իրավաբան Սուրեն Պարսյանը։
Նա ընդգծեց, որ երբ համակարգը ներդրվում էր՝ մասնագետների կողմից բարձրաձայնվում էին այն խնդիրները, որոնք հիմա ակնհայտ են ու ապացուցվում են։

«Մասնավորապես, հիմնական խնդիրը կայանում էր նրանում, որ պարտադիր կուտակային համակարգը ռիսկային է, այն ուղղակի կախած է ֆինանսական շուկայի տատանումների ու ռիսկերի հետ, իսկ դրանք անխուսափելի են։

Պետության պոզիտիվ պարտավորությունն է ապահովել յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցիկ ծերությունը և այդ պարտավորությունը պետությունը չի կարող գցել քաղաքացու ուսերին կամ մասնավոր ֆենդերի կառավարիչների վրա»։

Նա ընդգծեց, որ պետությունը տարիներ շարունակ գումար է տվել ֆոնդերի կառավարիչներին, քաղաքացիներն իրենց աշխատավարձերից գումարներ են փոխանցել՝ ֆոնդերի կառավարիչներն իրենց հայեցողությամբ գումարները ներդրել են և Հայաստանում և Հայաստանից դուրս։

«Մայիսի դրույթյամբ կուտակվել էր շուրջ 503 մլրդ դրամի չափով ֆոնդ, դրա 60 տոկոսը ներդրվել է Հայաստանում, 40 տոկոսը՝ արտերկրում։

Ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում այդ ֆոնդերն ու ակտիվները տուժում են, մասնավորապես, ֆոնդերը, որի կառավարիչը 100 եվրոյով ձեռք է բերել որևէ ընկերության պարտատոմս, հիմա այդ ընկերության պարտատոմսի արժեքը 80 եվրո է»։

Նա նաև ընդգծեց, որ ֆինանսատնտեսական անկումը, որ առկա է համաշխարհային տնտեսության մեջ կարող է շարունակվել նաև հաջոդ տարիների ընթացքում, հետևապես, այդ 80 տոկոսը սահման չէ և կարող են էլ ավելի լինել։

«Բացի այդ՝ դրամը արժևորվել է, եթե 100 եվրո պարտատոմսը գնելու համար մեր ֆոնդի կառավարիչը տվել է 550 դրամով հաշված եվրո, հիմա այդ եվրոյի արժեքը նվազել է ու դարձել է 410-420 դրամ։ Այսինքն, պարտադիր կուտակայինի մասնակիցը կորցրել է, ոչ միայն պարտատոմսի արժեքի նվազման արդյունքում, այլև եվրոյի արժեզրկման պարագայում։ Եվ այդ կորուստի արդյունքում որոշակի վնասներ են առաջացել պարտադիր կուտակային միջոցների մասով»։

Տնտեսագետի դիտարկմամբ՝ Կենտրոնական բանկը այս համակարգի պատասխանատուն է։ «Սա բացառիկ իրավիճակ է, երբ կենսաթոշակային բարեփոխում իրականացնում է ԿԲ-ն։ Սրա հեղինակը ԿԲ նախագահներն են և այդ թիմը, որը պարտադրել է այս համակարգը՝ խնդիր չունենալով մարդկանց համար ապահովել բարեկեցիկ ծերություն։ Դա նրանց խնդիր չէ։ ԿԲ-ի խնդիրը գների և ֆինանսական համակարգի կայությունն է, նա քաղաքացիների բարեկեցության մասին մտածելու խնդիր ու նպատակ չունի։ Այս համակարգը նպաստեց Հայաստանում ցածր տոկոսով երկարաժամկետ միջոցների կուտակմանն ու տեղաբաշխմանը։

Անշուշտ սրանից օգտվեց ֆինանսաբանկային համակարգը, այդ գումարները գնացին բանկային համակարգ։ Այսինքն, ԿԲ-ն այս ամենի շահագրգռված կողմն էր ու նրանք հասկանում էին, որ այս համակարգը բարձր ռիսկային է և, որ նրանք չեն կարող խուսափել հնարավոր կորուստներից։ ԿԲ սահմանափակումները, որ դրված են օրենքում՝ բավարար չէ ոլոր ռիսկերը վերացնելու մասով։

Ընդ որում՝ օրենքում ամրագրված է նաև, որ պետությունը երաշխավորում է, որ մասնակցի ներդած գումարը միայն ճշգրտված գնաճով։ Այսինքն ենթադրենք դուք այս պահին ունեք 1 մլն դրամ Ձեր հաշվին, որի կեսը դուք եք դրել, մյուս կեսը՝ պետությունը։ Պետությունը երաշխավորում է Ձեր ներդրած գումարը՝ 500 հազարը։ Այսինքն, պետությունը և ԿԲ-ն նորմալ են համարում, որ այդ ակտիվները կարող են արժեզրկվել 50 տոկոսի չափով։ Սա նշանակում է, որ այն գումարը, որ դուք ունեք Ձեր հաշվին՝ մինչև 50 տոկոսի չափով կարող է արժեզրկվել, ու դրա համար ոչ ոք պատասխանատու չէ։ Պատասխավատվություն կկրեն 50 տոկոսից ցածր արժեզրկման դեպքում։ Ի դեպ, այդ 50 տոկոսից ցածր արժեզրկման դեպքում էլ խնդիր կա, քանի որ այս պահին մենք ունենք 503 մլրդ դրամի չափով միջոցներ, մինչդեռ դրա կեսի չափով մեր պետական բյուջեն ի վիճակի չէ երաշխիքներ տալ, կամ փոխհատուցումներ իրականացնել։ Դա ևս մեր բյուջեի համար ծանր բեռ է»։

Տեսանյութը՝ քիչ անց։