copy image url
Մշակույթ Միտք 1 տարի առաջ - 21:11 28-07-2022

Բախը մահացավ աչքի վիրահատությունից հետո

1750 թվականի հուլիսի 28-ին մահացավ բարոկկո դարաշրջանի գերմանացի մեծ կոմպոզիտոր, երգեհոնահար և ջութակահար Յոհան Սեբաստիան Բախը։

Բախի հիվանդության մասին նրա մահախոսականում գրված է.

«Նա ի ծնե թույլ տեսողություն ուներ, որը հատկապես սրվել էր երիտասարդ տարիներին ուսման հանդեպ ունեցած նրա ոգևորության հետևանքով։ Անքուն գիշերների պատճառով տեսողության թուլությունը վերածվել էր աչքի հիվանդության: Բախը ցանկանում էր վիրահատության միջոցով ազատվել իր հիվանդությունից։ Մասամբ առաջնորդվելով Աստծուն և իր մերձավորներին ծառայելու ցանկությամբ, մասամբ էլ հետևելով ընկերներից մի քանիսի խորհրդին, ովքեր մեծ հույսեր էին կապում մի ակնաբույժի հետ, Բախը ժամանեց Լայպցիգ։ Նա հաստատ որոշել էր հիվանդությունից ազատվել վիրահատության միջոցով։ Սակայն, ավա՜ղ, երկու վիրահատություններն էլ ձախողվեցին։ Նա ոչ միայն կորցրեց տեսողությունը, այլև վիրահատության և վնասակար ազդեցություն ունեցող դեղերի հետևանքով հյուծեց իր կատարյալ առողջ օրգանիզմը։ Մահից տասը օր առաջ թվում էր, թե տեսողությունը վերականգնվում է, այնպես որ մի առավոտ նա նորից սկսեց տեսնել և նույնիսկ կարողացավ դիմանալ լույսին։ Բայց դրանից մի քանի ժամ անց նա ապոպլեքսիա ունեցավ, հետո ջերմությունը կտրուկ բարձրացավ և, չնայած Լայպցիգի երկու լավագույն բժիշկների բոլոր ջանքերին՝ կոմպոզիտորին փրկել չհաջողվեց։

1750 թ. հուլիսի 28-ին, ժամը 21։15-ին Բախը 66 տարեկանում լքեց այս աշխարհը»։



Լայպցիգի մահվան գրանցամատյանում կատարվել է հետևյալ գրառումը.

«Յոհան Սեբաստիան Բախ, վաթսունվեց տարեկան, Սբ. Թոմաս եկեղեցու կապելմայստեր և կանտոր, թաղվել է 1750 թվականի հուլիսի 30-ին` դիակառքով»։

«Օգտակար զեկույցներ Լայպցիգի գիտնականների աշխատանքի և այլ իրադարձությունների մասին» ամսագրում հրապարակվել է հետևյալ գրառումը.

«Հուլիսի 31, ուրբաթ․ Բախին հուղարկավորեցին։ Դա Խաչի երթի օրն էր, և պատարագին հասնելու համար աշակերտներին պետք էր վաղաժամ տանել Սբ. Յոհան գերեզմանատուն` իրենց ուսուցչին հրաժեշտ տալու համար։ Գերեզմանը եկեղեցու հարավային պատին էր։ Բախի շիրմին տապանաքար չդրվեց»։



Մեծ կոմպոզիտորի մահից ավելի քան հարյուր տարի անց միայն նրա գերեզմանին ամրացվեց հուշատախտակ.

«1750 թ. հուլիսի 31-ին, Սուրբ Յոհանի նախկին գերեզմանոցի այս մասում թաղված է Յոհան Սեբաստիան Բախը»։

Ավելի ուշ՝ 1894 թվականին, երբ քանդեցին հին գերեզմանատան պատերը, սկսվեցին մանրակրկիտ որոնումները։ Մի կաղնե դագաղում հայտնաբերվեց միջին, համաչափ կազմվածքով տղամարդու մասունքներ։ Կմախքը բավականին լավ էր պահպանված. հսկայական գանգը, թեք ճակատը, խոր ակնախորշերը և կզակը հիշեցնում էին Բախի դիմանկարները: Գիտական ​​փորձաքննությունն ու դիմանկարների հետ համեմատությունը հաստատեց, որ դրանք մեծ կոմպոզիտորի մասունքներներն են, որոնք տեղավորեցին համեստ կրաքարե սարկոֆագի մեջ և դրեցին եկեղեցու խորանի տակ, հետևյալ մակագրությամբ`

«Յոհան Սեբաստիան Բախ 1685-1750 թթ»։



Բախի աճյունն այստեղ մնաց գրեթե հիսուն տարի։ 1943 թվականի դեկտեմբերի 4-ին Սբ. Յոհան եկեղեցին ռմբակոծվեց։ Իսկ 1950 թվականին,Բախի մահվան երկու հարյուրամյակի կապակցությամբ նրա աճյունը տեղափոխվեց այնտեղ, որտեղ նա նախկինում աշխատել էր՝ Սբ. Թոմաս եկեղեցու դամբարան։

Բախի մահից մի քանի ամիս անց իրականացրած գույքագրման ժամանակ պարզվել էր, որ նրա ունեցվածքը բաղկացած է հինգ կլավիկորդից, երկու կլավիկորդից, երեք ջութակից, երեք ալտից երկու թավջութակից, մեկ լյուտնյայից և մեկ սպինտից, 52 Սուրբ գրքերից, ինչպես նաև Մարտին Լյութերի և Հովսեփոս Փլավիոսի գրքերը։

Բախը կտակ չէր թողել, ուստի նրա ժառանգության մեկ երրորդը մասը բաժին էր հասել այրուն, մնացած երկու երրորդը՝ իր ինը երեխաներին։



Ամբողջ ժառանգության ընդհանուր արժեքը կազմել է 1122 թալեր 16 գրեյզեր, որը նշանակալի կարողություն չէր։ Բախի այրին շուտով հայտնվեց աղքատության մեջ։ 1752 թվականի մայիսի 19-ին քաղաքային իշխանությունը նրան վճարեց 40 թալեր` «մի քանի երաժշտական ստեղծագործության համար՝ նկատի ունենալով կնոջ ծանր վիճակը»։ Որոշ ժամանակ անց նրան տեղավորեցին Հայնշտրասեի աղքատների ապաստանում, որտեղ էլ մահացավ 1760 թվականի փետրվարի 27-ին։