Երևան +15°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:11 27-07-2022

Ոչ մի արտառոց բան տեղի չի ունենում, քովիդի 6-րդ ալիքում ենք․ Դավիթ Մելիք-Նուբարյան

Ոչ մի արտառոց բան տեղի չի ունենում, ու քովիդով վարկավածության դեպքերի ավելացումը մեզ չպետք է զարմացնի։ Այժմ հերթական՝ թվով 6-րդ ալիքն է, որն իրականում պետք է լիներ։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց առողջապահության ոլորտի փորձագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը։

«Մենք պետք է համակերպվենք, որ քովիդը արդեն դարձել է շրջանառվող հիվանդություններից մեկը, ուղղակի քանի որ այն սեզոնայնություն որպես այդպիսին չունի, դրա համար իր ալիքները կախված չեն եղանակից, այլ կախված են հիվանդության հանդեպ ընկալունակ բնակչության ձևավորումից»։

Դիտարկմանը, թե ըստ առողջապահության նախարարության՝ Հայաստանում 1 միլիոնից ավելի պատվաստված մարդ կա, պատվաստվածների նման թվի պարագայում ինչպես է ստացվում, որ հերթական ալիքին ենք ականատես լինում, նա պատասխանեց, որ սա շատ տրամաբանական է, քանի որ իմունիտետը, որը մարդը ձեռք է բերում հիվանդանալ-ապաքինվելու կամ պատվաստվելու ճանապարհով, ժամանակի ընթացքում նվազում է։

«Այսինքն՝ սա կայուն կամ ցմահ իմունիտետ չէ։ Թվերի աճի պատճառներից մեկը սա է, մեկն էլ այն է, որ վիրուսի տեսակն է փոխվում։

Այդուհանդերձ, ուզում եմ արձանագրենք, որ պատվաստվելը մնում է միակ արդյունավետ միջոցը, որը կանխում է հիվանդության ծանր և անդառնալի ընթացքը»։

Փորձագետի դիտարկմամբ՝ երբ ամբողջ աշխարհում ի հայտ եկան քովիդի նոր տեսակները, խոսվում էր խթանիչ պատվաստման՝ երրորդ դեղաչափի մասին ։

«Այդ երրորդ դեղաչափը ստացած մարդկանց թվով Հայաստանն այդքան էլ լավ ցուցանիշ չունի․ ընդամենը 60 հազար մարդ է ստացել այդ դեղաչափը։ Եթե սա էլ հաշվի առնենք, որևէ զարմանալի բան չկա, որ թվերը աճում են, ամեն դեպքում՝ այնպիսի ծանր ալիքներ, որ եղան 2021 թ-ի աշնանը կամ դրանից առաջ, այնուամենայնիվ, չեն լինի։ Սրա պատճառն այն է, որ այս պահին շրջանառվող վիրուսի տեսակը իր վտանգավորությամբ, ծանր հիվանդություն առաջացնելու ունակությամբ զիջում է նախկիններին»։

Նա ընդգծեց, որ որպեսզի մարդկանց մոտ կեղծ սպասելիքներ չառաջանան, պետք է շեշտել, որ հիվանդության ծանր ընթացքը կանխելու հավանականությունը որակապես նվազեցնելու նպատակով խորհուդ է տրվում ստանալ 3-րդ, խթանիչ դեղաչափը, իսկ այն մարդիկ, ովքեր ընդհանրապես չեն պատվաստվել, պատվաստվեն։

«Արդեն 1,5 տարի անցել է պատվաստումային գործընթացի մեկնարկից, և ըստ էության՝ որևէ մտավախություն առաջացնող լուրջ բարդությունների մասին ինֆորմացիա չկա։ Այսինքն՝ այս պատվաստանյութերը ոչ ավելի վտանգավոր են, քան մեզ ծանոթ այլ պատվաստանյութերով պատվաստվելը»։
Փորձագետը նաև ընդգծեց, որ եթե անձը պատվաստվել է 1 տարի առաջ, ապա տրամաբանությունը հուշում է, որ պետք է ստանալ պատվաստման ամբողջ ցիկլը։

«Խթանիչ դեղաչափը խորհուրդ է տրվում ստանալ 3-6 ամսվա ընթացքում, երբ հակամարմինների շրջանառվող քանակը բավարար է։ Մեկ տարի անց առավել նպատակահարմար է վերստին պատվաստվել»։

Ամենից շատ դիտված