copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:53 26-07-2022

Հայաստանի հարկատուների փողերը փոշիացել են, գրողը տանի, 300 000 դրամ․ ով է փոխհատուցելու կենսաթոշակային հաշիվներում կորուստների համար 

Ֆեյսբուքյան մի շարք օգտատերեր ահազանգում են՝ իրենց կենսաթոշակային հաշիվներում կուտակված գումարը պակասել է։

Մասնավորապես ֆեյսբուքյան օգտատեր Համբարձում Համբարձումյանը գրել է․ «Կենսաթոշակային կուտակային համակարգից հերթական հաշվետվությունն է եկել։ Վերջին եռամսյակում մոտ 300 000 դրամ եմ կորցրել։ Հերթական անգամ Հայաստանի հարկատուների փողերը գնացել ու փոշիացել են։ 300 000 դրամ, գրողը տանի։ Նիկոլ Փաշինյան, Կենտրոնական բանկի նախագահ, կառավարության անդամներ, պատգամավորներ, դուք ինչ-որ բան անում եք, ինչ-որ բան մտածո՞ւմ եք։ Եթե էշի ականջում քնած եք, մեր փողը թողեք մեզ, մենք գիտենք, թե ինչպես տնօրինենք, որ կորուստներ չկրենք։ Հայաստանում ներդրումային հիմնադրամ ստեղծեք ու ներդրեք էդ փողերը ֆիքսված ցածր տոկոսադրույքով։ Հայաստանը էդքան հարո՞ւստ է, որ փողը դուրս հանենք ու փոշիանա»։

Մեկ այլ օգտատեր՝ Գևորգ Ղազարյանը, անդրադառնալով խնդրին, մասնավորապես նշել է․ «Երկու եռամսյակ է, ինչ կենսաթոշակային հաշվի կառավարիչս տակ է տալիս։ Ի՞նչ անել այդ դեպքում, իհարկե փոխել կառավարչին։ Ինչպես փոխել, մտնել ARCA ու փոխել»։

Տնտեսագետ Կարն Առոնցը Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ ի սկզբանե քննարկում կար, թե արժի՞ այդ համակարգը ներդնել, թե՞՝ ոչ։

«Ես բազմիցս ասել եմ, որ դա ժամանակավրեպ քայլ է ու դրա կառավարման համակարգը այդ ռեսուրսների կառավարման ռիսկերի զգալի մասը դրսում է։ Հիմա համաշխարհային տնտեսության մեջ առկա է անկայուն վիճակ թե՛ ներդրումների շահութաբերության, թե՛ արժեթղթերի շահութաբերության առումով։ Մենք պատրաստ չէինք նման քայլի։ Հետևանքը սա պետք է լիներ։ Հետագայում թերևս անհրաժեշտություն կա վերանայելու, թե այդ ռեսուրսները ուր են ուղղվում, ինչպես են կառավարվում։ Դրանք հիմնականում ներքին շուկայում՝ պետական պարտատոմսերի մեջ են ներգրավված, իսկ դրսում ինչ-որ արժեթղթերի։ Այսինքն` քանի որ արդեն տեղաբաշխված են հսկայական գումարներ, դրանց կառավարման վերանայման անհրաժեշտություն կա։ Պետք է ի մի բերել այդ ռեսուրսները ու համահունչ դարձնել այսօրվա ֆինանսական ռիսկերին, անկայությանը, որպեսզի դրանք չփոշիանան»։

Նա ընդգծեց, որ քանի որ համաշխարհային ֆինանսական համակարգը անկայուն վիճակում է, հիմա դժվար է ասել, որ այս կամ այն արժեթղթերը կամ պետական պարտատոմսերը, ներդրումային հիմնադրամները հուսալի են։

«Այդուհանդերձ, այդ ռեսուրսների համար պատասխանատվություն է կրում պետությունը, դա պետության պարտավորությունն է, պետության նախաձեռնությունն է, հետևաբար, այդ գումարները ցանկացած պարագայում վերադարձվելու են, անհրաժեշտության դեպքում՝ պետական բյուջեից։ Սա պետության պարտադրանքն էր ու պետությունն էլ պատասխանատու է։

Բայց այս պահին առավել կարևոր է ի մի բերել ռեսուրսները ու փորձել դրանք ճիշտ տեղաբաշխել։

Հիմա կարիք կա հասկանալու նաև, թե արդյոք եղել են չարաշահումներ, արդյոք միջոցները նպատակային են օգտագործվել։ Նման վերահսկողություն, իհարկե․ մշտապես պետք է լիներ, եթե չի արվել, ապա հիմա անելու ճիշտ ժամանակն է»։
adv_banner

Ամենից շատ դիտված