copy image url
Մշակույթ Ներքին 1 տարի առաջ - 19:51 24-07-2022

«Իվան Ահեղը սպանում է իր որդուն». մի նկարի պատմություն

Ռուս նկարիչ Իլյա Ռեպինը իր «Իվան Ահեղն ու նրա որդի Իվանը 1581 թվականի նոյեմբերի 16-ին» կամ ինչպես բոլորն են անվանում` «Իվան Ահեղը սպանում է իր որդուն» կտավն ավարտեց 1885-ին։

Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում պահվող ու ցուցադրվող այս աշխատանքն արդեն մեկ դարից ավելի է, ինչ անտարբեր չի թողնում դիտողներին։ Ոմանք կարծում են, որ այս նկարը ստիպում է մտածել իշխանության, բռնակալության, դաժանության մասին, մյուսների դեպքում` սա վիրավորում է իրենց հայրենասիրական զգացմունքները։



Ռեպինի կտավում պատմական այն իրադարձությունն է, երբ Ռուսիայի ցար Իվան Ահեղը կատաղության ու մոլուցքի պահին մահացու հարված է հասցնում որդուն՝ Իվան արքայազնին։ Կտավն անասելի ազդեցիկ է, հատկապես, հերոսների դեմքերը։ Իվան Ահեղի դեմքին ափսոսանքի ու զղջման տառապանքն է, մեռնող որդու աչքերին արցունքներ են, որոնք հայտնվել են խելագարվող հոր ողբը տեսնելուց։

Ըստ Ռեպինի հուշերի` կտավը ստեղծելու մտահղացումը նրա մոտ ծնվել է 1881 թ. մարտյան իրադարձությունների ժամանակ, նարոդովոլեցական Ի. Գրինևիցկու առաջացրած պայթյունից, որի բեկորներից նահատակվեց Ալեքսանդր II ցարը։ Ավելի ուշ հեղինակը վստահեցնում է, որ կրկին ցանկություն է առաջացել ստեղծել «Իվան Ահեղն ու իր որդի Իվանը» կտավը, երբ Ռիմսկի-Կորսակովի համերգի ժամանակ լսել էր նրա «Անտար» սիմֆոնիկ-սյուիտը։
Ռեպինը բացատրում էր այսպես. «1881-ին Մոսկվայում ես լսեցի Ռիմսկի-Կորսակովի նոր ստեղծագործությունը՝ «Վրեժ» անվանմամբ։ Այդ մեղեդին կախարդեց ինձ և ես մտածեցի այդ զգացողությունները գեղանկարչությամբ վերարտադրելու մասին։ Ու ես կրկին հիշեցի Իվան արքային»։

Այս կտավը ստեղծելու մյուս առիթը ցլամարտն էր, որը 1883-ին Իլյա Ռեպինը տեսել էր Իսպանիայում։ Նա հետագայում պատմել է. «Դժբախտություն է. կենդանու մահը, սպանությունն ու արյունը ստեղծում են ձգող ուժ... Այդ ժամանակ Եվրոպայում, բոլոր ցուցահանդեսների ժամանակ, ներկայացնում էին արյունոտ տեսարաններով նկարներ։ Եվ ես, հավանաբար, վարակվելով, տուն գալուն պես որոշեցի սկսել Իվան Ահեղի և նրա որդու՝ Իվանի արյունոտ պատմությունը կտավին հանձնել»։



Իվան Ահեղի կերպարի համար կեցվածք է ընդունել պերեդվիժնիկ նկարիչ Գրիգորի Մյասոեդովը, որը կոպիտ ու բարդ մարդ էր, իսկական բռնակալ։ Նրա բնավորությունից տուժել են ինչպես հարազատները, այնպես էլ ընկերները։ Նա երկար տարիներ չէր ընդունում իր որդուն՝ Իվանին։ Նա ինքն իրեն համոզել էր, որ որդին որդեգրված էր։ Մի անգամ, հերթական վեճից հետո, Մյասոեդովն այնքան սարսափելի բարկացավ որդու վրա, որ քիչ էր մնում սպաներ նրան։ Այս դեպքի ականատես բնանկարիչ Ալեքսանդր Կիսելևը փոքրիկ Իվանին փրկելով հոր հարվածներից, տարավ նրան իր ընտանիքի հետ ապրելու:
Մյասոեդովը հետագայում տեսնելով Ռեպինի նկարը, ասել է. «Իլյան թագավորին ինձնից է վերցրեց, որովհետև ոչ ոք իմ նման դաժան ու գազանային դեմքի արտահայտություն չուներ…»:



Արքայազնի կերպարի բնորդը գրող Վսևոլոդ Գարշինն էր՝ հայտնի «Ճանապարհորդ գորտը» գրքի հեղինակը։ Նրա դեմքը շատ տպավորիչ է ստացվել՝ մահվան կնիքն ակնհայտ է։ Ինչ-որ առումով գրողի համար այս կերպարը դարձավ կանխագուշակման պես մի բան։ Նկարի ավարտից հետո Գարշինը, որը մանկուց շատ տպավորվող էր և տառապում էր նյարդային խանգարմամբ, ինքնասպան եղավ՝ ցած նետվելով աստիճաններից։ Նա ընդամենը 33 տարեկան էր։



Ռեպինն իր ստեղծագործությունն առաջին անգամ ցուցադրեց նախ ընկերներին` Իվան Կրամսկոյին, Իվան Շիշկինին, Պավել Բրյուլովին։ Նկարիչը հիշում է, որ բոլոր հյուրերը շփոթված էին և երկար լռում էին՝ սպասելով, թե ինչ կասի Կրամսկոյը։
Սակայն, այս դեպքում ոչ թե ընկերների, այլ Ալեքսանդր III կայսեր կարծիքն էր կարևոր։ Կայսրն այնքան չէր հավանել կտավը, որ 1885-ի ապրիլի 1-ի հրամանով արգելեց այն ցուցադրել։

«Իվան Ահեղը սպանում է իր որդուն» կտավը դարձավ Ռուսական կայսրության առաջին գործը, որն ենթարկվեց գրաքննության։ Նկարի սեփականատեր Պավել Տրետյակովին արգելվեց կտավը որևէ կերպ ցուցադրել հասարակությանը։ Արգելքը հանվեց հրամանից երեք ամիս անց` նկարիչ Ալեքսեյ Բոգոլյուբովի միջնորդությամբ, որը բարեկամական կապեր ուներ արքունիքի հետ։

«Իվան Ահեղը սպանում է իր որդուն» նկարը Ռուսաստանում նաև առաջինն էր, որ վանդալիզմի զոհ դարձավ։ 1913 թվականի հուվարի 16-ին, կահույքի ֆաբրիկատորի որդին` քսանհինգամյա սրբանկարիչ Աբրամ Բալաշովը այս կտավը վնասեց դանակի երեք հարվածով։ Տրետյակովյան պատկերասրահի ֆոնդապահ Գեորդի Խրուսլովը, իմանալով այս մասին, ինքնասպան եղավ՝ գնացքի տակ նետվելով։

Կտավը վերականգնելու համար Ռեպինին օգնության հասավ նկարիչ Իգոր Գրաբարը։ Իվան Ահեղի վնասված դեմքն ամբողջությամբ վերականգնվեց։

Այս դեպքից մեկ դար անց, 2013 թվականի հոկտեմբերին պատմաբանների և ուղղափառ ակտիվիստների մի խումբ դիմեցին ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկուն ` նկարը Տրետյակովյան պատկերասրահի մշտական ցուցադրությունից հանելու պահանջով։ Հիմնավորումն այն էր, որ Ռեպինի աշխատանքը վիրավորում է Ռուսաստանի բնակիչների հայրենասիրական զգացմունքները։ Տրետյակովյան պատկերասրահի այն ժամանակվա տնօրեն Իրինա Լեբեդևան մերժեց և հայտարարեց, որ կտավը չի հեռացվի մշտական ցուցադրությունից։



Պատմությունը սրանով չավարտվեց։ 2018-ի մայիսի 25-ին, Վորոնեժի 37-ամյա բնակիչը մետաղական ձողով հարվածներ հասցրեց թանգարանում ցուցադրվող կտավին, այս անգամ վնասելով արքայազնի դեմքը և պատմական շրջանակը։ Վանդալն հայտարարեց, որ « Իվան Ահեղը չի սպանել որդուն, նկարը կեղծիք է տարածում ու հենց դրա համար էլ պետք է պատռել այն»։

«Արդարության ջատագով» հանցագործը դատապարտվեց 2,5 տարվա ազատազրկման, իսկ նկարին պատճառած վնասը կազմեց 500 հազար ռուբլի։ Վերականգնողների մանրամասն ու պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ «Իվան Ահեղը սպանում է իր որդուն» կտավը չորս տարի անց` 2022-ի մայիսից կրկին ցուցադրվում է Տրետյակովյան պատկերասրահում, սակայն արդեն հատուկ պաշտպանիչ ապակու տակ։