Երևան +11°
copy image url
Միտք 1 տարի առաջ - 19:00 23-07-2022

Ասողին լսող է պետք…

(Իրական պատմություն ֆիզիկոսների, մաթեմատիկոսի և էլեկտրական լամպի մասին)

Դեպքը տեղի է ունեցել «երջանկահիշատակ» Խորհրդային Միության գոյության օրոք: Մի անգամ Օդեսայում անցկացված ինչ-որ գիտաժողովի ժամանակ հանդիպում են գիտության երեք դոկտոր` երկու ֆիզիկոս և մի մաթեմատիկոս: Գիտաժողովի երեք մասնակիցներին կազմակերպիչները տեղավորում են հյուրանոցի նույն համարում: Երեկոյան, երբ գիտական թունդ բանավեճերն ավարտվել էին, ու դոկտորները հայկական կոնյակ էին «պարպում» շատերին քաջածանոթ ապակե կոպիտ, բազմանիստ բաժակներով, սենյակի միակ էլեկտրական լամպն այրվում է:

Բարեբախտաբար հյուրանոցի աշխատակիցը գալիս է ու այն փոխարինում նորով: Այրված լամպը թողնելով սեղանին՝ վերջինս հեռանում է: Քիչ անց, ակնապիշ նայելով այրված լամպին, մաթեմատիկոսն ասում է.

-Տեղյա՞կ եք, որ էլեկտրական լամպը բերանը մտցնելուց հետո այլևս հնարավոր չէ այն հանել:

Ֆիզիկոսները միաձայն հակադարձում են.

-Անմիտ բան ես ասում, եթե մտնում է, ուրեմն պետք է նաև դուրս գա:

Ու որպես գիտության իսկական նվիրյալ` նրանցից մեկը վերցնում է լամպն ու փորձի համար մտցնում բերանը: Լամպն այլևս չեն կարողանում նրա բերանից հանել: Գիտության դոկտորները տաքսի են կանչում և իրենց ընկերոջը հասցնում հիվանդանոց: Ճանապարհին տաքսու վարորդը ավելի շատ էլեկտրական լամպը բերանում ցցված ֆիզիկոսին է հետևում, քան ճանապարհին:

Հիվանդանոցում բուժքույրը, տուժածին տեսնելուն պես սկսում է քրքրջալ ու մատնացույց անել վիրաբույժի սենյակը: Վերջինս, ինչպես պարզվում է, «նման» հարցերում մեծ փորձառություն է ունենում: Նա քմծիծաղ է տալիս, ապա միայն իրեն հայտնի ձևով սեղմում ֆիզիկոսի ծնոտը ու լամպը բերանից հանում: Վիրաբուժական «գործողությունից» հետո, սակայն, ֆիզիկոսի բերանը չի փակվում: Բժիշկը բացատրում է, որ արտառոց ոչինչ էլ չի պատահել, որ այդպես էլ պետք է լինի, քանի որ նրա բերանի մկանները չափազանց շատ են լարվել, և որ 30-40 րոպե հետո ամեն ինչ իր տեղը կընկնի: Պրոֆեսորները դուրս են գալիս հիվանդանոցից և տաքսի նստում, որպեսզի վերադառնան հյուրանոց: Ճանապարհին երկրորդ ֆիզիկոսն ասում է.

-Այնուամենայնիվ, ես չեմ կարողանում դրան հավատալ… Նա լամպը մտցնում է բերանը` այդ կերպ փորձելով փարատել իրեն «ջլատող» կասկածը: Տաքսու վարորդը ստիպված է լինում վերադառնալ հիվանդանոց: Բուժքույրը կրկին ծիծաղից ուշաթափվում է, վիրաբույժն էլ իր հերթին է բազմաթիվ «հետաքրքիր» բաներ պատմում լամպը բերանը մտցնող ու հիմար փորձերի սիրահար ապուշների մասին, ապա լամպը հանելով հերթական «պատանդի» բերանից` գիտնական ընկերներին ուղարկում է «գրողի ծոցը»:

Ներքևում սպասող տաքսու վարորդն ապշահար նայում է բերանները բաց ֆիզիկոսներին ու փորձում տեղեկանալ, թե ինչ է պատահել: Մաթեմատիկոսը նրան բացատրում է տեղի ունեցածը: Վարորդը հրաժարվում է հավատալ ու փորձելու համար… լամպը մտցնում է բերանը: Կրկին մեքենան շրջում են ու քշում ուղիղ հիվանդանոց: Բուժքրոջն արդեն անօգուտ էր որևէ բան ասելը, որովհետև նա ուղղակի ի վիճակի չէր որևէ բան հասկանալ: Տուժածին միանգամից տանում են բժշկի մոտ: Վերջինս լռելյայն ու զայրացած անում է իր գործն ու որպես օրվա «ամփոփում»` կոտրում լամպը.

-Էլ բան ու գործ չունեմ, ամբողջ գիշեր պետք է ձեր բերաններից լամպե՞ր հանեմ, ինչ է:

Հետդարձի ճանապարհին ոստիկանը կանգնեցնում է տաքսին: Վարորդը բերանը բաց, քարացած նստել ու ոչինչ ասել չի կարողանում: Մեքենայի մեջ եղած մարդկանցից միակը, որն այդ պահին խոսելու ունակություն է ունենում, դեռևս կոնյակի ուժեղ ազդեցության տակ գտնվող մաթեմատիկոսն է լինում: Հենց նա էլ ոստիկանին բացատրում է, թե ինչն ինչոց է:Վերջինս լսում-լսում է ու մտահոգ դեմքով անցնում շենքի ներսը: Քիչ անց սենյակի լույսը մարում է:Վայրկյաններ հետո այնտեղից դուրս է գալիս ոստիկանը, բացում տաքսու հետևի դուռն ու մի կերպ հասկացնում, որ իրեն նույնպես հիվանդանոց տանեն:Նրա բերանից դուրս ցցված լամպի պոչն ամեն ինչ բացատրում էր:

Նորից ուղևորվում են հիվանդանոց: Բուժքույրն արդեն գրեթե «հոգեվարքի» մեջ է լինում: Նա նույնիսկ չի կարողանում աթոռից բարձրանալ:

Գիտնականներն ու ոստիկանը թակում են վիրաբույժի սենյակի դուռը: Քար լռություն է տիրում: Նորից են թակում: Դուռը բացում է… բերանն անբնականորեն բաց, քարացած դեմքով վիրաբույժը…

Ձեզ գուցե հետաքրքրի