Երևան +19°
copy image url
Խոսք Ներքին 1 տարի առաջ - 17:26 23-07-2022

Այն ամենը, ինչը քննադատել են նախկինում, հիմա հնգապատկել են․ փաստաբանը՝ մեկ անձից գնումների մասին

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

Կառավարությունը կրկին շարունակում է մեկ անձից կատարվող գնումների արատավոր պրակտիկան: Կառավարությունը 3 մլրդ 107 մլն 500 հազար դրամ գումար է հատկացնում՝ պարեկային ծառայության ներդրման նպատակով 175 միավոր «Տոյոտա Ֆոր Տյուներ» մակնիշի մեքենա ձեռք բերելու համար։ Այդ մեքենաները պետք է ձեռք բերել մի ընկերությունից՝ «Տոյոտա Երևան»-ից։

«Այն ամենը, ինչ որ քննադատել են նախորդ իշխանությունների ժամանակ, երբ ընդդիմություն են եղել, իրենք այդ ամենը բոլոր ոլորտներում հնգապատկել են։ Ինչո՞ւ պետք է բացառություն լինեին մեկ անձից գնումները։ Այդտեղ որևէ զարմանալի բան չկար, ընդ որում՝ մեկ անձից գնումները ենթադրում են կոռուպցիոն ռիսկ, դա է խնդիրը, որ մեկ անձից գնումները, ի տարբերություն մրցույթների, չեն խրախուսվում իրեն հարգող պետության մեջ»,- այս մասին oragir.news-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը։

«Երբ խոսքը գնում է Նիկոլ Փաշինյանի իշխանության մասին, ես դեռ զարմանում են, որ մրցույթներ են երբեմն իրականացնում, որովհետև իրենց պարագայում տրամաբանական կլիներ, երբ միշտ մեկ անձից գնումներ տեղի ունենային»,- հավելեց Վարոսյանը։

Անդրադառնալով պարեկային ծառայողների համար մեքենաների ձեռք բերմանը՝ փաստաբանն ասաց. «Վերջին շրջանում «Տոյոտայի» հետ կապված խոսակցություններում մի փոքր այլ խնդիր կա, ոստիկանությունում խնդիր է առաջացել, քանի որ նախորդ անգամ՝ «Շկոդաները» ձեռք բերելիս, ոստիկանությունում առաջարկ էր եղել ձեռք բերել «Տոյոտաներ», իսկ Փաշինյանը դեմ էր գնացել այդ առաջարկին, ասել էր՝ չէ՛, ոչ մի գնով «Տոյոտա» չպետք է ձեռք բերենք, պետք է ձեռք բերենք այլ ավտոմեքենա և գնին մոտ՝ նման «Շկոդա» են ձեռք բերել։ Հիմա այդ «Շկոդաների» ձեռքը այնպիսի կրակն է ընկել պետությունը, որ այլևս ուրիշ տարբերակ չունի։ Կա՛մ ավելի թանկ մեքենաներ պետք է գներ, կա՛մ «Տոյոտաներ»։ Կոպիտ ասած՝ իրենց խելքի պատճառով նորից հայտնվեցին թակարդում»։

Մրցույթի անցկացման ընթացակարգի առնչությամբ Վարոսյանը նկատեց. «Եթե ժամանակին մրցույթ սկսեին այդ պարեկների մեքենաների ձեռք բերման համար և մրցույթը անցկացնեին արդարացիորեն, ապա հնարավոր է՝ համապատասխան գնով ճարվեր շատ ավելի լավ մեքենա, բայց քանի որ այս քաղաքական ենթատեքստը հաշվի առնվելով՝ արգելվել էր «Տոյոտա» ձեռք բերելը, արդյունքում ձեռք էր բերվել այլ ավտոմեքենա։ Դրանք բոլորը շարքից շուտ դուրս էին եկել, հիմա դրա վրա պետությունը լրացուցիչ ծախս է կատարում, հիմա էլ ստիպված է շուռ գալ, առանց մրցույթի՝ շատ արագ մեկ անձից գնում կատարել՝ «Տոյոտայից»։ Այսինքն՝ մի կողմից գործ ունենք իշխանության հետ, որը այն ամենը, ինչ նախկինում քննադատել է, ինքն է անում, դրան զուգահեռ՝ մի քիչ էլ խելքի պակաս կա՝ հասկանալու համար, թե ինչ են անում, և այսպես պետության ծախսը տասնապատկվում է»։

Իսկ մեր այն հարցին, թե արդյոք հնարավոր չէր այդ մեքենաների փոխարեն ավելի ամուր, մարտական մեքենաներ գնել, որոնք պատերազմական երկրում գտնվող երկրի համար շատ ավելի օգտակար կլինեին, և պատերազմի ժամանակ իշխանությունը ստիպված չէր լինի քաղաքացիների մեքենաները հավաքագրել և ուղարկել, փաստաբան Վարոսյանն ասաց. «Ես պատերազմի հետ զուգահեռ չէի ուզի անցկացնել, որովհետև լրիվ այլ բան է զինտեխնիկան, և լրիվ այլ բան է պարեկային ոստիկանության համար անհրաժեշտ մեքենան։ Այդ մեքենաները, որոնք կարող են օգտակար լինել պատերազմի ժամանակ, շատ ավելի ծախսատար են խաղաղ պայմաններում։ Դա պետք է հաշվի առնել»։