Երևան +16°
copy image url
Խոսք Ներքին 1 տարի առաջ - 17:15 23-07-2022

Ագրարային համալսարանի 930 տեղի համար դիմել է 192 հոգի, որոնց 80 տոկոսը անցողիկ շեմը չի հաղթահարել

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 18 մասնագիտություններից 11-ում որևէ դիմորդ չի ընդունվել: Հատկացված 930 տեղերի (անվճար և վճարովի) համար դիմել է ընդամենը 192 դիմորդ, որոնց 80%-ից ավելին չի կարողացել հաղթահարել անցողիկ նվազագույն շեմը` 7,5 բալը։ Նախորդ տարի էլ համալսարան էր դիմել 256 դիմորդ, որոնցից ընդունվել էր 89-ը:

Այս մասին oragir.news-ը զրուցեց Ագրարային համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանի հետ։ «Բուհի դիմորդների 80 տոկոսից ավելին չեն հաղթահարել նվազագույն անցողիկ շեմը։ 192 դիմորդից ընդամենը 38-ն են ընդունվել։ Ես դեռ չեմ ուսումնասիրել հանրապետության մյուս բուհերի վիճակագրությունը, բայց այս արդյունքները մեր բուհի համար աննախադեպ են։ Ի սկզբանե դիմորդ չի եղել երեք մասնագիտության գծով՝ Կենդանագիտություն և կենսատեխնոլոգիա, Ագրոարդյունաբերության տեխնոլոգիաներ, որը նախկինում Կենսագործունեության անվտանգություն կամ Աշխատանքի պաշտպանություն էր կոչվում և, որ շատ զարմանալի էր, Ճշգրիտ գյուղատնտեսություն, որը ներկայիս ամենաարդիական մասնագիտություններից է, բայց հավանաբար ոչ բավարար տեղեկացվածությունն է եղել չդիմելու պատճառը», - ասաց Զաքոյանը։

«Քննությունից կտրվել կարող են, 100 տոկոսանոց արդյունք ոչ մի տարի էլ չի արձանագրվել, բայց երբ դա վերաբերում է 80 տոկոսին, դա արդեն լուրջ ուշադրության պետք է արժանանա այն իմաստով, թե ինչն է մեզ մոտ ոչ ճիշտ կազմակերպված։ Դպրոցները և այդ նույն միասնական քննությունները արդյո՞ք ունեն ընդհանրություններ, դպրոցական ծրագրերը և այդ նույն թեստերը։ Եթե ունեն, ինչպե՞ս ենք ուսուցանել, որ գոնե նվազագույն շեմը չեն կարողացել հաղթահարել այն շրջանավարտները, ովքեր դիմել են միասնական քննության, ոչ թե մնացել են ավարտական հանձնելու։ Սա շատ լուրջ մտահոգության խնդիր է և միայն Ագրարային համալսարանի խնդիրը չի»,- նշեց Զաքոյանը։

Անդրադառնալով եղած ցուցանիշներին՝ Զաքոյանն ասաց. «Սրանք առաջին փուլի արդյունքներն են, երկրորդ փուլին մինչև ամսի 26-ը կարող են դիմել դրական, անցողիկ շեմը հաղթահարած դիմորդները, ովքեր այլ տեղերում դրական հանձնել են, բայց չեն ընդունվել, կարող են այդ դրական միավորով մեկ այլ տեղ դիմել»։

Զաքոյանը, անդրադառնալով բուհի հեղինակությանը, հավելեց. «Նախկինում տնտեսագիտական մասնագիտությունները և անվճար տեղերը քննություններով էին, իսկ ոչ տնտեսագիտական մասնագիտությունների համար վճարովի տեղերում կարող էին ատեստատով ընդունվել։ Ագրարային համալսարանում տարիներ շարունակ հնարավորություն է եղել վճարովի համակարգում, այսպես ասած, առանց քննության «ուսանողներ ներգրավել», ինչը բացասաբար է ազդել բուհի հեղինակության վրա։ Դա դիտվում էր որպես գյուղական բնակավայրերը մասնագետներով ապահովելու միջոց, բայց իրականում ստացվել էր այնպես, որ թե՛ Երևանում, թե՛ ոչ գյուղական այլ բնակավայրերում, եթե երեխան սովորելու հակում չուներ, ասում էր՝ կգնամ, Ագրարայինից դիպլոմ կվերցնեմ, որի հետևանքով Ագրարային համալսարանը սովորելու ձգտում ունեցող ուսանողի համար դարձավ ոչ հրապուրիչ։

Այս տարի և անցած տարի չի եղել նման բան, և վերջին երեք-երեքուկես տարիների ընթացքում այնքան լուրջ դրական փոփոխություններ են կատարվել, այնքան առաջադեմ փորձ է կիրառվել Ագրարային համալսարանում, որ այլ բուհերից հետաքրքրվում են՝ ընդօրինակման համար։

Բայց հարցը այն է, որ այդ կորցրած վարկանիշը վերականգնելը հեշտ գործ չէ։ Մեր գործընկերները, այդ թվում՝ նաև լրատվական դաշտի գործընկերները, մեր հետ անելիք ունեն, որ ամբողջ ագրոպարենային համակարգի և առհասարակ հանրապետության պարենային համակարգի անվտանգության հարցը հարվածի տակ չդրվի մասնագետների պակասի պատճառով։ Պետք է ներկայացվեն այն դրական և մեծ փոփոխությունները, որոնք կատարվել են»։

Անդրադառնալով անելիքներին, որոնք հետագայում պետք է հանգեցնեն դիմորդների թվի աճի, Զաքոյանը ասաց. «Պետք է ներկայացվի Ագրարային համալսարանը՝ այսօրվա իրական պատկերով, որը պետք է նախկինում ձևավորված, կարծրատիպի վերածված մոտեցումը փոխի դեպի լավը, և դա կնպաստի դիմորդների թվի ավելացմանը, բայց մյուս կողմից, եթե դիմորդների 80 տոկոսը չկարողանա միասնական քննության արգելքը հաղթահարել, դրանով խնդիրը չի լուծվի։ Մենք նաև կառուցողական առաջարկությամբ ենք հանդես եկել, որն անմիջապես մեր պարտականությունների մեջ չի մտնում։ Պատրաստ ենք դպրոցի բացը լրացնել, անցած տարի էլ դիմել ենք նախարարություն, որ անցողիկ շեմին մոտ միավորներ հավաքած դիմորդներին թույլ տան՝ բուհը իր միջոցներով վերապատրաստի՝ մինչև թեկուզ դասերի սկսվելը, և մի անգամ ևս հնարավորություն ընձեռենք՝ հանձնելու միասնական քննություն։ Պետք է հնարավորություն տալ, որ սովորելու հակում ունեցող երեխան, ով գործի կեսը կամ կեսից շատը արդեն արել է, համալսարանի դասախոսների կողմից անցկացվող դասընթացների օգնությամբ նվազագույն շեմը հաղթահարի։ Ես կարծում եմ, որ այդ առաջարկությունը բավականին կառուցողական է։ Մի բան հստակ է՝ եթե մի մարդ սովորելու ընթացքում կարողացել է 6 միավոր էլ հավաքի, դա նշանակում է՝ նա սովորելու առաջին քայլերն արդեն արել է, և նրան հնարավորություն տալը ես համարում եմ կառուցողական մոտեցում»։

Ձեզ գուցե հետաքրքրի