Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 23:01 20-07-2022

Խաղադրույքներ՝ վերջնարարից առաջ…

«Վիվառո», «Տոտո», «Գուդվին» բուքմեյքերական ընկերությունները եթե հնարավորություն ունենային լսելու շարքային երևանցիների միջև ծավալված առերևույթ արտառոց զրույցը՝ այն իրողության կոչելով, աստղաբաշխական գումարներ կաշխատեին: Ու դա կյանքի կկոչվեր խաղադրույք կատարել ցանկացողների՝ նախադեպը չունեցած մասնակցության հաշվին:

Իսկ օրեր առաջ միմյանց հետ վիճաբանող քաղաքացիներին անասելի հետաքրքրում էր, թե որտեղ է հայտնվելու վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում.

ա) դժոխքում,
բ) դրախտում,
գ) քավարանում (երիտասարդներն ասում էին՝ Կանադայում)…

Իրենք՝ բուքմեյքերական ընկերություններն, իմ համոզմամբ, խաղադրույք կատարելիս նախապատվությունը (միանգամայն հասկանալի պատճառներով) կտային բ) տարբերակին: Ենթադրաբար, համամասնությունը չխախտելու նպատակով մյուս տարբերակներին ընկերությունները կտային հավասար միավորներ: Հաշվի առնելով ներհայաստանյան իրավիճակն ու բարիկադի հակառակ բևեռներում հայտնված սևերի ու սպիտակների միջև «թեժացող» կրքերի ներքաղաքական զարգացումներով պայմանավորված մակընթացության ու տեղատվության շրջափուլերը, կարելի է ենթադրել, որ խաղադրույք կատարել ցանկացողների կրիտիկական զանգված կգոյանար աշնանը, երբ կմոտենար «ճտերին» հաշվելու ժամանակը: Պիտի խոստովանեմ, որ մտահղացումը թեև մտահոգիչ-վարկածային, բայց իր տեսակի մեջ ինքնատիպ ու աննախադեպ է: Ժանրի կանոններով թեման զարգացնելու դեպքում՝ կենացներն ավելի կքաղցրանային, եթե խաղին մասնակցել ցանկացողները խաղադրույքներ կատարեին նաև՝ քանի՞ կարմիր, քանի՞ դեղին քարտ ցույց կտան Պուտինը, Բայդենն ու Ժան Միշելը Նիկոլին առաջիկայում, քանի՞ անգամ նա կհայտնվի եզրային գծում, քանի՞ անգամ՝ անկյունայինի մոտ, Նիկոլը կհեռացվի՞ խաղադաշտից, թե՞՝ ոչ, կամ էլ, ասենք՝ քանի՞ անգամ նա կարտաբերի «խաղաղության օրակարգ», քանի՞ անգամ՝ «գերիների վերադարձ», «միջանցքի հարց չկա» բառակապակցությունները կետերի վրա:

Ի վերջո, Նիկոլի օրոք Հայաստանի դարպասին «11 մետրանոց» կնշանակե՞ն, թե՞՝ ոչ, որքանով է ռեալ՝ տարածաշրջանային խաղացողների միջև ընթացող մրցամարտում ոչ ոքի գրանցելու հավանականությունը … Լուրջ, խաղային կենսափորձ ու հոտառություն ունեցող մասնակիցներն, ըստ իս, հապճեպ խաղադրույքներ չէին անի, նրանք անշտապ ծանրութեթև կանեին «վիճակագրական» տվյալները, ուշադրություն կդարձնեին նախընթաց զարգացումների տրամաբանությանը, նախադեպը չունեցող դեպքերին, խաղերի շուրջ մասնակից կողմերի անտես, անթույլատրելի, անգամ՝ անհավանական թվացող պայմանավորվածություններին: Մի պահ պատկերացրեք այն մասնակիցների վիճակը, ովքեր խաղադրույք կատարելուց հետո կշարունակեին պնդել, որ 44-օրյա պատերազմում կրած դաժան պարտությունից ու մոտ հինգ հազար երիտասարդների նահատակումից հետո Նիկոլ Փաշինյանը ոչ միայն հրաժարական չի տալու, այլև շարունակելու է պաշտոնավարել, ավելին՝ անցկացված արտահերթ ընտրություններից հետո էլ լեգիտիմացնելու է շատերի կողմից անթույլատրելի դիտարկվող պաշտոնավարումը…Նրանց նվազագույնը «գործից» չհասկացողի, իսկ որ ավելի ճիշտ է՝ խելագարի տեղ կդնեին: Այդպես կարծողներն ինչ իմանային, որ Վլադիմիր Պուտինի բարձր հովանավորությամբ ու նրա՝ «Моя милиция меня бережет» հուշում-հորդորով ձևավորված եռաշերտ պաշտպանության ու խաղադրույք կատարած միամիտներից գողունի ձեռք բերված ռուս-հայկական պայմանավորվածությունների հաշվին «կապիտուլյանտ», «դավաճան» ու «հողատու» որակված անձը կմնա իշխանության ղեկին: Ում մտքով կանցներ, որ Վլադիմիր Պուտինը, ի հեճուկս ցավագալար հայերի անզուսպ ցանկության՝ զորավիգ կլինի Նիկոլին մեն մի բանի համար՝ տարածաշրջանում ռազմական ներկայութան վաղեմի փափագ ունեցող Ռուսաստանի ապօրինի գործողությունները հիմնավորելով՝ հայկական կողմի իրենց ուղղված՝ փրկությանը միտված աղերս-հրավերով… Ինչևէ… Ժամանակների փոփոխությանը զուգահեռ՝ խաղադրույքներն էլ են փոխվում: Ու ինչպես նախորդ անգամ՝ պատերազմից հետո, այնպես էլ առաջիկա զարգացումներին վերաբերող խաղադրույքների հաջողության հավանականությունը վերլուծաբանները կապում են ռուս-հայկական «ստորջրյա» հերթական պայմանավորվածությունների հետ…