Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 21:31 20-07-2022

Սպառողը նախընտրում է էժան ապրանք, իսկ էժան ապրանքը միշտ եղել է թուրքականը․ տնտեսագետ

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

«Հայաստան-Թուրքիա սահմանի փակ լինելը չի ազդել երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների վրա»։ Այս մասին Օragir.news-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով Թուրքիայից Հայաստան ներկրվող ապրանքների ծավալին։

«Թուրքական ապրանքները ինչպես նախկինում, այնպես էլ հիմա անխոչընդոտ ներկրվում են Հայաստան։ Բացառություն կազմում էր միայն 2021 թ․, երբ Կառավարությունը որոշում կայացրեց մեկ տարով արգելել թուրքական ապրանքների ներկրումը Հայաստան։ Մասնավորապես վերջնական սպառման ապրանքների դեպքում արգելվեց ներկրումը, իսկ հումքի դեպքում մեծ բիզնեսները կամ ֆիզիկական անձինք կարող էին ներկրել։ Արգելքը հանվեց 2022 թ․ հունվարի մեկից»,- ասաց Պաարսյանը։

Անդրադառնալով ապրանքի ներկրման արգելքի ժամկետին՝ Պարսյանը ասաց. «Երբ որ այս արգելքը դրվում էր, ասում էին, որ այն գործելու է երկուսից երեք տարի։ Կոչ էին անում տեղական արտադրողներին արտադրություններ դնել, բիզնես սկսել և վստահեցնում էին, որ այս արգելքը երկու-երեք տարի կտևի, և նրանք շահույթներ կստանան։ Ցավոք, Կառավարությունը հերթական անգամ մոլորեցրեց բիզնեսին և մեկ տարի հետո վերացրեց այս արգելքը»։

Պատասխանելով մեր այն հարցին, թե ըստ նրա՝ որն էր արգելքի վերացման պատճառը, Պարսյանն ասաց.«Այս արգելքի վերացման պատճառը հիմնականում քաղաքական էր, քանի որ սկսվել են հայ-թուրքական դիվանագիտական, քաղաքական հարաբերությունները, և հայկական կողմը փորձում էր այդ հանդիպումներին, քաղաքական քննարկումներին մոտենալ առանց նախապայմանների տրամաբանությամբ, և նա վերացրել էր բոլոր արգելքները, որպեսզի այդ բանակցություններին ավելի հեշտ մոտենա։ Ասեմ, որ անցած տարի այդ թուրքական ապրանքների ներկրման արգելքի պայմաններում մեր տնտեսության մի շարք ճյուղեր բավականին զարգացան։ Մասնավորապես քիմիական արդյունաբերությունը, խոսքը վերաբերում է մաքրող միջոցներին։ Հայաստանում մի շարք արտադրություններ բացվեցին, որոնք փոխարինեցին թուրքական ապրանքներին, թղթե իրերի արտադրությունը, մասնավորապես տետրերի, տարբեր անձեռոցիկների։ Որոշակի աճ արձանագրվեց նաև մանածագործական տեքստիլ արդյունաբերության ոլորտում։ Այս տարվա հունվարի մեկից՝ արգելքը հանելուց հետո, պաշտոնական թվերով կտրուկ ավելացավ թուրքական ապրանքների ներկրումը։ Չնայած անցաած անցած տարվա արգելքին՝ Հայաստանում կային թուրքական ապրանքներ, Հայաստան դրանք ներկրվում էին այլ երկրների անվան տակ»,- ասաց Պարսյանը։

Իսկ մեր այն հարցին, թե որն է թուրքական ապրանքի առավելությունը, որ սպառողները նախընտրում են թուրքականը՝ մոռանալով տեղական արտադրանքը, Պարսյանն ասաց. «Սպառողը նախընտրում է էժան արտադրանքն ու ապրանքը, իսկ էժան ապրանքը այս պահին, ինչպես նաև անցած տարի, եղել է թուրքականը, սպառողը աչք է փակել այս ամենի վրա։ Անցած տարի նույնիսկ արգելքի պայմաններում սպառողները փնտրում էին թուրքական ապրանքներ՝ ուղղակի պիտակները կտրած։ Այս տարվա ընթացքում պիտակները կտրելու խնդիր չկա։ Այդ ապրանքները հանգիստ, առանց որևէ խոչընդոտի ներկրվում են, և արդեն այս տարվա հինգ ամիսների հաշվարկով Թուրքիայից ներկրվել է մոտ 76 մլրդ դոլարի ապրանք։ Այսինքն՝ մոտավոր վերադարձել է նախկին ցուցանիշներին։ Իրականում Թուրքիայից ներկրման ապրանքների ծավալն ավելի մեծ է, բայց քանի որ մաքսազերծման ժամանակ մաքսային արժեքը շատ փոքր է ներկայացվում ներկրողների կողմից, ստացվում է ավելի փոքր թիվ, բայց ոչ պաշտոնական թիվը ավելի մեծ է»։

Պարսյանը նաև ասաց, որ սահմանի առկայությունը չի կարող հանդիսանալ որոշիչ գործոն թուրքական ապրանքների ներկրման մասով։ Թուրքական ապրանքները ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ներկրվում են։ Հիմնական խնդիրը թուրքական գյուղատնտեսական մթերքների համար շուկայի բացման մեջ է։

«Եթե մենք շուկան բացենք նրանց համար, թուրքական մթերքը միանգամից կգեներացնի տեղական արտադրողներին, մենք չենք կարող մրցակցել։ Այսինքն՝ մենք պետք է երկու հանգամանք առանձնացնենք՝ սահմանի բացում և շուկայի բացում․ դրանք տարբեր բաներ են։ Մեր շուկան մեծավ մասամբ բաց է եղել թուրքական ապրանքների համար, բայց սահմանը փակ է եղել։ Հիմա խոսքը գնում է արդեն սահմանի բացման մասին։ Մենք չենք կարող դեմ լինել սահմանի բացմանը, քանի որ դա այլընտրանքային ճանապարհ է Հայաստանի արտադրողների համար կարող են այդ ճանապարհից օգտվել, բայց շուկայի մասով մենք բավականին մտահոգվելու տեղ ունենք, քանի որ չենք կարող մրցակցել թուրքական ապրանքների հետ»,- ասաց Պարսյանը։

Իսկ մեր այն հարցին, թե որն է իրենց գյուղմթերքի առավելությունը, որ մարդիկ նախընտրեն թուրքական արտադրանքը, Պարսյանն ասաց. «Նախ ունենք մասշտաբի խնդիր․ նրանք ավելի շատ են արտադրում ապրանք, քան մենք։ Օրինակ՝ նրանց ջերմոցները ոչ թե մի քանի հեկտար են, այլ մի քանի հարյուր հեկտար, և նրանց ծախսերը ավելի քիչ են, էներգակիրների գները ավելի էժան են, պետությունը սուբսիդավորում և աջակցում է արտադրողներին բավականին մեծ գումարների չափով։ Բացի այդ՝ վերջին տարիների ընթացքում թուրքական լիրան արժեզրկվել է, և դա մեծ ազդեցություն է թողնում Հայաստանում թուրքական ապրանքների գների վրա։ Թուրքական ապրանքները դառնում են էլ ավելի մատչելի և շուկայից դուրս են թողնում մեր հայրենական արտադրողին։ Սրանք կարևոր գործոններ են, որոնք պետք է հաշվի առնել։ Ցավոք, պետք է նշեմ, որ մեր Կառավարությունը ոչ թե նախապատրաստվում է շուկայի բացմանը, այլ սպասում է։ Նրանք որևէ կազմակերպչական աշխատանք այս առումով չեն անում»,- ասաց Պարսյանը։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի