«Գործում չկա որևէ ապացույց, որ մատակարարված ապրանքը եղել է ժամկետանց և անորակ». Փաստ
copy image url

«Գործում չկա որևէ ապացույց, որ մատակարարված ապրանքը եղել է ժամկետանց և անորակ». Փաստ

Մամուլ 3 տարի առաջ - 08:39 09-12-2021

«Փաստ» օրաթերթը գրում է

Երկու ամսից ավելի է՝ Հայաստանին զենք մատակարարող ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթ) կալանավորված է: Նա և պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը մեղադրվում են խոշոր չափի գումար հափշտակելու, կեղծիքներ կատարելու մեջ: Ոչ մեկ անգամ Գալստյանի փաստաբաններն ահազանգել են՝ գործը փակուղում է, այն արհեստականորեն ձգձգվում է: Փաստաբան Արմեն Անդրիկյանը նշում է՝ ձգձգման պատճառն ասել չի կարող, բայց իր համար մեկ բան ակնհայտ է:

«Գործում չկա մի ապացույց, որը կհիմնավորեր Դավիթ Գալստյանի մեղավորությունը, չկա որևէ ապացույց: Ավելին ասեմ՝ կալանավորման վերջին դատական նիստի ընթացքում թե՛ դատարանին, թե՛ նախաքննական մարմնին պաշտպանական կողմը ներկայացրել է այնպիսի ապացույցներ, որոնցով ամբողջությամբ հերքվում են այն վարկածները, որ մատակարարված ապրանքը եղել է անորակ ու ժամկետանց:Ի սկզբանե այս գործի շրջանակներում ասել ենք, որ դրա վերաբերյալ բոլոր տեսակի հարցերի պատասխանը կարող է տալ փորձաքննությունը: Եթե նախաքննական մարմինը պնդում է, որ ապրանքներն անորակ ու ժամկետանց են, այդ հարցերի պատասխանը միայն փորձաքննության միջոցով է հնարավոր ստանալ: Նախաքննական մարմինը նշանակել էր փորձաքննություն, սակայն այն անկատար է թողնվել: Այսինքն, գործում չկա որևէ ապացույց, որ մատակարարված ապրանքը եղել է ժամկետանց և անորակ, բացի դա, նշանակված փորձաքննությունն անկատար է թողնվել, գործում չկան նաև խարդախության հանցակազմի հնարավոր դրսևորման ապացույցներ: Չպետք է շեղվենք նաև այն մեղադրանքից, որն առաջադրված է Դ. Գալստյանին:

Նրան առաջադրված է մեղադրանք՝ խարդախության եղանակով գույքի հափշտակություն՝ խաբեության միջոցով: Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքներով և մեր օրենսդրությամբ նախատեսված է, որ Դավիթ Գալստյանն ի սկզբանե պետք է ունենա հափշտակության դիտավորություն, որը գործով չի ապացուցվում: Պարզ օրինակ բերեմ, որ ամեն ինչ ավելի հասկանալի լինի: Գործ ունենք պայմանագրային իրավահարաբերության հետ, այսինքն՝ մի կողմը մատակարարում է, մյուս կողմը ստանում ապրանքը և դրա դիմաց վճարում: Օրինակ՝ գնացել եք խանութ և ձեռք բերել կարագ: Հնարավոր է՝ հետագայում պարզվի, որ դա այն կարագը չէ, որ դուք ուզել եք: Ի՞նչ է, դա նշանակում է, որ վաճառողը հանցագործ է և խարդախություն է արե՞լ: Այս դեպքում էլ կա պայմանագրային իրավահարաբերություն:

Եթե մի պահ նույնիսկ պատկերացնենք որ պայմանագրային այդ իրավահարաբերության դրսևորման դեպքում կան որոշակի անճշտություններ, օրինակ՝ ապրանքը ձեռք բերած անձի սրտով չի, ապա դրա համար կա համապատասխան օրենսդրություն: Դրանք քաղաքացիաիրավական բնույթի հարաբերություններ են: Ասեմ ավելին՝ պաշտպանության նախարարությանը բազմիցս դիմում ենք հղել՝ խնդրելով պարզաբանել՝ արդյո՞ք կա ապրանքի վերաբերյալ որևէ պահանջ, կա՞ որևէ պահանջ ապրանքը վերադարձնելու, փոխարինելու և այլն: Մինչ այսօր դրա վերաբերյալ որևէ պատասխան չենք ստացել: Նշանակում է, որ եղել են քաղաքացիաիրավական բնույթի հարաբերություններ, բայց նախաքննական մարմինը դա գնահատում է որպես խարդախությամբ գույքի հափշտակություն: Աբսուրդն այս է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Անդրիկյանը:

Հիշեցնում է՝ մինչ այս պահը Դավիթ Գալստյանը գտնվում է կալանքի տակ: «Փորձ է արվել կալանքի անհրաժեշտությունը հիմնավորել նրանով, որ կա որոշակի քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտություն և իբր Դ. Գալստյանը դրանց կխոչընդոտի, իրականում դա ամբողջությամբ անհիմն է: Թե՛ նախորդ, թե՛ այս գործով, որը հարուցված է դեռևս ապրիլի 23-ից, Դ. Գալստյանը պատշաճ վարքագիծ է դրսևորել: Վեց ամսից ավելի նախաքննություն է իրականացվել, չկա մի ապացույց, որը Գալստյանը փորձ է արել խոչընդոտել կամ փախուստի դիմել: Վեց ամիս հետո Դ. Գալստյանը կալանավորվում է այն հիմնավորմամբ, որ կարող է խոչընդոտել: Առավել քան կանխատեսելի էր, որ նա չի խոչընդոտի, քանի որ 6-7 ամիս ընթացել էր նախաքննությունը, և չկար խոչընդոտման մի որևէ փորձ»,-նշում է մեր զրուցակիցը:

Հիմա այն մասին, թե որոնք են լինելու Գալստյանի փաստաբանների քայլերն այս իրավիճակում: «Վերաքննիչ բողոք ենք ներկայացրել կալանքի ժամկետի երկարացման դեմ: Ինչո՞ւ դրա հետ մեծ հույսեր չենք կապում: Այս պահին չի գործում էլեկտրոնային մակագրության եղանակը: Մեր դեպքում գործերը հիմնականում մակագրվել են այնպիսի դատավորների, որոնք կարելի է ասել լոյալ են այս ամեն ինչին: Չենք տեսել սկզբունքային մոտեցում մեր հարցով: Ներկայացնում ենք համապատասխան բողոքներ կալանքի հետ կապված, համապատասխան միջնորդություններ, այդ թվում՝ փորձաքննություն կատարելու և այլն: Բայց այս պահի դրությամբ չունենք դրական արդյունք այն իմաստով, որ մեր միջնորդությունները մերժվում են նախաքննական մարմնի կողմից: Շահագրգռված ենք, որ օբյեկտիվ, բազմակողմանի քննություն իրականացվի, այդ տրամաբանությունից ելնելով ենք ներկայացնում այդ միջնորդությունները: Խնդիր ունենք, որ օբյեկտիվութունը բացահայտվի, խնդիր ունենք՝ հաստատվի, որ ապրանքը անորակ և ժամկետանց չի եղել, այդ տրամաբանությունից ելնելով ենք միջնորդություններ ներկայացնում: Բայց, ցավոք, նախաքննական մարմնի կողմից դրանք մերժվում են: Դրա վերաբերյալ հետևությունները թողնում եմ ձեզ»,-եզրափակում է փաստաբան Արմեն Անդրիկյանը:

Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
23:46 Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է, այն արդեն ճաքել է․ Մեսրոպ Առաքելյան
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է
19:00 ՔՊ-ական պատգամավորը մանիպուլացնում է․ ինչ է պատասխանել Քոչարյանը Էրդողանին
19:17 «Յան տվեք ինձնից»․ Սամվել Ալեքսանյանը՝ լրագրողին
08:30 Ինչ է սպասվում հազարավոր դիմորդներին․ ԿԳՄՍՆ-ի խայտառակությունը․ Հրապարակ
22:51 Անփող ուզում չենք, գոնե քիչ էժան պարարտանյութ, սերմացու ու վառելիք տան. օձունցի հողագործ
22:30 Ասել են` կիսվեք, չեն կիսվել, խլում են. հարցում` սուրճի կետերի փակման մասին
08:01 Շուրջ 50 հազար ԱՄՆ դոլար արժեցած «դարի հաղթանակը»` պատուհաս Կառավարության համար. Ժողովուրդ