Երևան +16°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:32 20-07-2022

Նոր ՄԻՊ-ը «պրեմիաների սիստեմը» փոխել է, որ յուրայիններին շատ տա, նախկիններին չտա

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը փոխել է ՄԻՊ աշխատակազմին տրվող պարգևավճարների տրամադրման սկզբունքը։ Բանն այն է, որ Արման Թաթոյանի օրոք ՄԻՊ աշխատակիցները պարգևավճար էին ստանում եռամսյակը մեկ, և բոլորը պարգևատրվում էին իրենց աշխատավարձի 90 տոկոսի չափով։ Քրիստինե Գրիգորյանը, պահպանելով պարգևատրման համար նախատեսված ընդհանուր գումարի չափը, պարգևավճարները տալիս է ամեն ամիս, սակայն տարբեր աշխատակիցներին տարբեր չափերով։

Մեզ ասացին, որ Քրիստինե Գրիգորյանը իր յուրայիններին պարգևատրում է 100 տոկոսի չափով, իսկ ՄԻՊ աշխատակազմի «նախկիններին»՝ Թաթոյանի օրոք աշխատածներին, ավելի քիչ պարգևավճար է տալիս՝ մինչև 15 տոկոսի չափով։ Այլ կերպ ասած՝ ՄԻՊ աշխատակազմն էլ է բաժանվել «սևերի ու սպիտակների», «նախկինների ու ներկաների», «թաթոյանականների ու քրիստինեականների»։

Մենք գրավոր հարցում էինք ուղարկել ՄԻՊ աշխատակազմ՝ հարցնելով, թե որքան պարգևավճար են ստացել ՄԻՊ աշխատակիցները, ընդ որում՝ հատուկ շեշտել էինք, որ պատասխանը տրամադրեն կոնկրետ, այսինքն՝ թե որ պաշտոնյան որքան պարգևավճար է ստացել, բայց Քրիստինե Գրիգորյանը այստեղ էլ է խուսանավելու միջոց գտել, և պարգևավճարների չափը գրել է՝ ըստ պաշտոնների խմբերի, որպեսզի չկարողանանք նույնականացնել։ ՄԻՊ-ի պաշտոնական պատասխանում ասվում է հետևյալը․ «Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի պաշտոնավարման այս ընթացքում (փետրվարի 23-ից հունիսի 23-ը) ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2022 թվականի բյուջեի «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով հատկացված միջոցներից պարգևատրվել է երեք անգամ (ամսական պարբերականությաբ)՝ ընդհանուր 20.764.800 դրամի չափով: Նկատի ունեցեք, որ նախորդիվ ժամանակահատվածում աշխատակազմի պարգևատրումները տրվել են եռամսյակային կտրվածքով, իսկ մարտ ամսին աշխատակազմի շրջանում պարգևատրումները տրամադրելու նախընտրելի պարբերականության վերաբերյալ կատարված հարցման արդյունքներով՝ այդուհետ պարգևատրումները կատարվել են ամսական պարբերականությամբ՝ պահպանելով բյուջետային նույն համաչափությունները։ Ձեր ուշադրությունն ենք հրավիրում փաստին, որ տարեկան բյուջեով պարգևավճարների եռամսյակային սահմանաչափերի մասով 1-ին և 2-րդ եռամսյակների համար նախատեսված սահմանաչափերը պահպանվել են։ Բացի այդ՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին և ոչ աշխատանքային ժամերին կատարված աշխատանքի դիմաց աշխատակազմի հերթապահած աշխատակիցներին վճարվել է ընդհանուր թվով 1.268.209 դրամ հավելավճար: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նշված ժամանակահատվածում որևէ աշխատակից լրացուցիչ անգամ չի պարգևատրվել»,- պատասխանել են ՄԻՊ գրասենյակից՝ կից ներկայացնելով պարգևավճարների ընդհանուր թվերը՝ ըստ պաշտոնների խմբերի։

Նշենք, որ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը, որին տրվել է 1.650. 315 դրամ պարգևավճար, հենց ինքն է՝ Քրիստիննե Գրիգորյանը, ՄԻՊ-ում այլ ինքնավար պաշտոններ չկան: ՄԻՊ աշխատավարձը մոտ 970 000 դրամ է, անգամ առավելագույն հաշվարկներով ՄԻՊ պարգևավճարը 970 000 դրամից ավելի չպետք է լիներ: Այսինքն՝ ստացվում է, որ Քրիստինե Գրիգորյանը եռամսյակի կտրվածքով 90 տոկոսի չափով պարգևավճարի չափը գերազանցել է, նույնիսկ 100 տոկոսի չափն է գերազանցել, հենց այս հանգամանքն էլ հաստատում է, որ ՄԻՊ-ում հավասարության ու ժողովրդավարության սկզբունքը խախտվել է, և Ֆրիկի հայտնի տողերը, ըստ որի՝ «Մեկին հազար դեակն ոսկի, մեկին՝ ոչ փող մի պղնձի», չափազանց արդիական են։

Ամենից շատ դիտված