copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 11:22 20-07-2022

Նիկոլի գալով՝ Հայաստանում ամեն ինչ «ծաղկում է», այդ թվում` Սևանը

Օրերս Շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է տարածել Սևանա լճի կանաչելու և այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ։ Մինչ պարզաբանումը ներկայացնելը նշենք, որ Սևանի ծաղկման կամ կանաչելու առաջին դեպքը գրանցվել է 1960-ականներին՝ շարունակվելով մինչև 70-ականների կեսերը։ Այն ժամանակ էլ, 2018թ․-ից սկսած էլ, ծաղկման պատճառը ցիանոբակտերիաներն են, որոնք հայտնի են նաև որպես կապտականաչ ջրիմուռներ: Լճում ծաղկման դեպքեր գրանցվել են նաև 1990-ականների կեսին, բայց այդ տարիներին պատճառն այլ ջրիմուռներ էին։

Վերջին համատարած «ծաղկումը» սկսվել է 2018-ին և շարունակվում է մինչ օրս։ Հասկանալիորեն լիճը ծաղկում է հիմնականում ամառվա կեսերին։ 2019թ․-ին լիճը ծաղկել էր նաև աշնանը։ Գիտնականների բացատրությամբ դա ամառվա ծաղկման շարունակությունն էր: «Ամեն տարի աշնանն էլ է եղել ծաղկում, բայց աննշան մակարդակով: Ընդհանրապես դիատոմային ջրիմուռներն են ծաղկում աշնանը: Սակայն այդ տարի նաև նկատվել է կապտականաչ ջրիմուռներով ծաղկում: Մի քանի գործոն իրար հետ համընկնել են, և ստացվել է ծաղկման նշան։ Օրինակ՝ ջերմաստիճան և ֆոսֆորի քանակ: Սա ազդակ է, որ պետք է զգույշ լինել, որ որ լճի մակարդակն չիջնի: Եթե իջավ, կազդի ջերմաստիճանային ֆոնի վրա, որը տարեցտարի ավելի է բարձրանում: Կլիմայի փոփոխության պայմաններում լճի մակարդակի բարձրացման հետ ափերը լվացվում են, մեծաքանակ օրգանական նյութ է լցվում լիճ: Երբ իջնում է լճի մակարդակը, օրգանական նյութերի կոնցենտրացիան լճում ավելանում է, ինչն էլ նպաստում է լճի ծաղկմանը»: Սա լճի ծաղկման բացատրության մի փոքր տարբերակ է։

Ծաղկման վերաբերյալ շատ ավելի մանրամասն բազմաթիվ անգամներ մասնագիտական բացատրություններ են տվել Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող, ջրակենսաբան, կ.գ.թ. Գոռ Գևորգյանը, ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և կենդանաբանության կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը և այլք։

Ինչպես նշվեց, լճի ծաղկման վերջին փուլը սկսվել է 2018թ․-ին (փաստորեն Նիկոլի գալով՝ մեզանում ամեն ինչ, անգամ ջուրը, «ծաղկում է»)։ Հետևաբար անտրամաբանական է այդքանից հետո նախարարության կողմից նման մանրամասնությամբ ներկայացնել լճի ծաղկման գիտական բացատրությանը։ 2018թ․-ին դա տրվել է։ Հիմա հետաքրքիր է, թե հինգ տարվա ընթացքում ինչ է արվել իրավիճակը բարելավելու ուղղությամբ։ Ի սկզբանե էլ պարզ էր, որ լճի ծաղկման բուն պատճառը ջրի մակարդակի նվազումն է, որպես հետևանք՝ ջրի բարձր ջերմաստիճանը, լույսի մեծ ինտենսիվությունը, ինչպես նաև կեղտաջրերի մուտքը լիճ, այդ թվում՝ և լճի շրջակայքում գտնվող չորս քաղաքների ու այլ բնակավայրերի կոյուղաջրերի։

Նախարարությունը, համաձայն հաղորդագրության, ձեռնարկում է միջոցառումներ՝ լճում սիգի արդյունագործական որսի կարգավորման, ձկնապաշարի համալրման, լճի ջրավազանային կառավարման պլանի մշակման, ջրի նորմերի հաստատման, լճափին ապօրինի և ապամոնտաժման ենթակա շենք-շինությունների ապամոնտաժման, ջրածածկ և ջրածածկման ենթակա տարածքներում անտառմաքրման աշխատանքների, աղբահանության և աղբի տեղափոխման խնդրի կարգավորում ուղղությամբ։ Իսկ քաղաքների կոյուղաջրերի՝ լիճ թափվելու առումով ի՞նչ է արվել, ջրի մակարդակը բարձրացնելու առումով ո՞ւր ենք հասել։ Հատկապես, որ տեղումները ավելի շատ են եղել, Արփա-Սևանով էլ ավելի շատ ջուր է տեղափոխվել լիճ։ Ինչո՞ւ է ջրի մակարդակը 6 սմ-ով պակաս՝ անցած տարվա համեմատությամբ։ Եվ բազում նման հարցերի պատասխաններ պետք է հնչեին այսօր նախարարության պարզաբանման մեջ։ Լճի ծաղկման վերջին փուլի սկզբից ամբողջ հինգ տարի է անցել։ Մինչդեռ բացի անորոշ, ոչինչ չասող «ձեռնարկվող միջոցառումներից»՝ հստակ ոչինչ չի նշվում։ Կարելի է նույնը բովանդակությունը տարբեր փաթեթավորումներով ներկայացնել եկող և հաջորդ բոլոր տարիներին։ 5 տարի շարունակ, երբ իշխանության է այս թիմը, լիճը ծաղկում է։ Այս ընթացքում ինչ-որ բան պետք է որ արված լիներ։ Եթե արվել է, ուրեմն կներկայացվեր։

Հիշեցնենք, որ այստեղ ամենահիմնական գործոնը ջրի մակարդակի բարձրացումն է։ Հավելենք, որ 2021թ․-ի գրեթե այս շրջանում՝ խորհրդարանական ընտրությունների նախօրեին, Փաշինյանը սենսացիոն հայտարարություն արեց․ «2021 թվականի հունիս-հուլիսին Սևանա լճի մակարդակը կլինի ամենաբարձրը վերջին 60 տարվա ընթացքում։ Ասում են՝ անձրև շատ է եկել, ձյուն շատ է եկել, դրա համար էլ Սևանի մակարդակն այդքան բարձր է լինելու (ընդդիմությանն էր ծաղրում)։ Փաստորեն վերջին 60 տարվա ընթացքում Հայաստանում ո՛չ ձյուն էր եկել, ո՛չ էլ անձրև։ Անձրև և ձյուն ՀՀ-ում, տիկնա՛յք և պարոնա՛յք, տեղացել է միայն 2020-2021 թվականներին, կամ էլ Եղիա մարգարեի ժամանակների երաշտից է եղել, այն ժամանակ 30 տարի էր, այս անգամ փաստորեն 60 տարի է եղել»։ Դա Փաշինյանի հերթական չկայացած սենսացիաներից էր։ Հուլիսին լճի մակարդակը ավելի ցածր էր նախորդ տարվա համեմատ՝ չնայած ձմռան ու գարնան առատ տեղումներին։ Այս տարի վիճակն էլ ավելի անմխիթար է․ լճի մակարդակը 6-7 սմ-ով ցածր է անցած տարվանից՝ չնայած տեղումների առատությանն ու Արփա-Սևանով տեղափոխված ջրի ավելի մեծ քանակությանը։

Հավելենք նաև, որ ամիսներ առաջ գործադիրն ընդունեց համապատասխան որոշում՝ Արփա-Սևան թունելի անխափան աշխատանքի ապահովման, Սևանա լճի մակարդակի աստիճանական բարձրացման նպատակով թունելով Սևանա լիճ առավելագույն քանակի ջրի տեղափոխման համար Կեչուտի ջրամբարի, Եղեգիսի հիդրոհանգույցի փականային հանգույցների և ջրաչափական կետերի, «Արփա-Սևան» թունելի ելքամասի ջրաչափական կետերի վերազինման ու արդիականացման համար: Իրավիճակից հետևում է, որ դա էլ չի իրականացվել։

Եվ թերևս ամենակարևորը․ Սևանը սնուցող հիմնական գետակունքները Քարավաճառի տարածքում են, որ Նիկոլը նվիրեց Ադրբեջանին, որտեղ վերջին տարիներին անապատացման լուրջ միտումներ են դրսևորվում։ Եթե նույնիսկ անապատացման վտանգը չլիներ, միևնույնն է, այս երկիրը առաջիկա տարիներին միլիարդներ է դնելու Հայաստան մտնող բոլոր գետերի հուները փակելու, դեպի Ադրբեջան շրջելու համար։ Մյուս կողմից Ադրբեջանը անթաքույց հավակնություններ ունի՝ Սևանի ափ դուրս գալու, և այսօրվա զարգացումներն ու մեր իշխանությունների պահվածքն այդ առումով մտորելու տեղիք են տալիս։ Հետևաբար ազդեցության բոլոր այդ միջոցները, ցավոք, ոչ մի լավ բան չեն խոստանում Սևանի ծաղկումը դադարեցնելու և ջրերի մաքրման ու որակի բարձրացման առումով։ Եվ ոչ միայն Սևանի։

Ձեզ գուցե հետաքրքրի