copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 22:12 02-06-2022

Չնայած ծփում է Սևանը, տխուր է Սանոսյանը

ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» լսումների ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն արված հարցումին, թե տեղումների արդյունքում ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել ջրային ոլորտում, արդյո՞ք ջրի մակարդակի աճ կա ջրամբարներում և Սևանա լճում, եթե կա, դա նշանակո՞ւմ է, որ ոռոգման սեզոնը կարելի է ավելի ուշ սկսել, տվել է բավականին երկիմաստ պատասխան։

«Բավականին դրական իրավիճակ ունենք, բայց դրա մեծ մասը բաժին է ընկնում Ախուրյանի ջրամբարին։ Եթե այսօրվա իրավիճակը համեմատենք նախորդ տարվա հետ, ապա 207 մլն խմ ավելի շատ ջուր ունենք ջրամբարներում։ Առաջին հայացքից շատ լավ է, բայց 207 մլն խմ-ից 198 մլն խմ բաժին է ընկնում Ախուրյանի ջրամբարին։ Այսինքն՝ կոնկրետ մեկ ջրամբարի պատկեր է, որը շատ լավ է, քանի որ ոռոգվող հատվածներ ունենք Արագածոտնի և Արմավիրի մարզերում։

Բացասականն այն է, որ Ախուրյանի ջրամբարի այդքան շատ ջուրը չի կարող օգնել Սևանին։ Սրանք ամբողջովին տարբեր համակարգեր են, և Սևանի տիրույթում գտնվող հատվածն ու Ախուրյանի հատվածն իրար հետ կապ չունեն»,- ասել է նա։

Անդրադառնալով Սևանա լճի մակարդակին՝ ՏԿԵ նախարարը նշել է, որ Արփա-Սևան թունելով տեղափոխվել է 117 մլն խմ ջուր, որը 8 մլն խմ-ով ավելի է, քան նախորդ տարի։ Հավելել է, որ Սևանա լճի մակարդակն այսօրվա դրությամբ նվազել է 19 սմ-ով, «բայց գործընկերները կանխատեսում են, որ մինչև հուլիսի սկիզբը բավական կբարձրանա, քանի որ ձնածածկույթ ունենք։ Նախորդ տարվա համեմատ՝ դրական միտում ունենք Մարմարիկի, Ազատի, Ապարանի ջրամբարներում։ Նախորդ տարի բավականին ծանր տարի էր։ Այո՛, այս տարի ոռոգման սեզոնը հետ է ընկել. եթե նախորդ տարի մայիսի 25-ից էր Սևանա լճից ջուր վերցվում, այս տարի մոտ երկու-երեք օրից կսկսենք Սևանից ջուր վերցնել՝ հաշվի առնելով, որ գետերում եղած ջուրը բավարարում է»,- ասել է նա ու հավելել, որ «ընդհանուր առմամբ իրավիճակը դրական է, բայց լավատեսական չէ»։

Նախ նշենք, որ Սևանի մակարդակը իր ասած օրվա դրությամբ նվազել է ոչ թե 19, այլ 20 սմ-ով։ Այդ մեկ սմ-ն 13 մլն խմ ջուր է։ Երկրորդ, վերջին երկու շաբաթների ընթացքում լճի մակարդակը բարձրացել է ամբողջ 6 սմ-ով։ Արփա-Սևանով այս տարի լիճ է տեղափոխվել 8 մլն խմ-ով ավելի ջուր։ Ինչո՞ւմն է հետևաբար նախարարի անհանգստությունը։ Իհարկե, նախարարը կարծես այնքան էլ լավ չի տիրապետում թվերին, նշելով, որ Ախուրյանում կուտակված ավել ջուրը չհաշված՝ մնացյալ ջրամբարներում միասին ավել է կուտակվել ընդամենը 9 մլն խմ ջուր, մինչդեռ նրա նշած օրվա տվյալներով միայն Ապարանի ջրամբարում 11 մլն խմ ավել ջուր է կուտակվել, Մարմարիկում՝ ավելի քան 5 մլն խմ, Ազատում՝ շուրջ 2 մլն խմ։ Նախարարն ինքն էլ է նշում, որ ձնհալը շարունակվում է, և Սևանի մակարդակի բարձրացումը դեռ կշարունակվի։ Մասնագետները պնդում են, որ Ազատի ու Մարմարիկի ջրամբարները լիովին լցվելու են, Ապարանի ջրամբարի ջուրը դեռ բավականին ավելանալու է։ Ավելին, նրանք պնդում են, որ թվերը միտումնավոր նվազեցված են ցույց տալիս։ Եթե նույնիսկ ընդունում ենք, որ մասնագետները ճիշտ չեն, այդուհանդերձ եղած թվերը շատ ավելի լավն են, քան անցած տարի էին, ինչո՞ւմն է ուրեմն նախարարի անհանգստությունը․ «իրավիճակը դրական է, բայց լավատեսական չէ»։ Էլ ոնց լինի, որ լավատեսական լինի։ Դեռ չենք խոսում ոլորտում իրականացված «փաշինյանական բարեփոխումների» մասին, որի արդյունքում Սևանը վերջին 60-70 տարիների կտրվածքով պետք է ունենար ռեկորդային բարձր մակարդակ։ Մյուս կողմից, չնայած այն հանգամանքին, որ այս տարի Արարատյան դաշտում ոռոգման ջրի մատակարարումը սկսվել է մայիսի 5-ից (ամեն տարի դա արվում էր ապրիլի 10-ից), մեկ ամսվա ընթացքում գյուղերին ջուր է մատակարարվել 16-17 օր, ու այդքանից հետո նախարարը դարձյա՞լ մտահոգ է։ Փաստորեն ամեն ինչ ավելի լավ է, բայց արի ու տես, որ այդքանից հետո նախարարը դարձյալ մտահոգ է․․․

Ձեզ գուցե հետաքրքրի