Ներքին Խոսք 4 տարի առաջ - 10:28 18-07-2022

Օգտագործելով Արցախի անունը՝ ստորություն են արել. «Նավասարդ Արգո» ՍՊԸ սեփականատիրոջ գործով հարցաքննվել է նաև Սոֆյա Հովսեփյանը

«Նավասարդ Արգո» ՍՊԸ-ի՝ կալանավայրում գտնվող սեփականատեր Գարիկ Նավասարդյանը օրեր առաջ հայտարարել է հացադուլ սկսելու մասին։ Գարիկ Նավասարդյանի նամակը, որը հրապարակել էր գործընկերը՝ «Նավասարդ Արգո» ՍՊԸ գործադիր տնօրեն Արմինե Մելքոնյանը, վերջինս մեկնաբանել էր այսպես. «Գարիկի նկատմամբ անարդարությունը տեսնում եմ... Պատկերացնո՞ւմ եք՝ գրավի դիմաց ազատ չեն արձակում, ու, ցավոք, հակափաստարկ չկա»։ Արմինե Մելքոնյանը, իր ֆեյսբուքյան էջում նաև հղում անելով ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին, գրել էր. «Հոկտեմբեր ամսվա վերջին, երբ Գարիկը Արցախում խնդրում էր ծրագրին այլ ընթացք տալ, որ բերված հավերը գոնե տան Թաղավարդի և Կարմիր Շուկայի գյուղացիներին, դու պնդում էիր, որ այլ տարբերակ պետք չէ մտածել, որ քիթդ կկտրես, եթե նոյեմբերի 15-ին ֆերման պատրաստ չլինի։ Ե՞րբ ես քիթդ կտրում»։ Թե ինչ կապ ունի պատմության հետ նախկին պատգամավորը, Oragir.news-ը փորձեց պարզել անձամբ նրանից։

ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն Oragir.news-ի հետ զրույցում ասաց․ «Օրեր առաջ ինձ հրավիրեցին Արցախի քննչական կոմիտե՝ վկայություն տալու, և երկու օր առաջ ես առերեսման էի Գարիկի հետ, որից հետո ինքը նաև հայտարարել է հացադուլ, բնականաբար, արդեն ինձ համար էական է, թե ինչպես են հասարակությանը փորձում աղմուկ բարձրացնելով շեղել այն գործընթացից, որն իրականում կա։ Նախաքննության փուլում առհասարակ սխալ է որևէ բան խոսելը, ինչն անում է անընդհատ Արմինե Մելքոնյանը, ուղղակի իմ կապն այս ամենի հետ պետք է հստակ մեկնաբանեմ։ Մեկ տարուց ավել է՝ դիմել էին ինձ, որ ցանկություն ունեն հավեր տրամադրելու ընտանիքների, և հետո այդ հավերի ածած ձուն վերցնեն և վաճառեն, այսինքն՝ վերցնեն ու ինչպես «Նավասարդ Ագրո»-ի գյուղական ձվերն են, այդ նույն ծրագիրն իրականացնեն, ինչպես իրենք անում են այլ կազմակերպությունների հետ։

Այստեղ քննարկման արդյունքում իրենք ցանկություն հայտնեցին՝ այդ ծրագիրը անեն Արցախում, և շատ լավ կլինի, որ Արցախում լինի, քանի որ հետպատերազմյան շրջան է, ու կան ընտանիքներ, որ խնդրի առաջ են կանգնել, մի խոսքով, իրենց ներկայացնելով՝ օգնություն։ Ես զանգահարել եմ այդ ժամանակ Արցախի սոցիալական հարցերի նախարար Արմինե Պետրոսյանին, ներկայացրել ծրագիրը հենց իրենց մոտ և հետագայում իրենք եկել, հանդիպել են տիկին Պետրոսյանի միջոցով տիկին Մանե Թանդիլյանի հետ, այսինքն՝ այն ժամանակվա Արցախի սոցիալական հարցերի նախարարի հետ։ Դրանից հետո ես գործի ընթացքի հետ առհասարակ առնչություն չեմ ունեցել, այսինքն՝ իրենք են համաձայնության եկել, իրենք են որոշել, քննարկել, ես որևէ հարցում միջամտություն չեմ ունեցել։ Արդեն նոյեմբեր ամսին, երբ գոմի հետ կապված կար խնդիր, այսինքն՝ կար այն տեղեկատվությունը, որ գոմը չի սարքվում, Արմինեն ու Գարիկը անընդհատ իմ ընկերների շրջանակում, այդ թվում՝ նաև ինձ տեղեկացնում էին, որ Արցախը խաբում է իրենց։ Ես որոշեցի, որ իրենց հետ միասին գամ Արցախ ու հասկանամ, թե ինչ է տեղի ունենում։

Արցախում ես պարզեցի հետևյալը, որ գոմի շինարարության հետ կապված՝ տեղի են ունեցել դժվարություններ, և ամենավերջում քննարկեցինք այն հանգամանքը, որ գոմը կկառուցվի մինչև նոյեմբերի 18-ը։ Ես վերցրի իմ պատասխանատվության տակ, որ հետևողական կլինեմ, այսինքն՝ գոմը կսարքվի, կզանգեմ, պետք լինի՝ անգամ կգնամ, շինարարների հետ կաշխատեմ, միայն թե այս ծրագիրը լինի, որովհետև սա հիսուն ընտանիքի աջակցության ծրագիր էր։ Ինքը վստահեցնում էր, որ այդ գոմը չի սարքվելու ու չի լինելու այդ ժամկետում, ինչն ինձ համար անհասկանալի էր, թե ինչու է ինքն այդքան վստահ, որ գոմի շինարարությունը չի լինելու։ Հետագայում պարզվում է, որ գոմի շինարարության հետ կապված՝ պանելներ կան, սեղմիչ պանելներ են կոչվում, որը շինարարը պատվիրել է «Նավասարդ Ագրոյի», այսինքն՝ Արմինեի ու Գարիկի միջոցով Պարսկաստանում, և իրենք պետք է բերեին-հասցնեին այդ պանելները, որպեսզի գոմի շինարարությունը ժամանակին իրականանար։ Եվ քանի որ իրենց ձեռամբ են պատվերները եղել, իրենց ձեռամբ էլ ուշացել են, բայց քանի որ էլի չի ուշացել, քանի որ գոմի մի մասը (մոտ հարյուր մետր երկարությամբ երկու բլոկով է գոմը) ամսի 18-ին պատրաստ է եղել, եթե իրենք սարքավորումները տեղադրեին՝ ըստ պայմանագրի, հավերը կարող էին տեղափոխել։

Այն պայմանագրով, որ ինքը 120 օրական հավ պետք է հասցներ Արցախին, դեռ ժամկետ ու մի բան էլ ավել կար, որ 120 օրական հավերը լինեին։ Լավ, եթե սա մի կողմ ենք դնում, ստացվում է մի իրավիճակ, երբ քաղաքացուն Արցախ պետությունը տվել է հավ գնելու գումար, և այդ հավերը, ըստ պայմանագրի, պատկանում են Արցախի պետությանը, եթե որևէ անհատ վերցնում է այդ գումարն ու գնում է այդ հավերը, ապա նա պետք է վերադարձնի Արցախի պետությանը՝ անկախ պատճառաբանություններից, որ իրենք գտնում են, որ Արցախի կողմը պատրաստ չի եղել։ Իրենց նախ առաջարկվել է, որ հավերը բերեն։ Ավելին, ես եմ անձամբ իր հետ խոսել, և իրեն ասեցի՝ Արմինե՛, դուք այստեղ որևէ մեղքի տակ մի մտեք, կբերեք այստեղ, ինչ կանեն, կանեն, դա իրենց գործն է, իրենց գումարով գնված հավն է, բերեք բաց թողեք, պետության հավերն են։ Ինքն ինձ այդտեղ վախեցրեց, ավելորդ խոսակցություններ, որին ես ավելի ուշ կանդրադառնամ, հեռախոսազանգին մեր՝ ևս։ Ես վստահ եմ, որ ինքը ձայնագրել է մեր խոսակցությունը, ու պահանջում եմ, որ դա հանրայնացնի։

Մի խոսքով, հավերն այդպես էլ չեկան, ու այդ ժամանակ իրենք արդեն սկսել էին հավեր վաճառել։ Ու պարզվում է, որ հունվար ամսին վաճառել են տարբեր տեղերում, վաճառել են նրա համար, որ իբր մյուս հավերի համար կերի գումար գնեն, որովհետև առհասարակ հավերի կերի գումարի խնդիր չի եղել, որովհետև իրենք պարտավոր էին ներմուծել 120 օրական հավեր, իրենք բերել են մեկ օրական ճուտ ու այդ ճտին աճեցրել են, այսինքն՝ հսկայական մեծ գումարի տարբերությամբ, որ պետությունն իրենց մեծ հավի գումար էր տվել, իրենք բերել են մեկ օրական ճտեր։ Դա իրենց խնդիրն է, ուզեցել են՝ բիզնես անեն, քավ լիցի, թող անեն։

Խնդիրը հետևյալն է, որ եթե դու պետությունից վերցրել ես պարտավորություն և գումար, որ պետք է բերես տասնհինգ հազար հավ, պետությունն իր պարտավորությունը կատարել է, թե ոչ՝ գոմի հետ կապված, սա թողնենք կողքի։ Դու ունես պարտավորոթյուն՝ հավեր տրամադրելու, ու եթե դու ազնիվ ես, պետք է բերես այդ հավերը, տրամադրես՝ առանց քննարկման։ Փորձում են քաղաքական ենթատեքստ տալ այս ամբողջ հարցին, բայց իրականում հարցը շատ հստակ քաղաքացիական է։ Այն մարդը, ով, օգտագործելով Արցախի անունը, նման ստորություններ է փորձում անել՝ բարձրաձայնելով ու նվաստացնելով Արցախի Հանրապետությունը, պետք է պատժվի, ով ուզում է, լինի։ Գոյություն ունի մի վիրավոր Արցախ, գնացեք արդարության հետքերով»։

Հիշեցնենք, որ Oragir.news-ը զրուցել էր նաև Գարիկ Նավասարդյանի փաստաբանի՝ Մասիս Մելքոնյանի հետ, ով պարզաբանումներ էր ներկայացրել, թե ինչու է կալանավորված իր պաշտպանյալը։