«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը դժվարանում է ասել, թե որքանով էր օրինական Արմեն Գրիգորյանի կալանքը։ Այս մասին Իոաննիսյանն ասաց Oragir.news-ի հետ զրույցում։
Հարցին, թե արդյոք նորմալ է, որ ընդամենը հանրային խոսք հնչեցնելու համար անձը կալանավորվում է՝ նկատի ունենալով, որ հենց հանրային խոսքի համար է նրան մեղադրանք առաջադրվել, Իոաննիսյանը պատասխանեց․ «Ինձ թվում է, որ մենք սխալվում ենք, երբ մեղադրանքի բնույթը կապում ենք խափանման միջոցի հետ։ Խափանման միջոցի հիմքերը այլ են, և որքանով կային այդ խափանման միջոցի հիմքերից և որքանով չկային՝ դժվար է դատել, որովհետև այդ հիմքերը ուսումնասիրվել են փակ դատական նիստում, և այս առումով ինձ դժվար է ամբողջությամբ տեղեկություն ունենալ, թե ինչքանով էր նրան կալանավորելը հիմնավոր։ Այնտեղ մի քանի հիմք կա, օրինակ՝ եթե կա հանցագործության կրկնման վտանգ, եթե կա քննությունից խուսափելու վտանգ և այլն։ Հիմա թե այդ հիմքերից որը կար, որը չկար, և որի մասով նախաքննության մարմինը ինչ ապացույցներ ուներ, ինչ ապացույցներ չուներ, կդժվարանամ ասել, որովհետև այդ ինֆորմացիային ո՛չ ես տիրապետում, ո՛չ էլ, ենթադրում եմ, Դուք եք տիրապետում»,- պատասխանենք Իոաննիսյանը։
Ըստ Քրեական դատավարության օրենսգրքի՝ կալանքը կիրառվում է, երբ կա վտանգ, որ անձը կարող է նախաքննությունից թաքնվել, ազդել նախաքննության ընթացքի, վկաների ցուցմունքների վրա կամ էլ կրկին կատարել հանցագործություն։ Իոաննիսյանին հարցրին՝ արդյոք այս դեպքերը չեն բացառվում՝ նկատի ունենալով, որ Արմեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել հրապարակավ հնչեցրած խոսքի համար․ «Մի քանի բան արձանագրենք․ նախ խոսքը ինքնին ևս կարող է հանցագործություն լինել, երկրորդը՝ եթե այդ կետերից մեկը բացառում ենք, դա չի նշանակում, որ երկրորդը չկա, բայց ես չեմ պնդում, որ կալանքը օրինական էր, բայց ոչ էլ պնդում եմ, որ ապօրինի էր։ Ես չունեմ բավարար ինֆորմացիա՝ դրա հետ կապված պնդումներ անելու համար։
Ես պիտի ասեմ, որ մենք լուրջ խնդիրներ ունենք՝ կապված քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց առողջության վիճակի հսկողության, առողջության հետ կապված հետազոտությունների հետ։ Շատ-շատ եզակի են լինում առողջության կտրուկ վատթարացումներ, որոնք իրապես կանխատեսելի չեն, որպես կանոն առողջության վատթարացումը լինում է կանխատեսելի, և շատ կարևոր է, որ ցանկացած կալանավորի մասով պատշաճ հետազոտություններ անցկացնեն, այլ ոչ թե բժիշկը գա, ճնշումը չափի, ճնշման դեղ տա առանց խորանալու։ Պետք է պատշաճ հետազոտության սահմաններում պարզվի, թե այս մարդը ինչպիսի պահման պայմաններում կարող է պահվել, թե արդյոք իր առողջական վիճակը ընդհանրապես համատեղելի՞ է անազատության մեջ մնալու հետ, այս մարդը գուցե հիվանդանոցի, ստենդի կարիք ունի․․․ հազար ու մի բան կարող է լինել, և սա գլոբալ խնդիր է, և սա շատ լուրջ խնդիր է։ Ցավոք սրտի, սա առաջին մահը չէ, և եթե մենք ոչինչ չանենք, ապա նաև վերջին մահը չի լինելու, որը տեղի է ունենում այն բանի արդյունքում, որ քրեակատարողական հիմնարկում անտարբեր են վերաբերվում կալանավորների, ազատությունից զրկված անձանց առողջության հսկողության նկատմամբ»,- պատասխանեց Իոաննիսյանը։
Կա փաստ, որ դատական նիստերի դահլիճում մահանում է կալանավորված մեղադրյալը։ Իոաննիսյանին հարցրինք՝ ի վերջո, ով է սրա պատասխանատուն․ «Դա պետք է քննությունը պարզի, որովհետև հազար ու մի հանգամանք կա, թե, օրինակ, ինչքանով էր նախաքննությանը հայտնի, որ Արմեն Գրիգորյանը ուներ էական առողջական խնդիրներ, որքանով են այդ առողջական խնդիրները հանգեցրել այդ ողբերգությանը, որքանով է կալանավորումը հանգեցրել այդ ողբերգությանը, որքանով են պահման պայմանները արտացոլել իր առողջական վիճակը։ Այս ամենը պետք է քննվի, ես դժվարանում եմ ասել, ես ո՛չ դատաբժիշկ եմ, ո՛չ փորձագետ եմ։ Ամեն դեպքում այս դեպքը պիտի պատշաճ քննվի, և շատ կարևոր է, որ այս դեպքի արդյունքում թե՛ այս դեպքի մասով պատասխանատուները քրեական պատասխանատվության ենթարկվեն, և թե՛ մենք գլոբալ առումով հասկանանք, թե ինչ է պետք փոխել, որպեսզի նման դեպքերը չկրկնվեն։ Սա, ցավոք, առաջին դեպքը չէ, քրեակատարողականներում ինչ-որ առումով նորմալ է դառնում, որ իրենց կալանավորը կարող է հանկարծամահ լինել, դա շատ տխուր է, և դա պետք է փոխել այս երկրում»։
Հիշեցնենք, որ երեկ դատարանի նիստերի դահլիճում
մահացավ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, նա այդ պահին կալանավորված էր։