Ուղիղ եթեր
Պատերազմի հաջորդ փուլը կարող է որոշել նրա ելքը. CNN
copy image url

Պատերազմի հաջորդ փուլը կարող է որոշել նրա ելքը. CNN

Արտաքին 2 տարի առաջ - 14:18 14-07-2022
Ուկրաինայում պատերազմը մոտեցել է հերթական խաչմերուկին, և երկու կողմերի մարտիկները պատրաստվում են ռազմական գործողությունների երրորդ փուլին, որը կարող է խախտել հակամարտության հավասարակշռությունը, գրում են CNN հեռուստաընկերության լրագրողները վերլուծական հոդվածում։

«Սա շատ ձգձգվող պայքար է,- ասում է Միացյալ Թագավորության պաշտպանական հետազոտությունների ​​ինստիտուտի (RUSI) ավագ գիտաշխատող Ջասթին Բրոնքը՝ նկարագրելով իրավիճակը Դոնբասում երեք ամիս տևած մարտերից հետո:- Սա պայքար է երկու բանակների միջև, որոնցից յուրաքանչյուրը մեծ կորուստներ է կրել և մոտ է հյուծման»:

Սպասվում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հաջորդ քայլը կլինի հարձակումը Դոնեցկի մարզի վրա, որի գրավումը կնշանակի ամբողջ Դոնբասի գրավում, որտեղ 2014 թվականից գտնվում են Ռուսաստանից աջակցություն ստացող անջատողական խմբավորումները:

Բայց երբ և ինչպես դա տեղի կունենա՝ դեռևս պարզ չէ։ Մինչ Ռուսաստանը շարունակում է ինտենսիվ ավիահարվածները, ռուսական ցամաքային ուժերը գտնվում են օպերատիվ դադարի մեջ: Դա կարող է ուկրաինական բանակին ժամանակ տալ նախապատրաստվելու Դոնեցկի մարզի այն հատվածների պաշտպանությանը, որոնք նա դեռևս պահպանում է, հիմնականում Սլավյանսկից հարավ ձգվող արդյունաբերական գոտու։ Պահպանվում է նաև Կիևի հակահարձակման հավանականությունը երկրի այլ հատվածներում, այդ թվում՝ Խերսոնում։

Լայնամասշտաբ ռազմական գործողությունների հաջորդ փուլը, երբ այն սկսվի, կարող է չլինել վերջինը, գրում է CNN-ը, բայց այն կարող է որոշել Ուկրաինայի կենտրոնական տարածաշրջանի ապագան և, ըստ վերլուծաբանների, մեծապես կորոշի պատերազմի ելքը։

Փաստ չէ, որ Պուտինը կդադարեցնի ներխուժումը, եթե նրան հաջողվի գրավել ամբողջ Դոնբասը, նշում են փորձագետները։

«Չեմ կարծում, որ ռուսների հավակնություններն ամբողջությամբ վերացել են,- ասել է Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի եվրոպական ծրագրի տնօրեն Մաքս Բերգմանը։- Նրանք իսկապես մտադիր են վերահսկել Դոնբասը, բայց եթե նրանց հաջողվի հասնել հաջողությունների, ապա կփորձեն հասնել էլ ավելի մեծ հաջողությունների»:

Եթե ​​Պուտինը նայի Դոնբասի սահմաններից այն կողմ, նա կարող է որոշել առաջ շարժվել դեպի Դնեպրի ափեր, որը բաժանում է Ուկրաինան հյուսիսից հարավ: Սա կնշանակի փորձել տիրանալ երկրի կեսին, ինչը կառաջացնի Արևմուտքի սարսափը և զգալիորեն կերկարացնի պատերազմը: