Հուլիսի 6-ին Պետական եկամուտների կոմիտեն շրջանառության մեջ է դրել մի խնդրահարույց նախագիծ, որի հաստատման դեպքում ՊԵԿ-ին կթույլատրվի ստանալ բանկային և ապահովագրական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ՝ առանց դատարանի որոշման։
Թե ինչքանով է դա վտանգավոր նախագիծ, քանի որ ՊԵԿ-ի ներկայացուցիչները կամ, ժողովրդական լեզվով ասած, հարկային տեսուչները առանց դատարանի թույլտվության և որևէ խոչընդոտի կարող են ստանալ քաղաքացիների բանկային գաղտնիքի մասին տեղեկատվություն, Oragir.news-ի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն ասաց. «Ես կարծում են, որ դա տնտեսական ազդեցություն կունենա։
Որևէ քաղաքակիթ երկրում նման բան չկա, և հասկանալի է, որ ՊԵԿ-ն ուզում է դրանով հեշտացնել իր գործը, բայց ընդհանուր միջավայրի վրա դա շատ բացասական ազդեցություն կունենա` թե՛ ներքին միջավայրի վրա և թե՛ հատկապես արտաքին ներդրումների առումով դա բավական վատ նախադեպ կարող է առաջացնել, և օրինական ճանապարով, ինչպես նորմալ, քաղաքակիրթ երկրում, մինչև ծայրահեղ միջոցներ չեն լինում, դատարանի բացահայտումներ չեն լինում, նման հեշտ ու մատչելի տեղեկատվություն չի տրամադրվում։ Բոլոր ոլորտների վրա կարող է ունենալ բացասական ազդեցություն, իսկ ո՞վ ասաց, որ այդ մարմիններում հրեշտակներ են միայն, և որևէ մեկը չի ուզենա չարաշահել այդ տեղեկատվությունը այլ նպատակներով։ Մեր երկիրն այդ առումով դեռ կատարյալ միջավայր չի ձևավորել, որևէ մեկը երաշխավորված չէ»։
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը, Oragir.news-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, ասաց. «Մի հայտնի կանոն կա․ որքան շատ մարդ տեղեկություններ իմանա, այնքան այդ տեղեկությությունն էլ գաղտիք չէ։ Անձնային գաղտնիք ասվածը կամաց-կամաց վերանում է, և սա արդեն կարող է հանգամանք հանդիսանալ մեր բնակչության համար, քանի որ մարդիկ, իմանալով, որ իրենց բանկային տեղեկատվությունը կարող է հասանելի լինել ավելի լայն շրջանակների, կփորձեն այդ գումարները, գործարքները թաքցել կամ իրականացնել կանխիկ եղանակով, այսինքն՝ սրա վտանգը կայանում է նրանում, որ մարդիկ կարող են անցնել արդեն ստվերային դաշտ։ Մարդիկ, երբ կանխիկ գործարքներն անում են իրենց քարտով և այլն, այդ տեղեկատվությունը չի հասնում ՊԵԿ-ին, այսինքն՝ դա հասանելի չի լինում նրանց։
ՊԵԿ-ը կարող է առավելագույնը ստանա, օրինակ, կազմակերպությունների հետ աշխատող տեղեկատվությունը, այսինքն՝ կազմակերպությունը, ենթադրենք, առևտուր է ընդունում կամ առևտուր է անում, այդ տեղեկատվությունը կարող է հայտնի լինել։
Հիմա ՊԵԿ-ը փորձում է ամբողջական տեղեկատվություն ստանալ բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձանց մասով, այսինքն՝ իրավաբանականի հարցն այս միջոցով արդեն ստացել է, իսկ այս նախագծով ինքն արդեն ֆիզիկական անձանց մասով տեղեկատվություն կստանա։ Սրա նպատակը մարդկանց եկամուտների, ծախսերի ամբողջական վերահսկողությունն է, և ՊԵԿ-ը, Կառավարությունը հող են նախապատրաստում ՝ համատարած հայտարարագրման համար։ Այսինքն՝ հայտարարագրում արդեն չես կարողանա օդից թվեր նշել, եկամուտներ նշել, երբ քո ծախսերն ու եկամուտների մեծ մասը արդեն փոխանցումներով են տեղի ունենում, սա քայլ է դեպի համատարած հայտարարագրում, և ՊԵԿ-ը պետք է ունենա այդ ամբողջական տեղեկատվությունը։
Հիմա եթե մենք որոշում ենք կայացնում, որ գնում ենք դրան, ապա այս քայլերը պետք է արվեն արդեն կոռուպցիայի որոշակի վերահսկողություն ունենալու տեսանկյունից, բայց այս քայլերը որ արվում են, որոշակի բացասական հետևանքներ են առաջացնում, լրացուցիչ ծախսեր են առաջացնում, անկանխիկի դեպքում բիզնեսի մոտ բանկային փոխանցումների ժամանակ որոշակի ծախսեր են կրում։
Երկրորդն այն է, որ մարդիկ կարող են իրենց գործարքների մի մասը թաքցնել պետությունից։ Օրինակ՝ առքուվաճառքի գործարքն անեն նվիրատվության տեսքով կամ ավելի փոքր գումարներ արձանագրեն։ Հաշվի առնելով, որ հաջորդ տարիների ընթացքում մեզ մոտ պետական պարտքի սպասարկման ծախսերը կտրուկ ավելանում են, կառավարությունը փորձում է ստվերների կրճատման հաշվին ապահովել պետական տուրքի եկամտային մասը։ Նրանք ամենափոքր ստվերի հետևից են գնում՝ բերելով նրանց հարկման դաշտ։ Բայց պետք չէ ամեն բան այդքան ծայրահեղացնել»։