Երևան +28°
Ուղիղ եթեր
copy image url
Միտք 2 տարի առաջ - 20:00 11-07-2022

Երկսայրի, բնավեր սուտը…

Հանս Քրիստիան Անդերսենի «Թագավորի նոր զգեստը» հանրահայտ հեքիաթի փոքրիկին, որը միակն էր, ով հրապարակավ հայտարարեց թագավորի մերկության մասին, հայաստանաբնակներից շատերը առանց աչք իսկ թարթելու կուղարկեին օկուլիստի մոտ: Սա լավագույն դեպքում, եթե խարույկ չբարձրացնեին, իհարկե, նորին գերազանցության մասին «ստահոդ» լուրեր տարածելու համար: Կուղարկեին, քանի որ նրանք ճշգրտորեն համընկնում են դերձակի մոտ հագուստ պատվիրած (իրականում՝ չպատվիրած) խարդախների «ոսկերչական» հաշվարկներին, ովքեր առավել քան համոզված էին, որ հիմար չթվալու համար բոլորը, այդ թվում՝ նաև թագավորը, պիտի չտեսնելու տան ակնառուն ու հալած յուղի տեղ ընդունեն ճշմարտության տեղ հրամցվող սուտը: «Ձայն բազմաց, ձայն Աստծո»-ն էլ այն կնիքն էր, որով պիտի հաստատվեր «դարակազմիկ» խաբեությունը:

Միով բանիվ՝ հենց ստի լեգիտիմացումն է հանրային ձախողումների հիմքերի հիմքն ու աքիլլեսյան գարշապարը, հանրային ընկալման ձևախեղման, հետագա դեգրադացիայի սկզբնաղբյուրը, որը հին հունական փիլիսոփայության «Ստի ապորիա»-ի տրամաբանությամբ պիտի ձևակերպվեր այսպես՝ «Երկու սուտը մի ճիշտ է»…Սա Հայաստանում միս ու արյուն առած կարգախոս է, չբարձրաձայնվող «ճշմարտություն» ու ներքին մոտիվացիա: Այդպես ապրելը հեշտ է, ավելին՝ անշառ ու ապահով: Ջայլամավայել ապրողները՝ բնատուր այդ «իմաստունները» ինչպես միշտ իրենց ապահովագրել ու ապահովագրում են «բոլոր կողմերից»: Հոսանքին հակառակ գնացողների բանն է բուրդ: 1937 թվին հենց դոնդողանման գորշ զանգվածից առանձնացող, արժանապատվություն ու սկզբունք ունեցող, տեսակետ ու դիրքորոշում հայտնած մարդիկ հայտնվեցին «կրթական ճամբարներում»: Հայտնվեցին՝ «անշառության» սիրահարների լռելյայն համաձայնությամբ: Այն ժամանակներից շատ ջրեր են հոսել:Կարծում եք ինչ որ բան փոխվե՞լ է: Ամենևին: «Դասական» իներցիան շարունակվում է նաև մեր օրերում: Օրեր առաջ կայացած հանդիպման ժամանակ Ռուսաստանի փաստաբանի դերը ստանձնած մի «կճղակավորի» կողմից բարձրաձայնված՝ բոլոր ուկրաինացիներին բնաջնջված տեսնելու լիաթոք ցանկությունն է մղում նման եզրահանգման: Սեփական արժանապատվության պահպանման փոխարեն, այդ տեսակը ցանկանում է, որ իր նման տիրոջ առաջ սողան նաև բոլորը: Վերջիններիս միանգամայն խորթ են մարդ, մարդկություն, մարդկայնություն, արժանապատվություն հասկացությունները: Կեսարների թիկունքին դանակ խրելու պատրաստ բրուտոսներ հիշեցնող այս տեսակի թվաքանակը համրելի չէ: Նրանց ընկալմամբ, ավելին՝ համոզմամբ՝ հաճկատար շվոնդերների ու շարիկովների կենսակերպն է ընդունելին, օտար տիրոջն անմնացորդ ծառայելն ու իրենց տերերի միանգամայն անհայտ ծրագրերի, և ոչ ամենևին իր հարազատների, իր՝ թեկուզ մի բռաչափ հայրենիքի համար գիտակցաբար զոհվելը: Նրանք իրենց զավակներին ավելի շուտ ծառայության կուղարկեին վլադիվոստոկներ ու բելգորոդներ, քան Սիսիան ու Վարդենիս, սահմանների պաշտպանության խնդիր ունեցող ու համալրման կարոտ հայոց բանակ: Նույն այդ անկամ, անողնաշար տեսակն է մերօրյա բեյերի «անդավաճան ֆորպոստը»: Ստրկամիտ այդ տեսակն է այն «աչքաբացը», որը հստակորեն գիտի «նաղդի» ու «նիսյայի» տարբերությունը: Այս տեսակը ուղղակի ատում է ուսյալներին, այդ իսկ պատճառով էլ իշխանության ղեկին ցանկանում է տեսնել իր իսկ նմաններին՝ «գործից» հասկացող պատեհապաշտներին, կերակրատաշտի «ղադրն» իմացողներին ու ոչ ամենևին՝ պետություն-մետությունների կայացման կարևորությունից խոսող «բեբաշարներին»: Որքան էլ ցավալի լինի խոստովանելը ու աբսուրդ հնչի, բայց գերպրագմատիկ այս տեսակը հասցրել է օգուտ քաղել նաև 44- օրյա պատերազմից: Զավակների շիրմաքարերի փոխարեն՝ փոխհատուցման գումարներով վերջիններս մեքենաներ են գնել ու սսկվել՝ չարիքի կրկնությունը բացառելու պահանջի բարձրաձայնման փոխարեն: Ու այս մասին գիտեն շատերը: Չտեսնելու տալն ու անտարբերությունը նույնպես ստի վավերացման ու նրա շառավղի ընդլայնման տարատեսակներն են: Բովանդակությունից առավել՝ ձևին տրվող նախապատվությունը նույնպես: Այդպես էլ ապրում ենք՝ «Սուտլիկ որսկանի» սահմանած կանոնակարգով ու «Սուտմեռուկ՝ վասն զվարճանքի»-ի համոզվածությամբ: Մինչև… Մինչև թերևս «Սուտասանը» հեքիաթի «հաղթական» ավարտ…
adv_banner

Ամենից շատ դիտված

17:54 Պայթյուն՝ Հրազդան ՋԷԿ-ի տարածքում գործող ձուլարանում. կա 6 վիրավոր. shamshyan.com
21:17 Ժողովրդին հայտնի Աբովյանի «ՄՌՈւ»-ի տարածքում հայտնաբերվել է սպիտակ կտորից կասկածելի պարկ․ shamshyan.com
14:33 Քու լավը. ոստիկանները հայհոյելով բերման ենթարկեցին ճանապարհը փակած քաղաքացիներին
17:01 3 երեխաների հայր էր․ շինաշխատանք կատարելիս ընկած և մահացած 37-ամյա տղամարդու հոգեհանգիստը կլինի վաղը
23:21 Երևանի վրա քաղաքապետ չեկավ, Նիկոլն ում բերեց, Երևանն ավելի այլասերվեց. Վարդան Ղուկասյան
21:30 Ի՞նչ ղեկավար. կնիկը ավտո է քշում, մարդը շորտիկ է հագնում, ումի՞ց ինչ պահանջենք. անհետ կորածի մայր
10:30 Դդումի կուտը միշտ չէ, որ օգտակար է․ ինչպես գցեցին և նստեցրին Առուշ Առուշանյանին
14:08 Էս ո՞վ ա, քշի, գնա․ Քասախի վարչական ղեկավարը՝ «Նիկո՛լ, դավաճա՛ն» գոռացող վարորդին
23:10 Անվտա՞նգ է Թեմուում տեղադրել անձնագրի տվյալները. Սամվել Մարտիրոսյան
19:43 Եթե տանս հարցը չլուծվեց, երեխեքիս հետ կգնամ, տոնածառի տեղը կկանգնեմ. գյումրեցի կին