Խոսք 4 տարի առաջ - 13:29 21-09-2021

ՀՀ անկախության 30 ամյակի կարգախոսի սուտը և ճշմարտությունը

Հայաստանի Հանրապետության անկախության 30 ամյակի կարգախոսը` «30` անկախ հայրենիքիս հետ» ծավալուն քննարկումների առիթ դարձավ համացանցում, որովհետև պարունակում է անթաքույց ակնարկ առ այն, որ այդ երեք տասնամյակի ընթացքում ամենակարևորը վերջին երեք տարիներն են, որոնք ընդգծված երևում են կարգախոսի պատկերում, իսկ զրոն արտահայտող պատկերը տարալուծված է ընդհանուր ֆոնի մեջ:
Ոչ ոք չի մտածում, որ սա դիզայներական անհաջող լուծում է, ընդհակառակը, բոլորն էլ հասկանում են, որ սա ՀՀ գործող իշխանությունների կողմից սիրված մանիպուլյացիաներից հերթականն է, որի նպատակն է զանգվածային գիտակցության մեջ արմատավորել այն միտքը, թե Հայաստանն իրականում ազատ է միայն վերջին երեք տարիների ընթացքում, որոնք համընկնում են Ն. Փաշինյանի իշխանության տարիների հետ: Բայց ինչպես զանգվածային մանիպուլյացիայի շատ փորձեր, այս մեկը նույնպես միանգամից հասկացվեց Հայաստանի գիտակից հասարակության կողմից, ինչի համարժեք արձագանքն այն է, որ սուտ է, թե Հայաստանն անկախ է միայն երեք տարի, և սուտ է, թե Հայաստանի անկախությունը պայմանավորված է ներկայիս իշխանություններով։
Բայց անկախության 30ամյակի կարգախոսը, որքան էլ զարմանալի է, նաև մի ճշմարտություն է պարունակում, որը վերաբերում է «հայրենիք» հասկացությանը: Բանն այն է, որ անկախության օրը վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը, այսինքն` պետությանը, ոչ թե հայրենիքին: Մեր պետությունը և հայրենիքը նույնը չեն, քանի որ Հայաստանի Հանրապետությունն ընդգրկում է մեր հայրենիքի ընդամենը մի փոքր հատվածը: Պետությունը և հայրենիքը նույնը չեն նաև բովանդակային առումով. հայրենիքը պատմությունն է, նախնիների ստեղծած և մեզ ժառանգած մշակույթը, ապրելակերպը, ազգային լեզուն և ինքնությունը, մինչդեռ պետությունը օրենքն է, իրավունքը, կայունությունը, ինչպես նաև ազգային լեզվի և մշակույթի ազատ գործառնության և զարգացման պայմաններ ապահովող համակարգը: Հետևաբար, հայրենիքն առհասարակ չի լինում անկախ կամ կախյալ, այդպիսին կարող է լինել միայն պետությունը:
Եվ հիմա, եթե վերադառնանք Հայաստանի Հանրապետության (պետության) անկախության 30ամյակի կարգախոսին` «30` անկախ հայրենիքիս հետ», ապա կտեսնենք, որ այնտեղ չկան «Հայաստանի Հանրապետություն» և «պետություն» բառերը, փոխարենը կա «հայրենիքը»: Իսկ դառը ճշմարտությունն այն է, որ արդեն 3 տարի է, ինչ մենք իրոք չունենք պետություն:
Արդյո՞ք փաշինյանական իշխանությունն այս կարգախոսով փորձում է մեզ համոզել նաև նրանում, որ մենք ունենք միայն հայրենիք և այլևս չունենք պետություն:
Մտածենք կարգախոսում պարունակվող այս ուղերձների մասին և չմոռանանք, որ ցանկացած իշխանություն ժամանակավոր է, իսկ Հայաստանը և Հայաստանի Հանրապետությունը` հավերժ:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
11:02 Երևանում՝ ոստիկանության ակադեմիայի մոտ, BAW-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
12:38 Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում. Armat Media