Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը
հայտարարել էր, որ Հիսուս Քրիստոսի արձանը տեղադրվելու է Հատիս լեռան վրա։ Թե ինչպիսի վտանգներ կարող են առաջանալ լեռան համար, դրա վերաբերյալ քննարկումները տարաբնույթ են։ Oragir.news-ի հետ զրույցում մասնագետներն անդրադարձել են բնապահպանական, իրավական խնդիրներին։
«Հայաստանի կանաչների միություն» ՀԿ նախագահ, բնապահպան Հակոբ Սանասարյանը, անդրադառնալով այն թեմային, որ Հատիս սարը, լինելով բնական հուշարձանների ցանկում, կարող է արձանը տեղադրվելու պատճառով վնասվել, պատասխանեց. «Ուզում են ժողովրդին դրանով տանել երևակայական, կեղծ աշխարհ։ Ծառուկյանը չի հասկանում, որ չպետք է ժողովրդի հետ այսքան դաժան վարվել, նախ քրիստոնեության մեջ Քրիստոսը համարվում է մարգարե։
Ես դատապարտում եմ այդ քայլը, քանի որ սա իրական բնության դեմ հանցագործություն է։ Ամբողջ բնությունը, բնական համակարգի համար չկան սահմաններ, իսկ նրանք, խաչ ու հուշակոթող տեղադրելով, փորձում են արժեզրկել ամեն բան։ Նրանք որտեղի՞ց թույլտվություն ստացան, կադաստրային փաստաթղթեր և այլն։ Եթե Փաշինյանն ասում է, որ դրանով տուրիզմը կզարգանա, ինքը թող հրաժարական տա, երկրում կարգ ու կանոն կհաստատվի, ու այստեղ կգան և՛ օտարները, և՛ հայերը։ Դա անասնական վերաբերմունք է, տգիտության գագաթնակետ։ Այնտեղ, բնականաբար, մասնագետների հոսքը կմեծանա, քանի որ որտեղ շատ մարդ է գնում, այնտեղ տեղի է ունենում բուսականության ավերում։ Ինքներդ էլ շատ լավ գիտեք, որ Հատիս սարը, որտեղ ջրային համակարգը շատ առատ է, այժմ նույնիսկ կատարային մասում և ընդհանրապես լանջերում լավ բուսականություն է աճում, անգամ հնարավոր է, որ արձանը տեղադրելու ընթացքում վնասեն սարը։ Աղբյուրները, որոնք ձևավորվում են հենց կատարում, խնդիրներ կարող են առաջացնել լեռան համար»։
Oragir.news-ի հետ զրույցում հուշարձանագետ Արգամ Այվազյանը թեմայի առնչությամբ ասաց. «Գագիկ Ծառուկյանը եթե ուզում է այս երկրին օգուտ տալ, կարող է ՀՀ տարածքում գտնվող մի շարք հուշարձաններ վերանորոգել՝ վերցրած Աբովյանի շրջակայքի հուշարձանները, ամոթ ու անհարմար է։ Մարդ պետք է մի փոքր խելք ունենա։ Հայ ժողովուրդը բոլորը քրիստոնյա՞ են հարյուր տոկոս։ Մինչև քրիստոնեություն ընդունելը՝ Հայաստան աշխարհում հերթանոսական շրջանում բազմաթիվ հուշարձաններ կան, ովքե՞ր դրանք ավերեցին, որոնցից մնացել է միայն Գառնիի հեթանոսական տաճարը։ Գումար ունեցող մարդիկ հիմա ինչ ուզում, անում են՝ տնտեսական ու մշակութային որևէ բանի չառնչվելով։ Էլ չեմ ասում տարածքը, շրջակայքը, որ պետք է ճանապարհ բացեն, տուրիստական հանգրվան ստեղծեն և այլն, և այլն, որն ավելորդ է»։
Մեկ այլ բնապահպան՝ Ինգա Զարաֆյանը, մեզ հետ զրույցում ասաց. «Որպես բնապահպանական խնդիր՝ չեմ տեսնում որևէ բան։ Հայկական Ֆրոնտը գրում է խնդիրների մասին՝ բա եկեք, օգնեք։ Ես այդ սարը կոնկրետ չեմ ուսումնասիրել, բայց եթե էնդեմիկ կենդանական ու բուսական աշխարհ լինի, բնականաբար, որոշակի կերպով վնաս կլինի նրանց համար՝ մարդկանց մեծ հոսքի պատճառով։ Այնտեղ լանդշաֆտի խնդիր կա, ես չգիտեմ՝ այդ հուշարջանի վերաբերյալ ինչ փաստաթղթեր կան։ Այս ամենը կապված է տարբեր բնապահպանական, բարոյական արժեքների հետ։ Իրականում դրա վերաբերյալ պետք է լինեին հասարակական լսումներ, պետք է մենք պահանջենք, որ լինի հանրային կարծիք, և որոշումն ընդունվի»։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչ իրավական խնդիրներ կարող են առաջանալ հետագայում, քանի որ սարը բնական հուշարձանների ցանկում է, Oragir.news-ի հետ զրույցում իրաբան Ռոբերտ Հայրապետյանն ասաց. «Այնքանով, որքանով Քրիստոսի արձանի տեղադրման հարցը գտնվում է հայ առաքելական եկեղեցու տիրույթում, եթե հաշվի չառնենք արձանի տեղադրման հարցի շուրջ առաջ քաշված քաղաքական դիվիդենտները, իրավական խնդիր այս հարցում չի կարող առաջանալ, որովհետև բնական է, որ բնապահպանները իրենց խնդիրները կարող են տեսնել՝ լեռը շահագործելու հետ կապված, բայց ինձ համար այս հարցը գտնվում է հայ առաքելական եկեղեցու տիրույթում։ Եթե եկեղեցին կտրականապես մի քանի անգամ դեմ է արտահայտվել արձանի տեղադրմանը, որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ՝ համակարծիք եմ դրա հետ։
Իսկ իրավական խնդիր չկա, եթե համապատասխան մարզպետարանը կամ համայնքնապետարանը, ովքեր Գագիկ Ծառուկյանին թույլ են տվել համապատասխան փաստաթղթերով՝ օրենքի տառին համապատասխան, որովհետև ամեն դեպքում պետական և համայնքնային նշանակության տարածք է Հատիս լեռը և մասնավորեցմա՞ն տարբերակով են տվել Ծառուկյանին, թե՞ չգիտեմ, օրինակ, իննսուն տարի վարձակալութամբ են տվել, արդյո՞ք հանրային նշանակության փոփոխման վերաբերյալ գործընթացներ տեղի են ունեցել, դրա նշանակությունն արդյո՞ք փոխել ու դարձրել են հասարակական։ Իրավական խնդիրներ գտնելու համար անհրաժեշտ է փաստաթղթերն ուսումնասիրել, բայց եթե առաջիկա հեռանկարում, ինչը ես չեմ բացառում, Գագիկ Ծառուկյանը որոշի բացել սրճարան, «Առինջ մոլի» մասնաճյուղ, այստեղ արդեն լուրջ խնդիր ենք ունենալու տարածքի նշանակության ՝ մասնավոր շահերի օգտագործման հետ կապված, նաև գործ կունենանք պղծության հետ։
Եթե դա բնական հուշարձան է ու երբեմնի գործող մշակույթի նախարարության կողմից ճանաչվել է որպես մշակութային կամ պահպանվող օբյեկտ, մենք արդեն գործ ունենք մշակութային օբյեկների կարգավիճակը կանոնակարգող ոչ միայն ներպետական, այլև հուշարձանների պահպանության մասին մի շարք միջազգային կոնվենցիաների հետ, որոնց ՀՀ-ն միացել է, և այս պարագայում նորմերը այդ տարածքների օգտագործման կամ այդ տարածքների վրա գտնվող շինությունների օգտագործման համար համեմատաբար ավելի խիստ են, քան եթե դրանք լինեին ոչ մշակութային տարածքներ։ Պետք է ուսումնասիրել այդ խնդիրը և հասկանալ՝ արդոք ճիշտ պահպանվում են նորմերը, թե ոչ»։