copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 21:26 05-07-2022

Սահմանադրական ճգնաժամը հաղթահարելու 2 ճանապարհ կա

Անկախության շրջանում ՀՀ-ում չի հաջողվել օրենքը բարձրացնել ամեն ինչից վեր։ Մարդկանց մեծ մասն անտարբեր է օրենքներին։ Շատերի կարծիքով՝ օրենքը մարդու համար է, և մարդը կարող է առաջնորդվել իր արժեքներով, երբ ուզենա և ինչպես ուզենա հարգել կամ չհարգել օրենքը, փոխել կամ չեղարկել օրենքը՝ ելնելով անձնական կամ խմբային շահերից։ Այսպիսի վերաբերմունքի հետևանքով ծաղկում է կոռուպցիան, իսկ հասարակությունը բարոյապես քայքայվում է։ Դրա վառ վկայությունն է այն, որ Սահմանադրության օրը մեր երկրում տոն չի դառնում։

ՀՀ սահմանադրությամբ սահմանված է, որ ԱԺ փոխնախագահներից մեկը ԱԺ ընդդիմության ներկայացուցիչ պիտի լինի, ԱԺ հանձաժողովներում պետք է ընդգրկված լինեն ընդդիմության ներկայացուցիչներ։ Այնինչ՝ ՔՊ-ական խորհրդարանը օրեր առաջ ԱԺ նախագահի և տնտեսական հարցերի մշտական հանձաժողովի նախագահի պաշտոններից ազատեց ընդդիմադիր պատգամավորներին, որից հետո վերջիններիս մի շարք գործընկերներ հրաժարական տվեցին և ազատվեցին հանձաժողովներում զբաղեցրած պաշտոններից։ Արդյո՞ք քաղաքական մեծամասնությունը գիտակցաբար է խախտում սահմանադրական նորմերը։

Ենթադրելի է, որ սահմանադրության հեղինակները չեն նախատեսել նման իրավիճակ, երբ քաղաքական մեծամասնությունը նման խախտում թույլ կտա, որը կհանգեցնի սահմանադրական ճգնաժամի։ Այս լուրջ ճգնաժամը հաղթահարելու երկու ճանապարհ կա։ Առաջինը՝ հետողորմյա անել և Իշխան Սաղաթելյանին ու Վահե Հակոբյանին վերականգնել իրենց պաշտոններում։ Երկրորդը՝ փոփոխել ՀՀ սահմանադրությունը և վերացնել ընդդիմության իրավունքները։

Առաջին ճանապարհի ընտրության դեպքում իշխանության կուսակցությունը պետք է ընդունի, որ սխալ որոշում է ընդունել, ներողություն խնդրի գործընկերներից և ժողովրդից։ Ակնհայտ է, որ ՔՊ-ական գործիչները նման ստորացուցիչ քայլի չեն դիմի, եթե այլ տարբերակ չունենան։ Իսկ երկրորդ ճանապարհի ընտրության դեպքում երկիրն ավտորիտար կդառնա և կզրկվի ժողովրդավարական երկրների ֆինանսական ու բարոյական աջակցությունից։ Մտավախություն կա, որ իշխանությունները կընտրեն երկրորդ ճանապարհը, սահմանադրական փոփոխությունների նախագծերին կներգրավեն հանրության մեծ մաս մասին, քննարկումներ կկազմակերպեն արտախորհրդարանական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ, պատշաճ կդիմեն Վենետիկի հանձնաժողովին։ Այս ընթացքը կտևի առնվազն 6 ամիս։ Սա նշանակում է, որ առնվազն 6 ամիս ՀՀ-ում սահմանադրական ճգնաժամ է լինելու, ինչն ավելի է խորացնելու օրենքի նկատմամբ հանրային անհարգալի վերաբերմունքը, իսկ կառուպցիան շարունակելու է ծաղկել։