Միտք Ներքին 4 տարի առաջ - 20:25 05-07-2022

Եթե Փաշինյանը չգա, Վլադիմիր Գասպարյանը կա ու կա․ Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել է անմասն չմնալ հայ քաղաքական կրկեսից

Հայաստանում տեղի ունեցող դեպքերը այնքան են լրջության ուղեծրից դուրս եկել, որ երբեմն թվում է, թե մենք բոլորս արդեն խենթացել ենք եւ իմունիտետ ձեռք բերել այս կրկեսին դիմակայելու համար։

Որեւէ լուրջ զարգացում, իրադարձություն, ծանրակշիռ խոսք, ելույթ անհնար է ակնկալել, անլրջությունը խժռել է մեզ։

Հիմա այսօր «բենեֆիսի» հերթը Րաֆֆի Հովհաննիսյանին է, մարդ, ով 2013 թ նախագահական ընտրություններին հասավ իր հեղինակության պիկին՝ ստանալով 539 հազար ձայն կամ ընտրություններին մասնակցած ավելի քան 35 տոկոս քաղաքացիների վստահությունը, իսկ հետո վարպետորեն փչացրեց ամեն ինչ։

Նա չհամաձայնվեց արդյունքների հետ և սկսեց հետընտրական բողոքի ակցիաներ կազմակերպել, որոնք ստացան «Բարևի հեղափոխություն» անվանումը։ Հովհաննիսյանը անժամկետ հացադուլ հայտարարեց, որը տեւեց 20 օր, իսկ նախագահի երդմնակալության օրը՝ ապրիլի 9-ին, մեծ հանրահավաք կազմակերպեց, ցուցարարների հետ փորձեց մոտենալ ՀՀ նախագահի նստավայրին, սակայն ոստիկանական ուժերը թույլ չտվեցին։ «Բարեւի հեղափոխությունը» ավարտվեց Բաղրամյան պողոտա ժամանած ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ Ծիծեռնակաբերդում մոմավառությամբ եւ աղոթքով։ Այս քայլը շատերին հիասթափեցրեց, Րաֆֆի Հովհաննիսյանը չկարողացավ պահպանել եւ ռեալիզացնել իր վստահության քվեն, փոշիացրեց իր ստեղծած կապիտալը, երբեմնի գործող, կայացած «Ժառանգություն» կուսակցությունը, արդյունքում դրանից հետո անգամ պատգամավոր չկարողացավ դառնալ։

Հիմա Րաֆֆի Հովհաննիսյանը ստատուս է գրել եւ Նիկոլ Փաշինյանին հրավիրում է Եռաբլուր՝ հանդիպելու եւ ծնկաչոք աղոթելու, բայց առանց ստատուսների, տեսախցիկների։ Այսքանով առաջարկը չի ավարտվում, նա այլընտրանք է առաջարկում Փաշինյանին, թե բա՝ եթե չուզենաք գալ Եռաբլուր, եկեք բանավեճի՝ հանրային կամ ազատական։ Ի դեպ, այստեղ բացահայտում ենք անում, որ Հովհաննիսյանի համար երկուսի «դոստուպը» փակ է, այսինքն՝ տպավորություն է, որ Հովհաննիսյանը ասելիք ունի, բայց հարթակ չկա՞։

Հետո հաջորդում է գեղեցիկ, բայց ոչինչ չասող մի բառակույտ, թե «համաքաղաքացու վերջին ճիգերն են՝ խղճի հաշտեցում պեղելու, Հայոց պատմագրության աղետաբեր ընթացքը շտկելու, Հայրենիքին, հաջորդ զինվորին սպառնացող բախտորոշ բռնահարվածը շեղելու համար։ Մենք մեզ պետք է հերթափոխենք, թե չէ մեզ են փոխելու, պետությունն էլ՝ հետը», իսկ ահա վերջում բացահայտվում է բուն նպատակը՝ «ավելորդ բաներ չգրեմ, սպասում եմ, կամ էլ՝ ոչ»։

Այսինքն՝ վերեւի գրածը ավելորդ է, աղոթքի եւ բանավեճի հրավերը՝ ձեւական, քանի որ Հովհաննիսյանը ինքն էլ գիտի, որ Փաշինյանը չի էլ գալու, գուցե չիմանա էլ իր խրոխտ ստատուսի մասին, ուստի նախկին նախագահացուն չի էլ սպասում նրան։

Այսինքն՝ Րաֆֆի Հովհաննիսյանը գրել է մի բան գրելու համար, իր մասին մեզ բոլորիս հիշեցնելու համար, սակայն այդ հիշեցնելն էլ երբեմն իր օգտին չէ։ Հիմա, եթե Փաշինյանը աղոթքի հրավերը մերժի, Հովհաննիսյանն էլ հո դրա փորձը լավ ունի, կասեինք՝ հայ քաղաքական աղոթք կերտողներից էր մեր ամենաաստվածավախ նախկին պաշտոնյայի՝ Վլադիմիր Գասպարյանի հետ։

Այնպես որ Հովհաննիսյանը կարող է Փաշինյանի փոխարեն նորից Գասպարյանի հետ գնալ աղոթել, բայց լավ կլինի մինչ այդ բացատրի իր հայտնի «հրավերի» իմաստը, նպատակը․․․կանչում էր աղոթքի, որ ի՞նչ ասի, կամ ինչո՞ւ հենց աղոթքի, կամ մի՞թե աղոթքը կփրկեր մեզ Փաշինյանից, կամ ինչո՞ւ պետք է վարչապետը գնար նրա հետ հանդիպման․․․։

Այս անիմաստ քայլերը, երկար-բարակ տեքստերը, ցավոք, դարձել են մեր օրակարգը՝ պարապ վախտի խաղալիք, որ զբաղեցնում են բոլորիս՝ շեղելով կարեւորից։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
11:02 Երևանում՝ ոստիկանության ակադեմիայի մոտ, BAW-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
12:38 Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում. Armat Media
10:32 Չայնիի ոլորաններում Volkswagen Tuareg-ը մոտ 250 մետր գլորվելով ընկել է ձորը. վարորդը տեղում մահացել է