Երևան +12°
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 13:05 05-07-2022

Ինչպես ընտրվեց ՀՀ Սահմանադրությունը. «Խայտառակության համահայկական օր». Կարեն Հեքիմյան

Եթե այսօր տոն է, ապա այն պետք է կոչել «Խայտառակության համահայկական օր»: Համենայնդեպս, ես ամեն տարի այս օրը «տոնում եմ»՝ անուն առ անուն հիշելով խայտառակության հեղինակներին։

Ուրեմն, «Խայտառակության համահայկական օրը»՝ որպես ազգային տոն, մեր օրացույց մտավ 1995թ․ հուլիսի 5-ին: Այդ օրը սկիզբ դրվեց ընտրակեղծարարությանը, անձնական շահերի համար վարչական ռեսուրսի և թաղային հեղինակությունների կիրառմանն ու ներգրավմանը, այդ օրը Հայաստանում առաջին անգամ ընտրակաշառք բաժանվեց: Ես դա ասում եմ որպես ականատես, վկա և ընտրական գործընթացի անմիջական մասնակից:

Երեւանի Շենգավիթի շրջանում կար թվով 6 ընտրատարածք:

Թիվ 1 ընտրատարածքում իշխանությունը, ի դեմս Ռուբինյան Կարապետի, զանգվածաբար վարչական ռեսուրս էր օգտագործում: Այդ ընտրատարածքում նախապես չէին գրանցել այն թեկնածուներին, որոնք կարող էին ինչ-որ կերպ խանգարել Ռուբինյանի ընտրությանը: Վերջինիս օգտին էին աշխատում թաղային հեղինակությունները՝ Բազարի Կյաժի եղբոր՝ Վաչոյի գլխավորությամբ: Այս ընտրատարածքում եղան լցոնումներ, եւ առաջին անգամ կիրառվեց կարուսելը:

Թիվ 2-րդ ընտրատարածքի նախագահը ես էի, և հետեւաբար ընտրատարածքային հանձնաժողովը, ինչպես նաեւ տեղամասային հանձնաժողովների մեծ մասն իշխանությունների կողմից չէին վերահսկվում: Մեր պարագայում իշխանությունն իր խնդիրները լուծում էր բացառապես Կենտրոնական ընտրական հանձնաժողովի միջոցով, ընտրակաշառքների եւ վարչական ռեսուրսի օգտագործմամբ: Ի սկզբանե, ԿԸՀ-ի միջոցով պայքարից դուրս մղվեց Սուրեն Զոլյանը: Մինչ այժմ աչքիս առաջ է միջին տարիքի մի տղամարդ, ով գրկած Բելինսկու անվան դպրոցում տեղակայված ընտրատեղամաս էր բերել 109 տարեկան տատիին՝ դրա դիմաց ստանալով մի քանի կիլոգրամ բրինձ և մի քանի խոստում: Այդ ընտրատարածքում իրենց խայտառակ կեցվացքով հատկապես աչքի ընկան ԺԷԿ-ի Հրաչը, Հին կրուգի Ռոստոմը եւ ռուս գործիչ Միհրանյան Անդրանիկի եղբայր Կիտայը:

Թիվ 3-րդ ընտրատատարածքը Աշոտ Նավասարդյանինն էր: Նավասարդյանի ընտրարշավը ղեկավարում էր Մարգարյան Անդրանիկը, իսկ ընտրատարածքային հանձնաժողովի նախագահն էր Բեժանյան Նուրիսան: Նավասարդյանի թիմն ի սկզբանե պայքարից դուրս մղեց այդ տարածքում մեծ հեղինակություն վայելող, հայտնի իրավաբան Ստեփան Ծաղիկյանին, ում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը «չորով» չգրանցեց որպես պատգամավորության թեկնածու: Անգամ մնալով առանց լուրջ մրցակիցների՝ Աշոտ Նավասարդյանի թիմը, այնուամենայնիվ, օգտագործեց վարչական ռեսուրս: Արձանագրվեցին նաև լցոնումների դեպքեր:

Թիվ 4 ընտրատարածքում այդ օրերին ամեն ինչ կար: Ե՛վ դանակահարություն, և՛ ընտրակեղծարարություն, և՛ աննախադեպ չափի լցոնումներ, և՛ վարչական ռեսուրսի օգտագործում, և՛ թաղային հեղինակությունների ներգրավվում: Մի խոսքով, ԱՄԵՆ ԻՆՉ: Ես երբեք չեմ մոռանա դանակահարված դաշնակցական Յուրային ( հեռացվեց վերջինիս փայծաղը, այնուհետև նա մահացավ), Համլետին: Դա մոռանալ չի լինի: Այդ ընտրատարածքի իշխանական թեկնածուն Կարամելի Հարութն էր:

5-րդ ընտրատարածքում ևս ծեծ ու ջարդ էր եւ ընտրակեղծարարություն: Այս ընտրատարածքի իշխանական թեկնածուն Բաղդասարյան Արթուրն էր: Այդ ընտրատարածքում որպես պատգամավորության թեկնածու չգրանցեցին հեղինակություն համարվող գող Սքեի քրոջ որդի Աշոտին, ով ընտրվելու մեծ շանս ուներ: Բաղդասարյան Արթուրի եւ նրա ընտրարշավի կազմակերպիչներից Խուրշուդյան Էդմոնի ջանքերով որպես պատգամավորության թեկնածու չգրանցվեցին նաեւ մի շարք այլ ուժեղ թեկնածուներ: Սակայն դա էլ չբավականացրեց Բաղդասարյան Արթուրի անխոչընդոտ ընտրությանը: Վերջինիս ազգական Պիվնոյի Գոքորը սկսեց ուժային գործողություններ իրականացնել: Այդ ընտրատարածքում եղան զանգվածային ահաբեկումներ, ծեծ ու ջարդ, աննախադեպ լցոնումներ, կարուսել, ընտրակաշառք և վարչական ռեսուրսի օգտագործում:

Թիվ 6-րդ ընտրատարածքը համեմատաբար հանգիստ էր: Դա պայմանավորված էր թեկնածուների անձնական հատկանիշներով: Համենայնդեպս ինձ վրա լավ տպավորություն էր թողել իշխանական թեկնածու,ՀՀՇ-ի Գրիգորյան Հրաչը: Այստեղ չկար ծեծ ու ջարդ, չեմ նկատել անգամ ընտրակաշառք: Միայն վարչական ռեսուրսի օգտագործում: Ավելին՝ կար ուժեղ ընդդիմադիր թեկնածու Համլետ Հակոբյանը՝ Չարլին (Աստված հոգին լուսավորի): Մի խոսքով, այս ընտրատարածքում երկրորդ փուլ եղավ, և ի վերջո հաղթեց Գրիգորյան Հրաչը:

Պարզ է, որ ամեն ինչ չեմ պատմել: Աստիճանաբար պատմում եմ: Այսպիսին էր 1995թ․ հուլիսի 5-ը: Այդ օրն աննախադեպ ընտրակեղծարարության, ծեծ ու ջարդի, ահաբեկումների, լցոնումների արդյունքում ունեցանք Սահմանադրություն: Կրկնում եմ՝ այս ամենն ասում եմ որպես ականատես, վկա և անմիջական մասնակից: Այդ օրերին կողքիս էին ԱԺՄ-ն, ԱԻՄ-ը, ՀՅԴ-ն, ՍԻՄ-ը և շատ անհատներ: Շնորհակալություն նրանց:

Ի դեպ, օրինակ՝ թիվ 2 ընտրատարածքի ընտրողների մեծ մասը դեմ էր քվեարկել ՀՀ Սահմանադրությանը: Փաստաթղթերը կնքեցի և ուղարկեցի Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Մի քանի օր անց պարզվեց, որ թիվ 2 ընտրատարածքի ընտրողների մեծամասնությունը կողմ է քվեարկել Սահմանադրությանը:

Հ․Գ. Ամեն տարի սրա մասին եմ գրում: Չեմ հոգնելու:
Հ․Գ. Շնորհավորում եմ «Խայտառակության համահայկական օրվա» առթիվ:

Կարեն Հեքիմյան
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ