Միտք Ներքին 4 տարի առաջ - 09:04 05-07-2022

Ով եկավ իշխանության, իր Սահմանադրությունը գրեց, իսկ այս մեկը պարզապես չի կարդում

Հավանաբար Գինեսի ռեկորդների գրքում պետք է գրանցել ՀՀ Սահմանադրությունը: Այդքան երիտասարդ և այդքան չարչրկված, այդքան խեղված ու այլակերպված, դեմքը կորցրած և մուտացված… կա՞ աշխարհում էլի մի այսպիսի Սահմանադրություն: Եթե Սահմանադրությունը իրավաբանորեն հիմնում և սահմանում է պետությունը, ուրեմն չենք ունեցել կայուն ու հիմնավոր պետություն: Շարունակ հիմքերը խարխլվել են, տարուբերվել, իսկ հիմա ինչո՞ւ ենք դժգոհում, որ այն քանդուքարափ է լինում: Այսօր պետությունն ու պետականությունը կորցնելու վտանգը տրամաբանված է ու պատճառաբանված: Որովհետև իրավաբանորեն հիմնված և սահմանված պետություն չենք ունեցել, անօրինություն է եղել, ավազակություն, հակապետություն:

Ով եկավ իշխանության, իր Սահմանադրությունը գրեց, իսկ այս մեկը պարզապես չի կարդում: Առաջին նախագահն իր ձևով գրեց, երկրորդ նախագահն իր ուզածով փոփոխեց, երրորդ նախագահն իրեն հարմարեցրեց: Իսկ սա՝ վարչապետը, դեռ չի հասցրել Սահմանադրությունը գրել իր սրտով, բայց չի էլ գործում գրածով, չի կարդում, թե ինչ կա այնտեղ: Փոխարենն առաջնորդվում է իր անգիր, բանավոր Սահմանադրությամբ, ինչպես թելադրում է լեզվին ու ձեռքերին:

Սահմանադրությունը թո՞ւյլ է տալիս փողոցում, ոտքի վրա, հանրահավաքի ժամանակ ընդդիմությունից նշանակված նախարարներին հեռացնել աշխատանքից: Թո՞ւյլ է տալիս կառավարությունում ընդդիմության գոնե մեկ ներկայացուցիչ չունենալ, իսկ խորհրդարանում պաշտոններից զրկել ընդդիմադիր գործիչներին: Սահմանադրական դատարանի նախագահին ու դատավորներին ազատել և երկրի ղեկավարին հնազանդ նախագահ ու դատավորներ նշանակել:

Ոչ թե Սահմանադրական դատարանը պետք է լինի վարչապետի բռի մեջ, այլ ճիշտ հակառակը: Արդյո՞ք սա չի նշանակում, որ սահմանադրական ճգնաժամ է երկրում: Իսկ նախագահը՝ Սահմանադրության երաշխավորն ու պահապանը, փորձո՞ւմ է լուծում գտնել ստեղծված ճգնաժամին, թե՞ նա էլ չի կարդում Սահմանադրությունը և առաջնորդվում է իրեն այդ աթոռին հասցրածի բանավոր Սահմանադրությամբ:

Մարդկայնորեն խիղճդ տանջվում է, երբ տեսնում ես երկրիդ Սահմանադրությանն այդպես անտեր ու դուրս, տրորված ու հողին հավասերեցված, ոսկրաջարդ ու մսակոտոր: Ուզում ես գիրկդ առնել, լվանալ ու մաքրել, վիրակապել, որ չարնածորի, վերակենդանացման բաժանմունք տանել, որ վերջնականապես չմեռի:

Եթե Սահմանադրությունը գործեր, երկրում անօրինություն ու թալան չէր լինի, ընտրություններ չէին կեղծվի, ամենաթողությունն ավանդույթ չէր դառնա: Եթե Սահմանադրությունը գործեր, փողոցից իշխանության չէին գա և պետությունն այսպես ոխերիմորեն չէին տապալի:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
11:02 Երևանում՝ ոստիկանության ակադեմիայի մոտ, BAW-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
12:38 Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում. Armat Media