Ուղիղ եթեր
copy image url
Մշակույթ Ներքին 1 տարի առաջ - 21:20 03-07-2022

Տխուր հիշողություն

Գրող Ղազարոս Աղայանը բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ստեղծած Վերնատուն գրական խմբակի մշտական անդամներից էր։ Նրանք շաբաթը մեկ-երկու անգամ հավաքվում էին Թումանյանի տանը՝ իրար տեսնելու, զրուցելու, ընթերցելու ու քննարկելու համաշխարհային գրականության դասական և նոր հեղինակների գործերը, ինչպես նաև միմյանց ներկայացնելու իրենց նոր գրվածքները։

Սակայն, սրանով չէր սահմանափակվում Աղայանի և Թումանյանի հարաբերությունները։ Նրանց հավատարիմ ընկերության, հոգևոր մտերմության և համախոհության մասին բազմաթիվ հուշեր են գրել և՛ իրենք, և՛ իրենց ժամանակակիցները։

Այս ընկերության մասին բանաստեղծ Ավետիք Իսահակյանը պատմում է.

«Թումանյանի մոտ ծանոթացա Ղազարոս Աղայանի հետ, որ գալիս էր հայրական գյուղից, ուր նա ապրում էր այդ ժամանակ: Հաստ պալտո հագած, վալենկաներով, կալոշներով, գյուղից` ուղղակի Օհաննեսի մոտ: Նրանք ջերմաջերմ գրկախառնվեցին, համբուրվեցին, կարծես երջանկացան իրար տեսնելով: Շատ նման էին նրանք իրար. երկուսն էլ միևնույն ատաղձից, հայ ժողովրդի նյութից կերտած և միևնույն ոճով ձևավորված: Նաև մեծ մտերմություն տեսա նրանց միջև, իսկ հետագա տարիներում համոզվեցի, որ ամբողջ աշխարհում նրանք իրար ամենամոտ մարդիկ են: Օհաննեսը նրան կոչում էր «Ասլան ապեր», նա էլ Օհաննեսին` «Ասլան բալասի». հետո, երկուսով ծիծաղելով, ասում էին. «Էլ ո՜վ կարող է մեզ հաղթել»»:

Հետաքրքիր է, որ այս երկու գրական հսկաները միմյանց զգում էին, անհանգստանում ու կանխազգում մեկը մյուսի դժբախտությունը, հիվանդությունը, ձախողումն ու, նույնիսկ, մահը։

Այս մասին Նվարդ Թումանյանն իր հուշերում գրում է.
«Երեկոյան Շիրվանզադեն, Դեմիրճյանը, իրավաբան Ալ. Պապովյանը հայրիկի սենյակում հավաքված նախազգացումներից էին խոսում:
Հայրիկն իր կյանքից դեպքեր հիշեց եւ սկսեց պատմել.
«Առհասարակ Աղայանի կյանքի լավ ու վատ պայմաններն զգում էի, նա էլ իմս էր տեսնում, նախազգում:
1906-ին, երբ Բեթհուբյան փողոցում էի ապրում՝ Վերնատանը, մի գիշեր ինձ շատ վատ զգացի… ամբողջ գիշերը չքնեցի…
Առավոտը վաղ, դեռ լույսը չծագած, մեր զանգը տալիս են. կինս դուռը բաց է անում, տեսնում է՝ Աղայանը. սա թե «Օհանեսը տա՞նն է, լա՞վ է»: Կինս թե՝ «հա՛»: «Դե՛ լավ,»,-ասում է ու գնում: Հետո իմացա, որ գիշերը ինձ պատկերացրել է տանջվելիս, ճիշտ էնպես, ինչպես եղել եմ»:


Հենց նույն կերպ, Թումանյանը կանխազգացել էր Ղազարոս Աղայանի մահը, որի մասին պատմել է իր «Տխուր հիշողություն» հոդվածում.

«Մի տոթ առավոտ էր։ Ժամը 9-ից նոր էր անցել։
Նստած էի գրասեղանի առաջ ու միտք էի անում։
Այս խաղաղ մտորման ժամին հանկարծ առաջս փայլատակեց մի պատկեր, մի կենդանի ու զարհուրելի պատկեր… Ղազարոսն առջևս գետին տապալվեց… մեռավ…
Այս պատկերը կայծակի արագությամբ, ավելի վառ, քան իրականությունը, եկավ ու անցավ մի անսպասելի ծանր հարվածի պես և այնպես տակն ու վրա արավ, որ ցավի ու շփոթության մեջ սկսեցի մոտիկ բարեկամների անունները որոնել, թե ո՞րտեղ են, որ հեռագրենք… Մի կերպ աշխատեցի ինձ հաղթանակել, հուզմունքս զսպել, վեր կացա, սկսեցի սենյակումս շրջել, բայց չէի կարողանում ինձ տիրել։ Այս ժամանակ ներս է մտնում կինս ու տեսնելով ինձ այդ դրության մեջ, զարմացած հարցնում է՝ թե ի՞նչ է պատահել։ Պատմում եմ, թե այս տեսակ մի հիմար բան է մտել գլուխս ու չեմ կարողանում ազատվեմ։ Նա ծիծաղում է վրես ու հանդիմանում։ Սկսում է խոսել ուրիշ բանից։ Հենց այս խոսակցության միջոցին փողոցից ներս է ընկնում գունաթափ որդիս…
― Պապեն ընկավ…
― Ո՞րտեղ…
― Փողոցում…
― Ի՞նչպես թե ընկավ…
― Ուշաթափվեց… տարան տուն… բժիշկները ետևից են վազում…
Վազում եմ։ Նրա տան մոտ եմ… Հեռվից մեր բարեկամներից մինը ձեռքով դեմս նշան է անում օդի մեջ ու ձայն է տալի.
― Վերջացա՜վ…
Վազում եմ… Մի երկու րոպեից աչքիս առջևն էր նրա վիթխարի դիակը, իսկ ականջումս կանչում էր մեր բարեկամի գուժկան ձայնը.
― Վերջացա՜վ…
Այո՛, վերջացավ։ Հավիտյան վերջացավ։ Եվ ինչքա՜ն բան վերջացավ ինձ համար… որովհետև ինչքան էլ սիրելի լիներ նա որպես գործիչ, հազար անգամ թանկ էր ինձ համար որպես ընկեր։ Եվ ինչքան էլ շնորհալի լիներ որպես ստեղծագործող, անհամեմատ ավելի բարձր էր որպես ստեղծագործություն։ Աստծո հազվադեպ ու պայծառ ստեղծագործություններից մինն էր նա...»։

Կանխազգացումը, ինտուիցիան, հեռազգացողությունը, կանխատեսումը, ներքին ձայնն ու ներքին լսողությունը հատուկ են զգացմունքային և հուզական մարդկանց։ Պատահական չէ, որ մեր գրականության երկու մեծ անուններն օժտված են եղել այս բարդ զգացողությամբ և մարգարեական ունակությամբ։ Նրանք կանխազգացել են միմյանց սպասվող վտանգը, հիվանդությունն ու մահը և միևնույն ժամանակ տառապել այն մտքից, որ չեն կարողացել կանխարգելել, փոխել կամ շեղել վատ կանխատեսումների ընթացքը։

Այսօր Ղազարոս Աղայանի հիշատակի օրն է։



Ամենից շատ դիտված

21:16 Կենդանիները քնեցվում են «լեշմանիոզ» հիվանդության անվան տակ. կենդանասեր
08:10 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․ Հրապարակ
20:44 Գյուղապետների որդիները չեն մասնակցում վարժական հավաքներին․ արմավիրցի տղաները դժգոհում են
08:53 Lավ գիտեի, որ «լուծարման» փաստաթուղթը անօրինական է, բայց դա միակ ձևն էր՝ փրկելու իմ հայրենակիցներին
14:40 Շատ գոհ ենք, որ բոլոր ծառերը կտրել են. հարցում՝ 3-րդ մասում
08:17 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար»-ը մեկնաբանելու համար․ Հրապարակ
00:30 Ադրբեջանցիները անարգել գալիս են մեր գյուղ՝ իրենց հարազատների գերեզմաններին այցի. Բյուրակնի բնակիչ
23:30 Հայաստանն իր պաշտպանությունը չի հոգացել ո՛չ նախկինում, ո՛չ հիմա. նախկին ԱԱԾ-ականների հայտարարության առթիվ
09:00 Աղքատներն են ընտրում Փաշինյանին, բայց երկիրը վայելում են հարուստները
23:47 Սպասում ենք ԱԺ արտահերթ ընտրություններին. Շմայսի եղբայրը կուսակցություն է հիմնել